Ավանդույթի համաձայն, ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար հարցում անցկացրեց լրատվամիջոցների, բարձրագույն խմբի ակումբների նախագահների, թիմերի մարզիչների եւ մարզչական շտաբների, առաջնության հանդիպումները սպասարկած մրցավարների եւ տեսուչների միջեւ: Ընդ որում, ակումբների ներկայացուցիչներն իրավունք չունեին իրենց թիմերի ֆուտբոլիստներին նշել հարցաթերթիկներում:
Այս տարի հարցմանը մասնակցել են բարձրագույն խմբի 7 ակումբների («Արարատը» հրաժարվել էր մասնակցությունից) 21 ներկայացուցիչներ, 5 տեսուչներ, 18 մրցավարներ եւ 24 լրագրողներ: Հարցման 68 մասնակիցներն իրենց հարցաթերթիկներում ընդհանուր առմամբ նշել են 5 թիմերի 17 ֆուտբոլիստների ազգանուններ: Հարցաթերթիկներում առաջինը նշված ֆուտբոլիստին տրվում էր 5 միավոր, 2-րդինՙ 3, 3-րդինՙ 1 միավոր:
Հարցման արդյունքներով 2008-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ՀՀ հավաքականի եւ «Փյունիկի» ավագ, 36-ամյա Սարգիս Հովսեփյանը: Նա վաստակել է 162 միավոր: Հովսեփյանի ազգանունը 22 հարցաթերթիկում նշվել է առաջինը, 15-ումՙ 2-րդը, 7-ումՙ 3-րդը: Հովսեփյանը դարձավ լավագույն խաղացողի մրցանակին արժանացած ամենատարեց ֆուտբոլիստը (ամենաերիտասարդը Էդգար Մանուչարյանն է, որը 2004-ին 17 տարեկանում է լավագույնը ճանաչվել): «Փյունիկի» ավագը 3-րդ անգամ է ճանաչվում Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Նա Հայաստանի անդրանիկ առաջնության (1992-ին) լավագույն ֆուտբոլիստն է եղել: Երկրորդ անգամ Հովսեփյանին լավագույնն են ճանաչել 1995-ին: Եվ ահա 13 տարի անց 36-ամյա ֆուտբոլիստը կրկին արժանանում է լավագույնի տիտղոսին:
Սարգիս Հովսեփյանն իրոք արժանի է նման բարձր գնահատականի: Չնայած իր պատկառելի տարիքին, Սարգիսը թե՛ հավաքականում, թե՛ «Փյունիկում» իր բարձր վարպետությամբ, աշխատասիրությամբ ու պրոֆեսիոնալիզմով առանձնանում էր մյուսներից: 36-ամյա փորձառու ֆուտբոլիստը կարծես երկրորդ երիտասարդությունն է ապրում: Նա ոչ միայն հուսալիորեն է գործում պաշտպանությունում, այլեւ հաճախակի մասնակցում է թիմի գրոհներինՙ զարգացնելով իր տարիքի համեմատ բավական բարձր արագություն: Մրցաշրջան-2008-ը Սարգսի համար հատկանշական էր նաեւ նրանով, որ նա դարձավ Հայաստանի ազգային հավաքականում 100 խաղ անցկացրած առաջին ֆուտբոլիստըՙ հոբելյանը նշելով Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի հետ ընտրական մրցախաղում:
Լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում իր անվանի թիմակցին ընդամենը մեկ միավոր զիջեց Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս իր տեխնիկական վարպետությամբ, ագրեսիվ խաղով աչքի ընկավ ոչ միայն «Փյունիկում», այլեւ Հայաստանի երիտասարդական հավաքականում: Եվ հենց Մխիթարյանի խփած գոլի շնորհիվ մեր երիտասարդական հավաքականը «Հրազդան» մարզադաշտում հաղթեց Թուրքիայի իր հասակակիցներին: Մխիթարյանին լավագույնն են ճանաչել 68 մասնակիցներից 24-ը, ինչը 2-ով գերազանցում է Հովսեփյանի ցուցանիշը: 8 հարցաթերթիկներում նրա ազգանունը նշվել է 2-րդը, 17-ումՙ 3-րդը:
Լավագույն եռյակը եզրափակել է Երեւանի «Արարատի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վահագն Մինասյանըՙ 112 միավոր: 8 հոգի նրան նշել են 1-ին տեղում, 18-ական անգամ էլ Մինասյանի ազգանունը հայտնվել է 2-րդ եւ 3-րդ տեղերում: Վահագն Մինասյանն իրոք իրեն լավ դրսեւորեց ընթացիկ մրցաշրջանում: Նա հավասարապես հաջող հանդես եկավ թե՛ պաշտպանությունում, թե՛ կիսապաշտպանությունում: Մինասյանն այն եզակի ֆուտբոլիստներից է, ով հիանալի տիրապետում է գլխով խաղին: Նշենք, որ ընտրական մրցախաղերում ՀՀ հավաքականի խփած միակ գոլի հեղինակը հենց Վահագն Մինասյանն է:
Առաջնության լավագույն ռմբարկու, բրազիլացի Մարկոսը 71 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաեւ փյունիկցի Արթուր Եդիգարյանըՙ 47 միավոր, արարատցիներ Հրայր Մկոյանըՙ 19 եւ Ռենատոնՙ 11, գանձասարցի Ալեքսանդր Պետրոսյանըՙ 7, փյունիկցի Գեւորգ Ղազարյանըՙ 6 եւ «Բանանցի» հարձակվող Արսեն Բալաբեկյանըՙ 4: Մյուս ֆուտբոլիստների ցուցանիշներն այսպիսին են. Կարեն Դոխոյան («Փյունիկ»), Էնրիկե Ջեֆերսոն («Արարատ»)ՙ 3-ական միավոր, Գեւորգ Կասպարով («Ուլիս»)ՙ 2, Բենիամին Մանուչարյան, Կոնստանտին Բիրսան (երկուսն էլՙ «Գանձասար»), Գրիգոր Մելիքսեթյան, Ալբերտ Թադեւոսյան (երկուսն էլՙ «Փյունիկ»)ՙ մեկական միավոր:
Լավագույն ֆուտբոլիստի որոշման համար հարցումն այս տարի 17-րդ անգամ անցկացվեց: Մինչ օրս լավագույնի տիտղոսին են արժանացել 6 թիմերի 13 ֆուտբոլիստներ: Առավել հաճախՙ 8 անգամ տարվա դափնեկիր են դարձել «Փյունիկի» ֆուտբոլիստները: Ահա թե ովքեր են արժանացել Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին:
1992 | Սարգիս Հովսեփյան | ՀՄԸՄ |
1993 | Արմեն Շահգելդյան | «Արարատ» |
1994 | Արսեն Ավետիսյան | ՀՄԸՄ |
1995 | Սարգիս Հովսեփյան | «Փյունիկ» |
1996 | Արթուր Պետրոսյան | «Շիրակ» |
1997 | Հարություն Վարդանյան | «Շիրակ» |
1998 | Արթուր Ոսկանյան | «Ցեմենտ» |
1999 | Հարություն Աբրահամյան | «Արարատ» |
2000 | Արթուր Պետրոսյան | «Շիրակ» |
2001 | Վարդան Մինասյան | «Փյունիկ» |
2002 | Արման Քարամյան | «Փյունիկ» |
2003 | Արա Հակոբյան | «Բանանց» |
2004 | Էդգար Մանուչարյան | «Փյունիկ» |
2005 | Արամ Հակոբյան | «Բանանց» |
2006 | Արմեն Շահգելդյան | «Միկա» |
2007 | Լեւոն Փաչաջյան | «Փյունիկ» |
2008 | Սարգիս Հովսեփյան | «Փյունիկ» |