ԵԽԽՎ նստաշրջանին ու Հայաստանի հնարավոր ձայնազրկությանը մնացել է երկու շաբաթ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնախմբում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ջորջ Կոլոմբիեն վաղը կլինեն Երեւանում` ծանոթանալու իրավիճակին: Դրա արձագանքները, թերեւս ոչ հաճելի ձեւով, ու որ ցավալի կլինի, ոչ հաճելի ձեւակերպմամբ, հավանական է, որ կլսենք արդեն հունվարի 25-30-ին, երբ Ստրասբուրգում ԵԽԽՎ-ն իր հերթական նստաշրջանի օրակարգում կքննարկի ու կքվեարկի Հայաստանի կողմից իր ընդունած բանաձեւերի կատարումը:
Ըստ էության, Պրեսկոտի եւ Կոլոմբիեի այցելության արդյունքում տրվելիք գնահատականը որոշիչ կարող է լինել ԵԽԽՎ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցում, ինչը սպառնում է Հայաստանին ամենաուղղակի կերպով:
Դեռեւս դեկտեմբերի 17-ին, երբ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը Փարիզում քննարկել է Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու բանաձեւի նախագիծ, արդեն հստակ էր, որ համազեկուցողները կայցելեն Հայաստան:
Նույն այդ ժամանակահատվածում արագ արձագանքման տարբերակով Հայաստանի արտգործնախարար Էդ. Նալբանդյանի հայտարարության մեջ հնչեց հուսադրում, թե մինչեւ հունվարյան նստաշրջան Հայաստանում «կարծես հունվար ամսին միգուցե կլինեն այնպիսի զարգացումներ, որոնք հնարավորություն կտան այդ առաջարկը (ձայնի իրավունքից Հայաստանին զրկելու մասին-Ա.Հ.) վերանայել եւ հաստատել, որ իսկապես Հայաստանը, եւ դա ճշմարտություն է, իրականացրել է 1609 եւ 1620 բանաձեւերի համարյա թե մեծամասն առաջարկությունները ու հաստատել, որ Հայաստանը կատարել է ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների ու առաջարկների մեծամասնությունը»:
«ԵԽԽՎ մոնիտորինգի խումբը Փարիզում նիստ է անցկացրել, որոշ առաջարկություններ են արել ոչ բարենպաստ Հայաստանի համար, բայց ասեմ, որ դա աշխատանքային գործընթաց է», հայտարարության տեսքով Էդուարդ Նալբանդյանի խոսքի լավատեսությունը նաեւ այսպես էր արտահայտվում: Նախարարի խոսքով, մոտ 8 տասնյակից ավելի անդամներից այդ նիստին ներկա են եղել մոտ 15 հոգի, «մոտ 10 հոգի քվեարկել են կողմ, բայց բուն հարցը դրվելու է խորհրդարանական վեհաժողովի նիստի քվեարկությանՙ հունվար ամսին»:
«Եվ մեր դիրքորոշումը կամ մոտեցումն այն է, որ շարունակենք բարեփոխումները, շարունակենք այս գործընթացը, որովհետեւ դա համապատասխանում է մեր ժողովրդի շահերին եւ դա գիտակցված մեր որոշումն է, այլ ոչ թե, որ մեկը մեզ խորհուրդ է տալիս այսպես անենք, թե այնպես անենք: Իհարկե, մենք հարգում ենք այն կառույցները, որոնց անդամակցում ենք, հարգում ենք այդ կազմակերպությունների հանդեպ մեր պարտավորությունները, եւ կարծում եմ այդ պարտավորությունները մենք իրականացնում ենք եւ շարունակելու ենք իրականացնել», այսպիսին էր Նալբանդյանի հայտարարության ավարտը:
Այս ամենի ֆոնին, քանի որ մոնիտորինգի հանձնաժողովի դժգոհության հիմնական թեմա է ներկայացվում, այսպես կոչված, «7-ի գործը», ապա պարզ ու հասկանալի է, թե ինչով է պայմանավորված յուրօրինակ արտիստիզմի փայլատակումներով ընթացող նույն այդ գործի դատական քննությունը: Այդ գործի շրջանակներում ամբաստանյալները մեղադրվում են պետական հեղաշրջման եւ զանգվածային անկարգությունների կամզակերպման մեջ: ԵԽԽՎ համապատասխան կառույցների ու ներկայացուցիչների մոտեցմամբ, այս գործով ամբաստանյալների գործը կկարճվի կամ ներման որոշում կկայացվի:
«7-ի գործով» հունվարի 9-ի դատական նիստում գործով մեղադրվողները դատավորի ներս գալուց ոտքի չեն կանգնել, իսկ որոշակի հայտարարություններից հետո նրանցից մի քանիսը սկսվել են երգել, դատավորն էլ դատական նիստը հետաձգել է մինչեւ այսօր: Բնական է, դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դեպքում դատավորը չի կարող շարունակել դատական նիստը, մյուս կողմից էլ` հասկանալի ու հրատապ է, որ այս գործով պետք է որոշակիություն ստեղծվի մինչեւ հունվարի 25-ը:
Ընդ որում, ցայսօր «քաղբանտարկյալ» հասկացության կիրառման անհրաժեշտությունը չտեսնող կամ այդ հասկացության կիրառումից խուսափող Եվրոպայի խորհուրդը վաղը կարող է հենց այդ բառով բնութագրել այն, ինչ այսօր կոչվում է «7-ի գործ»: Ավելին, գործի «վերանվանումը» կարող է տարածվել նաեւ այլ հարցերի վրա, որոնց կատարումը Հայաստանի կողմից դեռեւս թերացումների տիրույթում է:
Հունվարյան առաջին անդրադարձը ԵԽԽՎ-ում տեղի ունենալիք քննարկմանը եղել է երեկ, «Նովոստի-Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում, որտեղ բնականաբար իր լավատեսությունն է ներկայացրել ՀՀԿ-ական պատգամավոր, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թեեւ ավելի ծանրակշիռ կլիներ կուսակցության դիրքորոշումն ու մոտեցումները ներկայացներ այլ ներկայացուցիչ, բայց եւ այնպես, Շարմազանովի խոսքերով, Հայաստանին ձայնի իրավունքից «զրկելու լուրջ հիմքեր չկան»:
Իսկ չզրկելու հիմքեր, ըստ Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակի, կան, քանի որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկրում «ստեղծել է դրական քաղաքական իրավիճակ, լուրջ բարեփոխումներ են իրականացվել եւ ընթացքի մեջ են մամուլի մասին օրենքի, մաքսային, հարկային, իրավական ոլորտների բարելավումները»:
Հետաքրքրական է, որ ըստ Շարմազանովի, ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հետեւանքները «շատ ծանր չեն լինի, բայց անհետեւանք էլ չեն լինի»: Ու թեեւ այդ հեռանկարը, անգամ Շարմազանովի կարծիքով, ցանկալի չէ, մնում է հուսալ, որ իսկապես Հայաստանը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում չի զրկվի ձայնի իրավունքից, քանի որ ձայնի իրավունքից օգտվող հայաստանյան ներկայացուցիչների պարագայում էլ առանձնակի հաջողություններ չենք գրանցել, ուր մնաց ձայնազուրկ վիճակում գործունեություն ծավալենք...
Եվ, քանի որ թերացման իրենց բաժինն էլ ունենք նրանք, ովքեր ներկայացրել են Հայաստանը ԵԽԽՎ-ում, թերեւս հարց կառաջանա նաեւ նրանց հետագա պաշտոնավարման, չնայած հանուն արդարության պետք է ընդունել, որ հայաստանյան պատվիրակության անդամները բնավ էլ ոչ նախանձելի վիճակում են եղել այսքան ժամանակ ու չեն լինի հունվարի վերջին:
Մյուս կողմից, Հայաստանի պատվիրակության լիազորությունների կասեցումը թերեւս ապացուցի, որ ԵԽԽՎ-ն էլ, մյուս եվրոկառույցների նման, չի խորշում կիրառել ու բացատրել նույն ստանդարտների տարբեր վարիացիաներ, հատկապես որ ԵԽԽՎ-ում ձայնազուրկ Հայաստանը ժողովրդավարության ուղին չի անցնելու առաջանցիկ տեմպերով, այլ նույն ուղեծրում ու արագությամբ, որտեղ էր մինչ այդ:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ