Աշխարհի 90 երկրներում 700 միջոցառում
«Մեր նախագահությունը սկսվեց առավել ինտենսիվ, քան սպասում էինք, իր առջեւ ունենալով երկու կարեւոր խնդիրՙ գազը եւ Գազան», այսպիսի գնահատական տվեց Եվրոպական միությունում Չեխիայի վեցամսյա նախագահության սկզբնարշավին Չեխիայի վարչապետ Միրեկ Տոպոլանեկը: Հունվարի 7-ին Պրահայի Ազգային թատրոնի շենքում եվրոհանձնակատարների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր երեկոյի ընթացքում խորհրդանշական սկիզբը դրվեց երկար սպասված նախագահության: Ֆրանսիայի եվրոպական գործերով պետական քարտուղար Բրունա Լե Մայրեան խորհրդանշական ԵՄ փոքրիկ դրոշակը հանձնեց Չեխիայի եվրոպական գործերով փոխվարչապետ Ալեքսանդր Վոնդրային: Հանդիսավոր երեկոյի բեմադրիչներն էին Ֆորման եղբայրները: Չեխիայի ղեկավարությունից հանդիսությանը ներկա էին միայն վարչապետը, արտգործնախարարը, նախկին նախագահ Հավելը, բայց ոչ ներկա նախագահ Վացլավ Կլաուսը: Վերջինս նույնիսկ չի թույլատրել, որ Եվրոմիության դրոշը ծածանվի նախագահական պալատի տանիքում: «Եվրոհոռետես Կլաուսը», ինչպես չեխական ու եվրոպական մամուլն է բնորոշել նրան, համարվում է Լիսաբոնյան պայմանագրի ամենաակտիվ հակառակորդներից մեկը: Ինչպես հայտնի է, Չեխիան դեռեւս չի վավերացրել այդ պայմանագիրը: Եվ եթե հանդիսավոր երեկոյի ընթացքում թատրոնի շենքի դիմաց ցույցի էին դուրս եկել հակաեվրոպական գաղափարներով տոգորված ազգայնական կուսակցության ներկայացուցիչները, ապա նախագահական պալատի մոտ «Գրինփիսի» ակտիվիստները ծածանում էին Եվրոմիության դրոշները: Ու թեեւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Խոսե Բարոզոյի հետ համատեղ ասուլիսում Չեխիայի նախագահը հույս հայտնեց, որ առաջիկա վեց ամիսներին իրեն կհաջողվի պարոն Բարոզոյին համոզել իր հայացքների ճշմարտացիության մեջ, ամեն դեպքում Եվրոհանձնաժողովի նախագահը չընկճվեց եւ հայտարարեց, որ ինքը թեեւ ծնված դեմոկրատ է, բայց եթե երկիրը ստորագրել է պայմանագիրը, ապա պարտավոր է նաեւ վավերացնել: Չեխիայի նախագահի հիմնական մտավախությունն այն է, որ այդ պայմանագրով իր երկիրը կորցնում է ինքնիշխանությունը:
Ավելի բարդ իրավիճակում է հայտնվել վարչապետ Տոպոլանեկը: Նա ոչ միայն պետք է ղեկավարի ԵՄ նախագահությունը, այլեւ լուծի ներկառավարական ճգնաժամըՙ հասունացած նախարարական փոփոխություններով հանդերձ: Բայց այսօր վարչապետն այս խնդիրն արդեն համարում է այնքան երկրորդական եւ դրան հատկացնում է քսանութերորդ տեղը, քանի որ իբրեւ ԵՄ նախագահող երկիր, Չեխիան օպերատիվ կարգով պետք է լուծի ռուս-ուկրաինական գազի խնդիրը, ինչպես նաեւ նպաստի իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը: Ու թեեւ դեռ հունվարի առաջին օրերին վարչապետը լրագրողներին ծանոթացնում էր Չեխիայի նախագահության երեք կարեւոր խնդիրներինՙ էկոնոմիկա, էներգետիկա եւ Եվրոպան աշխարհին ներկայացնելը, ապա մի քանի օր անց Եվրոպան պատած ցրտաշունչ ձմեռը եւ ռուսական գազի մատակարարումների դադարեցումը ստիպեցին արագ բանակցություններ սկսել Մոսկվայի եւ Կիեւի հետ գազամատակարարումները վերականգնելու նպատակով: Տոպոլանեկի կայծակնային այցերն ու բանակցությունները տվեցին արդյունք, կողմերը ստորագրեցին գազի տարանցիկ փոխադրման համաձայնագիրը: Ամեն դեպքում վարչապետ Տոպոլանեկն արդեն արժանացավ Խոսե Բարոզոյի շնորհակալական խոսքին: Չեխիայի վարչապետի ղեկավարությամբ արդեն իսկ նախաձեռնել են այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների մասին ԵՄ նախարարների քննարկում, հատկապես «Նաբուկո» ծրագրի իրականացման համար: Ի դեպ, մայիսին Պրահայում տեղի կունենա նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի քննարկումը, որին Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի ու Ադրբեջանի հետ մեկտեղ կմասնակցի նաեւ Հայաստանը:
Հաջորդ խնդիրըՙ իսրայելա-պաղեստինյան հակամարտության նոր ուժգնացումն է, որը եվրոպական մայրաքաղաքների հրապարակներ է բերել բազմաթիվ ցուցարարների: Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգի դիվանագիտական առաջին այցը տարածաշրջան որեւէ արդյունք չտվեց, չեխական մամուլն այն անվանեց «վատ նախապատրաստված այց», թեեւ վարչապետ Տոպոլանեկի կարծիքովՙ ձախողված համարել չի կարելի եւ այցն ունեցավ իր նշանակությունըՙ վերջապես բացվեց մարդասիրական միջանցքը: Վարչապետն ամենօրյա կապի մեջ է Գերմանիայի կանցլերի եւ Ֆրանսիայի նախագահի հետ, խորհրդակցում եւ համաձայնեցնում են իրենց գործողությունները: Անգելա Մերկելի հետ նույնիսկ բջջային հեռախոսներով նամակներ են փոխանակում: Իսկ քանի դեռ պաղեստինյան Գազայի ռմբակոծումները չեն դադարել, Պրահայում շարունակվում են Իսրայելի դեմ ու կողմ ցույցերը:
Չեխիան կներկայացնի իր մշակույթը
«Եվրոպաՙ առանց սահմանների» կարգախոսով Չեխիայի նախագահության վեց ամիսների ընթացքում տեղի կունենան մոտ 700 մշակութային միջոցառումներ, որոնք կանցկացվեն ոչ միայն Չեխիայում, ԵՄ երկրներում, այլեւ աշխարհի մոտ 90 երկրներում, որտեղ կան Չեխիայի դեսպանություններ կամ մշակույթի տներ: Այս մասին լրագրողներին տեղեկացրեցին ԵՄ հարցերով փոխվարչապետ Ալեքսանդր Վոնդրան, մշակույթի նախարար Վացլավ Եհլիչկան եւ փոխարտգործնախարար Հելենա Բամբասովան: Միջոցառումների շարքում կլինեն համերգներ, ցուցահանդեսներ, փառատոներ, այլեւայլ ակցիաներ: Արդեն իսկ թողարկվել է հատուկ դրոշմանիշ, արտադրվել են հուշանվերներՙ փողկապներ, կրծքանշաններ:
Ալեքսանդր Վոնդրան նաեւ հայտնեց, որ միայն Չեխիայի նախագահության քարոզչական աշխատանքների համար արտգործնախարարությանը հատկացվել է 60 միլիոն կրոն, 22.5 միլիոն կրոն ստացել է եվրոպական հարցերով փոխվարչապետի գրասենյակը, իսկ մշակույթի նախարարն առայժմ որեւէ թիվ դժվարացավ նշել: Հայտնի է միայն, որ մշակույթի նախարարությունը ստացել է երկրի բյուջեի 0.76 տոկոսը: Լրագրողներին ներկայացվեց նաեւ մշակութային ձեռնարկների առիթով տպագրված պատկերագիրքը: Վոնդրան ընդգծեց, որ ԵՄ-ում նախագահությունը լավ առիթ է, որ ամբողջ աշխարհով քարոզեն չեխական մշակույթը, ներկայացվի Չեխիայի Հանրապետությունը: Միջոցառումների ընտրության հարցում կարեւոր դեր են խաղացել չորս գործոնՙ «Եվրոպաՙ առանց սահմանների» կարգախոսը, «երկաթե վարագույրի» անկման 20-ամյակը, Չեխիայի Եվրոմիության անդամակցության հնգամյակը եւ 2009 ստեղծարարության ու նորարարության տարի հռչակումը: Եվ որպեսզի ցրվեն լրագրողների մտավախությունները, թե արդյոք Չեխիան կկարողանա՞ բարձր մակարդակով իրականացնել ԵՄ նախագահությունը, փոխվարչապետը շեշտեց, որ իրենք արդեն իսկ ակտիվորեն գործի են անցել եւ վայելում են ԵՄ անդամ բոլոր պետությունների աջակցությունը: Դրա վկայությունն է նաեւ հունվարի 7-ին Պրահայում տեղի ունեցած Չեխիայի կառավարության 18 անդամների եւ ԵՄ 27 հանձնակատարների ջերմ հանդիպումը:
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա