«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2008-12-26 | #242, 2008-12-27 | #1, 2009-01-13


ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԷԼ ԱՄՓՈՓԵՑ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ Հովհ. Թումանյանի անվ. տուն-թանգարանում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ամփոփեց անցած տարվա գործունեությունը ու անդրադարձավ մշակույթին ոչ թե որպես պետբյուջեի տող, այլ որպես զարգացման երկարաժամկետ ռեսուրս, ներկայացնելով թե ինչպե՞ս են դիտարկում մշակույթը եւ ի՞նչ են անում այդ ուղղությամբ: Լրագրողներին տրամադրված 13 էջից բաղկացած ամփոփագրում մանրամասն ներկայացված է նախարարության գործունեությունը բոլոր բնագավառների ու ճյուղերի մասին: Նախարարը նշեց. «Մշակույթի նախարարությունը ինքը ստեղծագործող եւ միջոցառումների կազմակերպող կառույց չէ եւ չպետք է շփոթել ու շեղվել»:

Անդրադառնալով հինգ հիմնական ուղղություններին, որոնք կազմում են ներկա գործառույթներըՙ գեղարվեստական կրթություն եւ գեղագիտական դաստիարակություն, մշակութային ժառանգության կադրերի նախապատրաստում, մշակութային կազմակերպություններին նյութատեխնիկական բազայով ապահովում, արվեստի եւ մշակույթի գործիչների համար պայմաններՙ արտերկրում ներկայանալու եւ բնակչության համար տեղեկատվական ֆոնդի մշակում, նախարարը նշեց, որ դեռ հարցերի հարց է մնում լեզվի խնդիրը, որով լուրջ մտահոգված են ու մշակվում են համապատասխան ծրագրեր: Ուրախալի փաստ որպես ընդգծեց, որ մշակութային օջախներին հովանավորողների թիվը կտրուկ շատացել է, որը մեծ աջակցություն է: Հաջորդ գնահատելի փաստը, որ նշեց նախարարը. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում կայացած կլոր սեղան քննարկումներն էին, որոնց ընթացքում արդեն ստեղծվել են համահայկական առաջին ֆիլմի եւ թատրոնի ստեղծագործական խմբերը ու տարվա ընթացքում դրանք ավարտին կհասնեն»:

Հանդիպման ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության հատուկ շնորհակալագրեր հանձնվեցին 9 կազմակերպությունների ու անհատների, որոնք 2008-ին իրականացրել էին հետաքրքրական ծրագրեր:

Նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նախարարությունը 2009-ի հունվար-ապրիլ ամիսներին մշակութային իրադարձություններ լուսաբանող լրագրողների եւ ԶԼՄ-ների համար հայտարարում է մրցույթՙ լավագույն հոդվածների, հաղորդաշարերի համար: Մրցույթի տվյալները կամփոփվեն մայիսի 3-ինՙ մամուլի ազատության օրը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4