«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2008-12-26 | #242, 2008-12-27 | #1, 2009-01-13


ԷՋՄԻԱԾՆՈՒՄ` 13 ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ

Այժմ ինֆեկցիոն բաժանմունքում բուժում են ստանում 5-ը

Թունավորման առաջին ահազանգը Էջմիածնում գրանցվեց հունվարի 2-ին: Հունվարի 4-ից սկսվեց մարդկանց մեծ հոսքը հիվանդանոց` թունավորման եւ սուրաղիքային ինֆեկցիայի ախտանշաններով: Քննության ընթացքում պարզվեց, որ վթար է տեղի ունեցել, Էջմիածնի Թումանյան, Հակոբյան եւ Ղարիբջանյան փողոցներում խմելու եւ կոյուղու ջրերը խառնվել են: Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Մելսիդա Չիլինգարյանը «Ազգի» հետ զրույցում վստահեցրեց, որ առաջին ահազանգից հետո քաղաքի բուժանձնակազմն ամեն ինչ արել է վարակը կանխելու եւ թունավորվածներին անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու համար: «Բազմաթիվ հիվանդների օգնություն են ցույց տվել հենց տանը, ապահովել անհրաժեշտ դեղորայքով, իսկ առավել ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին, որոնք 13-ն էին` տեղափոխել ենք ինֆեկցիոն բաժանմունք: Հիվանդությունը հիմնականում ընթացել է թեթեւ եւ միջին ծանրությամբ, բայց երկու երեխա բավականին բարձր ջերմություն ունեին, ցնցումային սինդրոմներ են նկատվել եւ անընդհատ փսխում էին: Սակայն կարողացանք անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել: Ներկա փուլում հիվանդների դրությունը բավարար է: Այժմ հիվանդանոցում բուժում են ստանում հինգը, որոնց վիճակը կայուն է: Այդ օջախից այլեւս մարդկային հոսք չունենք», վստահեցրեց Մելսիդա Չիլինգարյանը:

Թեպետ վթարի հետ կապված խնդիրները կարգավորվել են, սակայն էջմիածնեցիներին խորհուրդ է տրվում եւս մի քանի օր ջուրը խմելուց առաջ եռացնել:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4