«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2008-12-26 | #242, 2008-12-27 | #1, 2009-01-13


ԽՈՍՔ ԿՈՒՍԱԿԻՑ ԸՆԿԵՐՈՋ ՄԱՍԻՆ

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հանրապետական խորհուրդը խոր վշտով հայտնում է կուսակցության հիմնադիրներից, նախագահության անդամ Վահե Պետրոսի Ստեփանյանի անժամանակ մահը:

Վ. Ստեփանյանը ծնվել է 1940-ին Երեւանում: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Արտադրությունում աշխատելուն զուգընթաց հեռակա սովորել է Մոսկվայի Օրջոնիկիձեի անվ. ինստիտուտի արտադրության կազմակերպման ֆակուլտետում: Արտադրության փորձ ունեցող երիտասարդ ինժեներին աշխատանք են վստահում Լենինյան կուսշրջկոմում:

Երկու տարի որպես սպա երկրի հեռավորարեւելյան նավատորմում ծառայելուց հետո, նա աշխատանքի է անցնում ՀԿԿ Երեւանի քաղկոմի արդյունաբերության եւ տրանսպորտի բաժնումՙ որպես հրահանգիչ, ապա` բաժնի վարիչի տեղակալ:

Արդյունաբերական ձեռնարկությունների տնտեսական-քաղաքական ղեկավարման կենսափորձով 90-ականների ծանր տարիներին նա որպես տնօրեն ղեկավարում է «Հայհաստոց» ա/մ փորձնական գործարանը, ապա` որպես գլխավոր տնօրեն, «Հայծխախոտ» միավորումն ու «Մետիզ» գործարանը:

Վ. Ստեփանյանն ակտիվորեն մասնակցում է Հայաստանի Դեմկուսի քաղաքական ծրագրի, հատկապես` դրա սոցիալ-տնտեսական հատվածի մշակմանը: Նրա անմիջական մասնակցությամբ է ստեղծվել ՀԴԿ գաղափարախոսական հենքը` «Դեմոկրատական սոցիալիզմի հայկական մոդելը»:

Կյանքի վերջին 10 տարում աշխատանքի բերումով գտնվելով Կիեւում որպես Ուկրաինայի հայոց թեմի գործերի կառավարիչ եւ Ուկրաինայի հայերի միության Կիեւի հայ համայնքի գործադիր տնօրեն, նա գնահատելի աշխատանք է տանում հայրենիքի շուրջը համայնքի համախմբման եւ հոգեւոր-տնտեսական կապերի, հայ-ուկրաինական բարեկամության ամրապնդման գործում:

Ցավակցելով Վահե Ստեփանյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին, մենք վառ կպահենք սիրելի ընկերոջ անմահ հիշատակը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4