«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2008-12-26 | #242, 2008-12-27 | #1, 2009-01-13


ՉԱՐԱՄԵՏ ՕՂԱԿ

Ապակառուցողականություն: Սա, թերեւս, ամենամեղմ բառն է, որով կարելի է բնորոշել Հայաստանում տիրող վիճակը: Ոչ միայն իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում, այլեւ ընդհանրապես, ներքաղաքական ողջ համայնապատկերում: Պարզապես, եթե առաջին` իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում այդ ապակառուցողականությունը (դեստրուկտիվիզմ) տեսանելի է ու շոշափելի, ապա երկրորդ` ներիշխանական փոխհարաբերություններում դեռեւս անորոշ շատ բաներ կան:

Համենայն դեպս, առայժմ անդրադառնանք առաջինին` իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին, որում հերթական առճակատման դաշտը այժմ դատարանն է, ավելի ճիշտ` դատարանի շուրջը ծավալվող հայկական քաղաքական ֆոլկլորային իրադարձությունները, այսպես կոչված «Յոթի գործի» դատաքննությունը: Այս անգամ էլ, երկու համառ ցուլերի նման իշխանությունն ու ընդդիմությունը կանգնել են դեմ առ դեմ, կոտոշ-կոտոշի: Առաջինին անպայմանորեն պետք է իր կամքը թելադրել, ամրապնդել իր հեղինակությունը, իսկ երկրորդին` թելադրողի կամքին ընդդիմանալով պատժամիջոցներ կորզել եվրոպական ատյաններից: Ի վնա՛ս Հայաստանի: Ստացվում է անհեթեթ վիճակ, երբ փաստորեն առաջինը` իշխանությունը, օգնում է երկրորդին` ընդդիմությանը, հասնելու իր նպատակին: Ի վնա՛ս Հայաստանի:

Այս կացության մեջ արժե տալ հետեւյալ հարցը` ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կուզենա՞ր յուրայինների ազատ արձակումը կալանավայրերից: Հազիվ թե: Քանզի այդ պարագայում հաստատ կկորցներ պայքարի իր գլխավոր կռվանը: Հետեւաբար տրամաբանական է նաեւ երկրորդ հարցը` այդ պարագայում իշխանությունը ինչո՞ւ չի զրկում նրան այդ կռվանից` համաներման կամ նման այլ միջոցներով:

Իշխանության ներսում այս հարցին պատասխանում են` իսկ եթե համաներվողները չցանկանան համաներվե՞լ: Պատկերացնո՞ւմ եք, ինչպիսի՜ խայտառակ վիճակ իշխանության հեղինակության համար (իսկ հայկական պետականության հեղինակությո՞ւնը...): Ու նրանք բերում են մարտի 1-ի գործով կալանավորվածներից մի քանիսի օրինակը, որոնց ներման խնդրանքը ընդդիմությունը դիմավորեց այնպիսի անարգանքով, որ դժվար թե ուրիշներ հետեւեն նրանց օրինակին:

Մինչ այդ, ընդդիմությունը շարունակում է պահանջել արդարադատություն... չհարգելով դատարանը: Քաջ գիտակցելով, որ դատավորը չի վարվի Մ. Նահանգների կամ Եվրոպայի իր գործընկերների պես, որոնք նման անհարգալից վերաբերմունքի դեպքում րոպե իսկ չէին տատանվի մուրճիկը խփել եւ անարգողին 1-2 տարի կալանք տալ նախքան դատական գործը լսելը:

Մինչ այդ, օրերը սահում են, ձայնազրկության ժամը մոտենում է: Դրան է ձգտում ընդդիմությունը, դրանից չի փորձում խուսափել իշխանությունը: Դեմ դիմաց, կոտոշ-կոտոշի:

Հայաստանը շարունակում է մնալ չարամետ օղակում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4