Պետեկամուտների կոմիտեն առանձնապես չի ջանում այս հարցում
Հունվարի 1-ից հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կտրոններով վիճակահանություն անցկացնելու Հայաստանի կառավարության որոշման իրավացի եւ անհրաժեշտ լինելը թերեւս կասկածի ենթակա չէ: Այն խթան է երկրում կատարվող ապրանքաշրջանառության իրական ծավալները պարզելու, միեւնույն ժամանակ հնարավորությունՙ սպառողներիս իրավունքները պաշտպանելու համար: Սակայն 2009-ի հունվարի 1-ը եկավ ու անցավ եւ պարզվեց, որ ինչպես ամեն մի լավ մտահղացում, այս մեկն էլ իրականացման ընթացքում կարող է ամբողջությամբ վարկաբեկվել: Համենայն դեպս, նման վտանգն այս պահին գոնե իրական է: Եվ դրա մեղավորները ինչպես իշխանություններն ենՙ ի դեմս պետական եկամուտների կոմիտեի, այնպես էլ սպառողները, այսինքնՙ մենք բոլորս:
Գլխավոր խնդիրն այս պահին խանութներում եւ առեւտրի այլ վայրերում ՀԴՄ-ների կտրոններ չտրամադրելու շարունակվող ավանդույթն է, որը համառորեն չի կոտրվում: Դրա պատճառները մի քանիսն են, բայց գլխավորը տնտեսվարողների կտրոններ տրամադրելու չկամությունն է: Խանութների մի մասում, որտեղ կան ե՛ւ ՀԴՄ-ները, ե՛ւ նոր նմուշի կտրոնների ժապավեններ, վաճառողները, դժկամությամբ կամ առանց դրա, կտրոնները տրամադրում են միայն հաճախորդների հիշեցումից հետո:
Առեւտրի օբյեկտների մի այլ խմբում կան տեղադրված ՀԴՄ-ներ, բայց դեռ չեն ստացել նոր նմուշի կտրոններ եւ դրանով են բացատրում կտրոն չտրամադրելը: Երրորդ խումբը կազմում են առեւտրի այն օբյեկտները կամ վաճառակետերը, որտեղ ընդհանրապես չեն երեւում ՀԴՄ-ներ, թեեւ օրենքով դրանք պարտավոր են լինել: Բնականաբար, այս վայրերից ՀԴՄ-ի կտրոն ստանալու հույսն անգամ չկա:
Ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել: Ինչպես արդեն նշեցինք, այս կացության հիմնական պատճառն այն է, որ առեւտրային բիզնեսը համառորեն չի ցանկանում հրաժարվել իր ունեցած ստվերային մեծածավալ եկամուտներից: Սակայն ոչ պակաս կարեւոր պատճառն այն է, որ մենք` սպառողներս շարունակում ենք մնալ պասսիվ եւ չենք կարողանում կամ ցանկանում պաշտպանել մեր իրավունքները: Գնալ այս կամ այն քաղաքական ուժի կամ անձի հանրահավաքին, բղավել կամ պարել նրանց նվագի տակ, սպասել, որ ինչ-որ մեկը մեսիայի տեսքով կգա եւ մեր փոխարեն կլուծի մեր խնդիրները, դա կարողանում ենք, քանի որ դա ամենահեշտն է: Սակայն երբ անհրաժեշտ է անելՙ թվում է, թե շատ փոքր քայլ ինչ-որ բան սեփական կյանքում կամ պետության մեջ փոխելու համար, անմիջապես հոգեբանական բարդույթների մեջ ենք ընկնում:
Հարկ է գիտակցել մեկ բան, անկախ այն բանից, թե պետեկամուտների կոմիտեն ի՞նչ կանի հարկադրելու համար տնտեսվարողներին կտրոն տրամադրել, միեւնույն է, եթե անհարմար զգանք կամ մեր պատվից ցածր համարենք ՀԴՄ-ի կտրոն պահանջելը, այս խնդիրը չի լուծվի: Իսկ դա նշանակում է, որ առեւտրում ստվերի ծավալները չեն նվազի, պետական բյուջեն չի ստանա հավելյալ գումարներ, դրանով իսկ հնարավորություն չի ստեղծվի բարձրացնել բյուջետային համակարգի աշխատողների աշխատավարձերը, թոշակառուների թոշակները կամ նպաստառուների նպաստները: Եվ վերջապես, յուրաքանչյուրս ՀԴՄ-ների կտրոններով գումար շահելու փաստորեն անվճար հնարավորությունն ենք կորցնում: Փոխարենը կտրուկ մեծանում են մեր չպահանջած կտրոններով խանութների տերերի կամ աշխատակիցների կողմից շահելու հնարավորությունները:
Սակայն, մյուս կողմից, ստեղծված իրավիճակում հավասար չափով մեղավոր է նաեւ պետեկամուտների կոմիտեն: Նախՙ արդեն սովորական դարձած խառնաշփոթի համար, որ ստեղծվեց ՀԴՄ-ներ կտրոնների նոր ժապավենների տրամադրման առնչությամբ: Ի սկզբանե պարզ էր, որ հազարավոր տնտեսվարողներին 10 կամ 15 օրում անհնար է լինելու տրամադրել նոր նմուշի կտրոնների ժապավենները: Դրան պետք է ավելացնել ամանորյա իրարանցումը, որի ժամանակ խանութների սեփականատերերը, բնականաբար, մտահոգված էին հնարավորինս շատ եկամուտներ ստանալու, քան թե ՀԴՄ-ների համար նոր ժապավեններ ձեռք բերելու մասին: Ահա հենց այդ ժամանակահատվածում, դեկտեմբերի վերջին տասնօրյակում հայտարարվեց կտրոնների նոր նմուշների տրամադրման մասին: Մի՞թե հնարավոր չէր այդ գործընթացն իրականացնել առնվազն մեկ ամիս առաջ, իսկ եթե այդպես չստացվեց, ապա վիճակախաղի անցկացումը հետաձգել եւ անցկացնել փետրվարի 1-ից:
Ի պատասխան մեր հարցմանը, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում պետական եկամուտների կոմիտեն ՀԴՄ-ների կտրոններ չտրամադրող խանութների եւ առեւտրային այլ օբյեկտների նկատմամբ, կոմիտեից լրատվական ծառայությունից մեզ տրամադրեցին հայտարարություն, որտեղ նշվում է, որ «Նոր զովք», «Երեւան սիթի» եւ այլ խանութներում կտրոններ չտրամադրելու համար կիրառվել են օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ: Հայտարարության մեջ միաժամանակ հիշեցում է արվում տնտեսվարողներին, որ պարբերական խախտումների դեպքում կարող է նաեւ կասեցվել տնտեսվարողների գործունեությունը:
Այդուհանդերձ, ՀԴՄ-ների կտրոններ չտրամադրելը այսօր գրեթե համատարած է: Դրանք քիչ թե շատ կանոնավոր տրամադրվում են սուպերմարկետներում, այն էլ Երեւանի կենտրոնում գտնվող: Իսկ Երեւանի կենտրոնից փոքր-ինչ հեռու տեղերում, ծայրամասերում նույն սուպերմարկետի ցանցի խանութում կտրոններ չեն տրամադրվում: Երեւի թե հարկ չկա խոսելու մայրաքաղաքի մյուս խանութների, տոնավաճառների, առավել եւս Հայաստանի այլ քաղաքների եւ բնակավայրերի մասին: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀԴՄ-ների կտրոնների հարցի լուծումը պետեկամուտների կոմիտեն թողել է միայն սպառողների հույսին, ճիշտ այնպես, ինչպես մինչեւ վիճակախաղը սպառողներն էին այդ հարցի լուծումը թողել միայն հարկայինի վրա:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ