«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2008-12-26 | #242, 2008-12-27 | #1, 2009-01-13


ԿՈԿՈԼՈԳԻԱՙ ԻՆՔՆԱԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԽԱՂԵՐ

Ժամանակային որեւէ փուլի ավարտին ինքնաքննումն ուղղակի զանգվածային բնույթ է ստանում ու անգամ հարազատ բարեկամներով շրջապատված, ձեռքբերումներ արձանագրած մարդկանց ինքնադժգոհության հիմքեր տալիս: Նման պարագայում մի ծայրահեղությունից մյուսին հասնելը ամենեւին դժվար չէ ու հավասարակշռող միջոց կարելի է դիտարկել հոգեբանական զանազան, բայց գիտական թեսթերը: Հոգեբան Հրաչյա Ամիրյանը նման թեսթերի հավաքածու է կազմել ու հրատարակել «Կոկոլոգիա» վերնագրով: Խաղ հիշեցնող անվանումը ճապոներեն կոկորոՙ գիտակցություն, ոգի, զգացումներ եւ հունարեն լոգիաՙ ուսումնասիրում բառերից է կազմված:

Վկայակոչելով այն հեղինակած պրոֆեսոր Սայտոնինՙ Հրաչյա Ամիրյանը փաստեց, որ հավաքածուն գրավիչ խաղերի շարք է, որի օգնությամբ բացահայտվում են խաղացողների հուզական ու վարքային առանձնահատկությունները. «Մի կողմից կոկոլոգիական թեսթերն առավելապես խաղային ու զվարճալի բնույթի են, մյուս կողմիցՙ դրանք ստեղծող պրոֆեսոր Սայտոնը երաշխավորում է դրանց գիտական հիմնավորվածությունը»: Ինքնաբացահայտման այս խաղ-թեսթերի ժողովածուն խմբով ընթերցելիս, հնարավորություն է ստեղծվում նաեւ շրջապատողներին ավելի լավ ճանաչել-հասկանալու: Այնուամենայնիվ բացահայտման ճշգրտությունը հավասարազոր է ընթերցողների անկեղծությանը:

Ինքըՙ Սայտոն ունի նաեւ դրա բացատրությունը. «Կոկոլոգիայում կարելի է չհամաձայնվել պատասխանների մեկնաբանությունների հետ , եթե դրանք անհեթեթ կամ անհավատալի են հնչումՙ հենց դա է հետաքրքրականը: Բայց ես կարծում եմՙ առավել հաճախ ձեզ զարմացնելու է պատասխանների ճշգրտությունը, որը բացահայտելու-արտացոլելու է մարդկանցՙ այդ թվում նաեւ ձեր իրական բնավորությունը»:

Որպես «Կոկոլոգիան» արդեն իսկ «փորձարկած» ընթերցող կամ խաղացող, ամենայն վստահությամբ կարող եմ պնդել, որ ինքնաբացահայտման այս խաղային մեթոդը, որ օգտվողից անկեղծ պատասխան է պահանջում, նրան պարգեւատրում է ինքնաճանաչման, սեփական առավելություններն ու թերություններն ազնվորեն գնահատելու համար: Ինչը թերեւս կարելի է դիտարկել ե՛ւ հուսահատությունից, ե՛ւ հիասթափությունից, ե՛ւ ինքնադժգոհությունից հեռու մնալու միջոց, չէ՞ որ թեր ու դեմի իմացությունն ի վերջո հնարավորություն է ընձեռում անձին ինքն իրեն ու իրավիճակը լիովին ճիշտ հասկանալու ու գնահատելու:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4