«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2008-12-26 | #242, 2008-12-27 | #1, 2009-01-13


ՀԵՏԱՄԱՆՈՐՅԱ ԱՌԱՋԻՆ ՑՆՑՈՒՂՆԵՐԸ

Հայկական Ամանորի «բդատոլմային իդիլիան» հաջողությամբ համադրեցինք մեկ տասնյակից ավելի հեռուստաընկերությունների` գոնե ֆիլմերի առումով բացարձակապես նույն ռեպերտուարի հետ, երբ բոլորը միասին կամ ժամային տարբերությամբ ցուցադրում էին նույն երեք- չորս ֆիլմերը. ուզում ես կատաղիր, ուզում ես հայհոյիր, ուզում ես խնդա կամ լաց` նույն «Բաղնիքդ անուշն» է, նույն «Ծառայողական սիրավեպը», տանը միայնակ մնացած ամերիկացի տղայի սխրագործությունները. ահա մեր բազմաթիվ հեռուստաընկերությունների ողջ պերճանքն ու ողբերգությունը: Այս «մառազմից» վերադարձանք ու միանգամից ընկանք այն տնտեսաքաղաքական սեւ խոռոչը, որը թողել էինք ժամանակավորապես, Նոր տարվա երեւույթով:

Բացարձակապես ոչինչ չի տեղաշարժվել Առնետից Ցուլին անցնելիս. նույն ԵԽԽՎ-ական սպասումն է` կզրկեն-չեն զրկի երիցուկաթերթային խաղով, նույն` այս անգամ «7-ի գործով» մերձդատական «դվիժենի» անող ընդդիմության «Իշխող վարչախմբի վերջի սկիզբն է» երազախաբությունը, ի՞նչ հիմքով` անհասկանալի է: Գումարվել է միայն արտաքին քաղաքական ֆոնը` գազային եւ Գազայի պատերազմներով, որոնք տարբեր առնչություններ Հայաստանի հետ, այնուամենայնիվ, ունեն:

Սկսենք ԵԽԽՎ-ական սպասումով: Երբ անցած տարեվերջին հայ քաղաքական գործիչներն սկսեցին երգել, թե մենք մեր ներքին խնդիրները պետք է կարգավորենք, կարեւոր չէՙ մեզ կզրկեն եվրոձայնից, թե ոչ` սա քաղաքավարի ուղերձ էր եվրոպացիներին, թե ավելի լավ է ձեր ծանր տեղը չթեթեւացնեք ու վեր չկենաք-գաք Հայաստան` մի նոր մոնիտորինգի. ուզեցիք` հանձնաժողով ստեղծեցինք, ուզեցիք` փաստահավաք խումբ ստեղծեցինք, խորհրդարանական ընդդիմության իրավունքները շատացրինք, հիմա ասածներդ ի՞նչ է: Մյուս կողմից էլ` իսկապես, ի՞նչ է նշանակում «քաղբանտարկյալներին» բաց թողնելու եվրոպահանջը: Այսինքն, ի՞նչ է, Եվրոպան խոստովանում է, որ ինքը պարտավորագրեր է ստորագրում մի երկրի հետ, որի դատական եւ ընդհանրապես` ինստիտուցիոնալ կառույցների հետ ինքը հաշվի չի՞ նստում, այսինքն` հենց ինքն է կասկածի տակ առնում կնքած պարտավորագրերը. մարտի 1-ի դեպքերի հետ կապված գլխավոր դատական գործընթացն է սկիզբ առել, լավ-վատ` Հայաստանի դատական համակարգի բարեփոխմամբ երկար զբաղվում էր այդ նույն Եվրոպան: Հիմա վերցնի ու ասի` թքած ձեր դատական համակարգի վրա էլ, մեր մարդկանց բաց թողեք, ու վերջ: Սա եւս անօրինության դրսեւորում կլինի: Այնպես որ` մեր իշխանական քաղաքական գործիչները ճիշտ են գտել դիմադարձելու ուղին, անկախ նրանից` մեր դատարանը վայելո՞ւմ է հասարակության վստահությունը, թե ոչ, վերջինը մի այլ խոսակցության թեմա է: Այլապես դա ի՞նչ ժողովրդավարություն է, գործերը դատարանում են, «7-ի գործն» ընթանում է, իսկ Եվրոպան իրեն թույլ է տալիս ասել` քո դատական գործընթացի վրա թքած, բա՛ց թող քաղբանտարկյալներին: Համենայն դեպս` այդպես է դուրս գալիս: Ու այստեղ մեկ-երկու եվրոպաշտոնյաների խնդիրը չէ, այլ եվրոպական մոտեցումներն արժեզրկելու: Այնպես որ, մի երկու զայրացած եվրոպաշտոնյա ստիպված են իրենց զայրույթը զսպել` հանուն եվրոպական արժեքների: Ու լավ կանեին իզուր եվրոփողերը չծախսեին ու այս տնտեսական ճգնաժամին մի հավելյալ անգամ չգային Հայաստան. եթե առաջին-երկրորդ-երրորդ ռանգի պաշտոնյաներն ասում են, որ միայն դատավարությունից հետո հնարավոր կլինի ինչ-որ որոշում կայացնել, եվրոպացիք էլ ստիպված պետք է ընդունեն տվյալ երկրի (այս դեպքում` Հայաստանի) օրենքները եւ խելքից դուրս ճնշումներ չբանեցնեն: Դե, իսկ «քաղբանտարկյալներին», եթե արդեն բանը հասել է դատական գործընթացին, պետք է հնարավորություն տալ անցնելու բոլոր ատյաններով` մինչեւ Եվրոդատարան: Ուստի առավել հավանական են այն տեսակետները, որ հազիվ թե ԵԽԽՎ-ն իր դավանած արժեքների դեմ գործի եւ Հայաստանում ընթացող իրավական գործընթացը շրջանցելով` Հայաստանին ձայնից զրկի: Առավել հավանական է, որ Եվրոպան մի քիչ էլ` մի քանի ամիս էլ կսպասի...

Իսկ քաղաքական անագորույն ներկապնակը նույն անհետաքրքրական է, ինչպես եւ Առնետի տարվա վերջին: Գոնե արտաքնապես: Գոնե անտեղյակների համար: Իսկ տեղյակները շատ լավ էլ գիտեն, որ մեծ ու խորքային խմորումներ են կատարվում, եւ իշխանությունը կենտրոնացնելու եւ միաբեւեռ դարձնելու դիլեման նախորդ տարվա 9 ամիսներին չլուծած Հայաստանի նախագահն այլ ելք չունի, քան հենց այս տարվա սկզբին իրականություն դարձնել ուժեղ իշխանության իդեա-ֆիքսը, այլապես ոչ թե ընդդիմությունից է ինչ-որ բան սպառնալու նրան, այլ հենց տարբեր տնտեսական ու քաղաքական կլանները համակարգողներից: Մեզ հասած տեղեկություններով` կատարվելու են նշանակումներ, որոնցով նախկին նախագահից ժառանգություն մնացած պաշտոնյաներից մի քանիսը եւս փոխարինվելու են, այս գործընթացը դանդաղ, բայց հաստատակամորեն թափ է հավաքելու: Արդեն իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետամանորյա առաջին ցնցուղը, ոչ առանց վերեւի օրհնության, ուղղվեց խոշոր գործարարներին. այն միտքը, որ պետությանը չի հաջողվում խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ, ապահովել հավասար մրցակցային պայմաններ եւ խոստումը, որ 2009 լինելու է արմատական փոփոխությունների տարի, եւ որ հարկային վարչարարության բարելավման թիվ մեկ թիրախը խոշոր բիզնեսն է` իր տակ շատ ենթաշերտեր ունի թաքցրած, մեր կարծիքով` նախ եւ առաջ քաղաքական: Որովհետեւ մեր խոշոր գործարարները բոլորը ներդրված են կուսակցություններում կամ այնտեղ իրենց ներկայացուցիչներն ունեն, քաղաքական եւ տնտեսական կլանները գիրկընդխառն են, օրենքներ ընդունող ԱԺ-ում նրանք իրենց թիմերն ու լոբբիինգն ունեն, թելադրում են իրենց խաղի կանոնները: Ու երբ վարչապետը, իր իսկ խոսքով` նախագահի հավանությունն ունենանալով, նոր խաղի կանոններ է առաջարկում, թե խոշոր բիզնեսը պետք է աշխատի թափանցիկ եւ վերահսկելի, նշանակում է երկրի ղեկավարությունը որոշել է մեր խոշորների ախորժակը մի փոքր զսպել. դե նրանք էլ, քաղաքական հիմնասյուներ լինելով, իսկապես իրենց կանոններն են թելադրում ամենուր` օրենքներ ստեղծելիս, բիզնես-արտոնություններ ձեւավորելիս, քաղաքական թիմ կազմելիս: Կարծում ենք, եւ դրա օրինակն արդեն կա (հարկային օրենսդրական փոփոխությունների քվեարկությունը ԱԺ-ում), վարչապետի այս մարտահրավերը պատասխան հակահարվածների պակաս չի ունենա, քանզի մեր խոշորներին թվում է, թե իրենց կարելի է ամեն ինչ: Մնում է, որ կառավարությունը իսկապես կարողանա ուժեղ լինել, խոստացածը կատարել առանց բագրատյանական շոկային թերապիայի, ողջամիտ ու հետեւողական քայլերով, առանց ծայրահեղությունների հետեւից ընկնելու, ինչը, խոստովանենք, տարբեր քաղաքական եւ տնտեսական շահերի պարագայում շատ ու շատ դժվար է:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4