Ամերիկյան մարկետոլոգները հաշվել են, որ միջին ամերիկացին հեռուստացույցի առջեւ օրական մոտ 10 ժամ է անցկացնում: Մինչեւ 16 տարեկան դառնալը մարդը դիտում է 360 000 գովազդային հոլովակ, որոնց ընդհանուր տեւողությունը (միջին հոլովակը 45 վայրկյան է) կազմում է 115 օր: Մեր երկրում նման հաշվարկներ դեռ չեն անցկացվել, սակայն անվիճելի է, որ հեռուստացույցը նաեւ հայերի առօրյայի անբաժանելի մասն է: Մարկետինգային այս հետազոտությունները ամբողջ աշխարհում իրականացվում են հասարակության տրամադրությունները շոշափելու, ռազմավարական ուղղությունները լավագույնս մշակելու նպատակով: Հատուկ եմ նշում ամբողջ աշխարհում, որովհետեւ հասարակության առողջ գիտակցությանը հետեւում են ոչ միայն զարգացած երկրներում: Իհարկե, որեւէ տխմարություն կարելի է քողարկել ամենատարբեր պատճառաբանությունների տակ, բիզնեսն է թելադրում, հասարակությունն է անմակարդակ: Ամենահետաքրքրական հանգամանքը հենց վերջինն է, որ այս ցինիզմը մեր վզին փաթաթում են մեր անունից: Այսինքն, ստացվում է, որ այս եթերային բոզբաշի պատվիրատուն մենք ենք` հասարակությունը: Իհարկե, որոշ ճշմարտություն այդտեղ կա, որովհետեւ մեր լռելյայն համաձայնությամբ են մեր տուն էկրաններից ներխուժում տարբեր տեսակի մադաթյաններն ու գեւոները: Մենք հանդուրժել ենք նրանց ծնունդը, նրանց զարգացման վրա ուշադրություն չենք դարձրել ու հիմա հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ մեր երեխաներին արգելում ենք հեռուստացույց միացնել:
Չկենտրոնանալով մեկ առանձին հեռուստաընկերության վրա, մենք կոչ ենք անում բոլոր գիտակից մարդկանց, բոլոր մտահոգ անհատներին ու կազմակերպություններին միանալ մեր նախաձեռնությանը: Մենք նախաձեռնել ենք «Տհաճ եթեր» ամենամյա մրցանակաբաշխությունը, նպատակ ունենալով լսելի դարձնել հասարակության ձայնը, մասնակից դարձնել նրան հեռուստաեթերի կազմակերպմանը: Ի վերջո նորից անվտանգ դարձնել տանը հեռուստացույց միացնելը:
«Էքսպերտների միավորում» ՀԿ