Մինչեւ ե՞րբ
Եթե ինձՙ Ռուսաստանում երկար տարիներ ապրած հայիս, հարցնեին, թե ի՞նչը քեզ հատկապես դուր չի գալիս Հայաստանում, թերեւս, մի կողմ կդնեի քաղաքական, սոցիալական, բարոյական բնույթի շատ խնդիրներ եւ կպատասխանեիՙ հայ երգի ներկայիս ողբալի վիճակը: Ռաբիսը հայոց երկրում կատարյալ հաղթանակ է տոնում: Հնարավոր չէր անխռով դիտել հայ երգին նվիրված նախաամանորյա հեռուստահաղորդումը, որտեղ մրցանակներ էին հանձնվում տարվա լավագույն երգիչներինՙ «աստղերին»: Մի կողմ դնենք տեխնիկական երգերի առատությունը: Ապշեցրեց մի դրվագ. լուրջ դեմքով մրցանակ հանձնվեց մեկին, որի «կատարումը» ոչ թե հայկական էր, այլ... «հնդկական»: Հնդկական էր ոչ միայն հայաբառ մեղեդին, այլեւ նվագակցումը, ուղեկցվող «վոկալը»:
Պարզապես անհասկանալի ու անբացատրելի էՙ ինչո՞ւ չի կարելի երգել առանց այդ էժանագին թուրք-ադրբեջանական-արաբա-հնդկական կլկլոցների: Հատկապես ողորմելի է գործիքավորումը: Խեղճ Կոմիտաս, եթե հարություն առներ, ապա երախտամոռ կհամարեր ազգային երաժշտությանը դավաճանած շատ «երգ հանողների» ու «կատարողների»: Ողբերգությունն այն է, եւ այս մասին մեկ անգամ չի ասվել, որ կլկլուն ու ագրեսիվ ռաբիսը իր շոշափուկները տարածել է նաեւ սփյուռքում, տվյալ դեպքումՙ Ռուսաստանում: Մտեք մոսկովյան ցանկացած հայկական ռեստորան եւ, չնչին բացառությամբ, նույն թուրք-ադրբեջանական ելեւէջումներն են: Ասում են օղու ներգործությամբ այդ «երաժշտությունը» հիանալի է մարսվում:
Երաժշտական «դեմոկրատիան» չի նշանակում, թե պիտի երգես ինչ խելքիդ փչի: Ինչո՞ւ չի կարելի արգելել ռաբիսի մուտքը, ասենք, Հայաստանի հանրային հեռուստատեսություն, որի էկրանից այն չի իջնում: Կամ ինչո՞ւ հանրապետության կոմպոզիտորների միությունը չի վերահսկում-կասեցնում այդ աղտեղության հաղթարշավը: Երեւանում ռաբիսասերները հաճույքով պատմում են, որ, իբր, հավաքվել են օպերային երգիչները խնջույքի եւ, որպեսզի «ի սրտե» զվարճանան, տուրք են տվել «կենսախինդ» ռաբիսին: Քիչ է մնում դրան էլ հավատաս: Հայկական «ժողովրդական» գործիքներ են դարձել կլառնետը, ակորդեոնը, բայանը... Կլառնետը հատկապես վերածվել է ռաբիսի պրոպագանդման գլխավոր երաժշտամիջոցի, մասնավորապես հայկական «մուղամի» ժողովրդականացման ասպարեզում:
Վերջերս Հայաստանում էր Ֆլորա Մարտիրոսյանը եւ հեռուստատեսությամբ հեռարձակվեց նրա համերգը: Հնչում էր առինքնող զտարյուն հայ երգը, հայ մեղեդին: Ոչ մի կլկլոց, ոչ մի ազերահաճ նոտա: Ինչո՞ւ չերգել այնպես, ինչպես երգում է այդ խորապես ազգային երգչուհին:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա