Սերգեյ Մովսիսյանը եզրափակում է լավագույն տասնյակը
ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման հերթական ցուցակը, որում հաշվի են առնված Դրեզդենում կայացած շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայի արդյունքները: 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում ընդգրկված են չորս հայ գրոսմայստերներ: Լավագույն ցուցանիշն ունի Սլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը: Նա օլիմպիադայում գլխավորում էր Սլովակիայի հավաքականը եւ բավական հաջող հանդես եկավ: Մովսիսյանն իր վարկանիշն ավելացրել է 19-ով եւ ցուցակում 3 հորիզոնականով վեր բարձրացել: Հայ շախմատիստը 2751 անհատական վարկանիշով եզրափակում է լավագույն տասնյակը:
Իսկ ահա Հայաստանի շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը զիջել է դիրքերը: Նա վարկանիշը նվազեցրել է 7-ով, 4 հորիզոնականով նահանջել է եւ 2750 գործակցով զբաղեցնում է 11-րդ տեղը: 100 ուժեղագույնների ցանկում ընդգրկված մեր մյուս երկու շախմատիստները զգալի առաջընթաց են ունեցել: Որոշ ընդմիջումից հետո Վլադիմիր Հակոբյանը կրկին 2700 եւ բարձր վարկանիշ ունեցող էլիտ շախմատիստների թվում է: Նա վարկանիշն ավելացրել է 21-ով եւ 2700 գործակցով 42-րդ տեղից տեղափոխվել է 31-րդ հորիզոնական: Էլ ավելի մեծ առաջընթաց է ունեցել օլիմպիադայում գերազանց ելույթ ունեցած Գաբրիել Սարգսյանը: Նա վարկանիշն ավելացրել է 36-ով (2678) եւ նախկին 84-րդ տեղի փոխարեն հանգրվանել է 47-րդ հորիզոնականում:
100 ուժեղագույն շախմատիստուհիների դասակարգման ցուցակում տեղ են զբաղեցրել մեր հանրապետության երկու ներկայացուցիչներ: Էլինա Դանիելյանը, որ ամուսնացել եւ այժմ բնակվում է Հոլանդիայում, 2496 վարկանիշով 16-րդ տեղում է: Իսկ Լիլիթ Մկրտչյանը 2460 վարկանիշով ցուցակում 31-րդն է:
Երկարատեւ ընդմիջումից հետո Հայաստանն իր ներկայացուցիչն ունի նաեւ մինչեւ 20 տարեկան շախմատիստների լավագույն քսանյակում, որը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը (2776): Այդ ցուցակը 2564 վարկանիշով եզրափակում է Զավեն Անդրեասյանը:
Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկում առաջատարի դերը պահպանել է բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովը, որն իր վարկանիշն ավելացրել է 5-ով: 5-րդ տեղից 2-րդ հորիզոնական է տեղափոխվել շախմատի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդըՙ վարկանիշն ավելացնելով 8-ով: Նա տեղերով փոխանակություն է կատարել Ալեքսանդր Մորոզեւիչի հետ, որը 16-ով նվազեցրել է իր վարկանիշը: Իվանչուկն ու Կառլսենը թեեւ եւս նվազեցրել են իրենց վարկանիշները (համապատասխանաբարՙ 7-ով եւ 10-ով), սակայն պահպանել են դիրքերը 3-րդ եւ 4-րդ հորիզոնականներում:
Մեծ առաջընթաց է ունեցել ռուսաստանցի գրոսմայստեր Դմիտրի Յակովենկոն, որը վարկանիշն ավելացնելով 23-ով, 10-րդ տեղից տեղափոխվել է 7-րդ հորիզոնական: Ամենամեծ առաջընթացը գրանցվել է ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի մոտ: Նա վարկանիշն ավելացրել է 49-ով եւ 90-րդ տեղից տեղափոխվել է 41-րդ հորիզոնական: Իսկ ահա Իսրայելը ներկայացնող Միխայիլ Ռոիզը 30-ով նվազեցրել է վարկանիշը եւ 45-րդ տեղից նահանջել 79-րդ հորիզոնական:
Բացի շախմատիստների դասակարգման ցուցակը կազմելուց, ՖԻԴԵ-ն հաշվարկում է նաեւ առանձին երկրների միջին վարկանիշըՙ հաշվի առնելով տվյալ երկրի 10 լավագույն շախմատիստների միջին վարկանիշը: Հայաստանն այդ ցանկում որոշ նահանջ է ապրել եւ 2624 վարկանիշով 9-10-րդ տեղերն է բաժանում Գերմանիայի հետ: Ինչպես միշտ, ցուցակը գլխավորում է Ռուսաստանը (2723), որին հաջորդում են Ուկրաինան (2691) եւ Չինաստանը (2645):
Ներկայացնում ենք ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակի լավագույն տասնյակները.
Տղամարդիկ
1. Վեսելին Թոփալով | Բուլղարիա | 2796 |
2. Վիշվանաթան Անանդ | Հնդկաստան | 2791 |
3. Վասիլի Իվանչուկ | Ուկրաինա | 2779 |
4. Մագնուս Կառլսեն | Նորվեգիա | 2776 |
5. Ալեքսանդր Մորոզեւիչ | Ռուսաստան | 2771 |
6. Թեյմուր Ռաջաբով | Ադրբեջան | 2761 |
7. Դմիտրի Յակովենկո | Ռուսաստան | 2760 |
8. Վլադիմիր Կրամնիկ | Ռուսաստան | 2759 |
9. Պետեր Լեկո | Հունգարիա | 2751 |
10. Սերգեյ Մովսիսյան | Սլովակիա | 2751 |
Կանայք
1. Հուդիթ Պոլգար | Հունգարիա | 2693 |
2. Համպի Կոներու | Հնդկաստան | 2621 |
3. Հոու Յիֆան | Չինաստան | 2571 |
4. Անտոանետա Ստեֆանովա | Բուլղարիա | 2557 |
5. Պիա Կրամլինգ | Շվեդիա | 2548 |
6. Աննա Մուզիչուկ | Սլովենիա | 2540 |
7. Մարիա Սեբագ | Ֆրանսիա | 2529 |
8. Նանա Ձագնիձե | Վրաստան | 2518 |
9. Մայա Չիբուրդանիձե | Վրաստան | 2516 |
10. Ալեքսանդրա Կոստենյուկ | Ռուսաստան | 2516 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ