Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2008-ի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, տեղափոխելու, կրելու, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար 2-4 տարով դատապարտված ինը անձանց` Եղիշե Գրիգորյանին, Կարեն Թարխանյանին, Ավետիք Ղռեջյանին, Կառլեն Մանուչարյանին, Արմեն Մովսիսյանին, Հարություն Մկրտչյանին, Նորիկ Հարությունյանին, Սարգիս Պարունակյանին, Ռաջու Պետրոսյանին, ներում շնորհելու մասին: Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը ներման հրամանագիր ստորագրել է` հաշվի առնելով ինչպես դատապարտվածներից ՀՀ նախագահին ուղղված ներման խնդրագրերը, այնպես էլ` նախկինում դատապարտված չլինելը, քրեական գործի եւ այլ` ընտանեկան ու առողջական հանգամանքները: Հիշեցնենք, որ դատապարտյալների ներման խնդրագրերի հիման վրա ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը 2008-ի դեկտեմբերի 3-ի հրամանագրով ներում էր շնորհել եւս 3 դատապարտյալի, հաղորդում է «Արմենպրեսը»: