«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#242, 2008-12-27 | #1, 2009-01-13 | #2, 2009-01-14


ԳԱԶԻ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻՋԵՎ

Ի՞նչն է այստեղ առաջնայինըՙ քաղաքակա՞նը, թե՞ տնտեսականը

Ինչպես վերջին 3 տարիներին, այս տարվա սկզբին եւս սրվեցին հարաբերությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւՙ գազի գնի բարձրացման շուրջը: Բանակցությունները կիսատ մնացին, պաշտոնական Կիեւը հրաժարվում է նոր գնի պայմանագիր կնքել Մոսկվայի հետՙ միաժամանակ խոչընդոտելով իր տարածքով ռուսական գազի տարանցմանը դեպի Եվրոպա: Մոսկվան Կիեւին մեղադրում է գազի գողության մեջ, իսկ վերջինս էլ փորձում է այսպիսով հասնել գազի իր համար ընդունելի գների: Հասկանալի է, որ Ռուսաստանը չի պատրաստվում դեռ մի քանի տարի առաջ որդեգրած իր քաղաքականության մեջ փոփոխություն կատարել, այսինքնՙ հարեւանների հետ էներգակիրների եւ հատկապես գազի վաճառքի հարցում վերացնել բոլոր արտոնությունները եւ սահմանել շուկայական կամ եվրոպական գներ: Նշենք, որ գազի 1000 խորանարդ մետրի միջին գինը եվրոպական շուկայում կազմում է մոտ 420 դոլար, իսկ 2008-ին Ռուսաստանը Ուկրաինային այն վաճառում էր 179,5 դոլար գնով: Հետեւաբար զուտ տնտեսական իմաստով հասկանալի է ռուսական մենաշնորհատեր «Գազպրոմի» ցանկությունըՙ ավելացնել Ուկրաինային վաճառվելիք գազի գինը: Նկատենք նաեւ, որ գազի ուկրաինական շուկան ամենամեծերից մեկն է Եվրոպայում` տարեկան մոտ 46 մլրդ խորանարդ մետր սպառման ծավալով, համեմատության համար նշենք, որ Հայաստանում գազի սպառման ծավալները կազմում են տարեկան մոտ 2 մլրդ խորանարդ մետր: Ինչեւէ, ուկրաինական շուկայում եթե «Գազպրոմին» հաջողվի գազի գինը բարձրացնել գոնե 100 դոլարով 1000 խորանարդ մետրի համար, ապա սա նշանակում է, որ նրա եկամուտը տարեկան կավելանա մոտ 460 մլն դոլարով: Հասկանալի է, որ «Գազպրոմը» չի ցանկանում հրաժարվել նման եկամուտներից, իսկ Ուկրաինան էլ, գոնե առայժմ, չի պատրաստվում ավելի թանկ վճարել ռուսական գազի համար, ինչը, ըստ որոշ վերլուծաբանների, Կիեւի ներկա իշխանությունների համար կունենա ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական հետեւանքներ:

Նախ տնտեսական հետեւանքների մասին. Ուկրաինայի ողջ տնտեսությունը` թե՛ հանքարդյունաբերությունը, թե՛ մետաղաձուլական գործարանները եւ թե՛ քիմիական արդյունաբերությունը, եվրոպական շուկայում մրցունակ է շնորհիվ էժանության, իսկ դա հնարավոր է ի հաշիվ ռուսական էժան գազի: Այսինքնՙ գնելով գազը միջին եվրոպական գներով, ուկրաինական արտադրանքը դադարում է մրցունակ լինելուց, այստեղից բխող բոլոր հետեւանքներով: Հասկանալի է, որ ռուսական կողմն էլ չի պատրաստվում շարունակել ֆինանսավորել մի երկրի տնտեսության մրցունակությունն իր եկամուտների հաշվին, մանավանդ որ այդ երկիրը ոչ մի կերպ չես անվանի բարեկամ:

Ահա այստեղ է, որ սկսվում է հարցի քաղաքական կողմը, եւ շատ փորձագետներ հարց են տալիսՙ կշարունակե՞ր արդյոք Ռուսաստանը էժան գնով գազ վաճառել Ուկրաինային, եթե վերջինս չվարեր արեւմտամետ քաղաքականություն եւ համառորեն չձգտեր դառնալ ՆԱՏՕ-ի անդամ ու ռազմական օգնություն չտրամադրեր Վրաստանին հարավօսական պատերազմի ժամանակ: Սակայն ասել, թե միայն սա է պատճառը, ճիշտ չի լինի: 2006-ից Ռուսաստանը հստակորեն բարձրացնում է գազի գները ԱՊՀ տարածաշրջանի բոլոր երկրների համարՙ լինեն դաշնակիցներ, թե ոչ: Եթե վերջիններիս համար գազի գները բարձրանում են ավելի արագ տեմպերով, ապա առաջինների համարՙ ոչ այնքան: Օրինակՙ գաղտնիք չէ, որ գազի գինը բարձրացել է թե՛ Հայաստանի եւ թե՛ Բելառուսի համար, եւ հայտնի է, որ այդ բարձրացումը դեռ կշարունակվիՙ հասնելով համաշխարհային գազի գնի միջին արժեքին: Օրինակՙ Իրանը իր գազը միջազգային շուկայում վաճառում է մոտ 215 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Այսինքնՙ Ռուսաստանը արտաքին քաղաքականության մեջ հստակորեն վարում է սեփական շահերի պաշտպանության մի կուրս, ինչը պայմանավորված է նաեւ եվրոպական ընկերությունների մուտքով կենտրոնասիական գազի շուկա: Գաղտնիք չէ, որ Արեւմուտքը ցանկանում է գազը գնել ուղղակի Թուրքմենստանից եւ Ուզբեկստանից ու տեղափոխել իր շուկաՙ շրջանցելով Ռուսաստանը: Հասկանալի է, որ նման վիճակը ձեռնտու չէ Մոսկվային, եւ վերջինս ամեն կերպ խոչընդոտում է դրան: Նշենք, որ «Գազպրոմը» տարեկան մոտ 130 մլրդ խորանարդ մետր գազ է գնում այդ երկրներից: Վերջիններս գործող խողովակաշարերով գազ կարող են վաճառել միայն Ռուսաստանին: Նոր խողովակաշարի կառուցումը դեպի Եվրոպա Կասպից ծովի ընդերքով քիչ հավանական է, քանի որ ծովի միջազգային իրավական կարգավիճակը դեռ որոշված չէ, եւ այդ փաստաթղթի բացակայության պայմաններում գազամուղի կառուցումը, կարծում եմ, քիչ հավանական է:

Բացի դրանից գաղտնիք չէ, որ թե՛ ուզբեկական եւ թե՛ թուրքմենական վարչակազմերն իրենց իշխանությունը պահպանում են նաեւ շնորհիվ «Գազպրոմի» գումարների, որ տարեկան փոխանցվում են այդ երկրների բյուջե: Այսինքն, այդ գումարների բացակայության պայմաններում բացառված չէ, որ միջինասիական վարչակազմերը երկար չդիմանան, իսկ կարճ ժամանակահատվածում կառուցել նոր խողովակաշար, նույնիսկ ֆինանսների առկայության պայմաններում, քիչ հավանական է: Հետեւաբար վերջիններիս կախվածությունը ռուսական «Գազպրոմից» մեծ է: Նշենք, որ անդրազգային ընկերությունների ակտիվությունը Կենտրոնական Ասիայում հանգեցրեց գազի գների բարձրացմանը մինչեւ 150 դոլարիՙ 1000 խորանարդ մետրի դիմաց: Հիշեցնենք, որ դեռ մի քանի տարի առաջ արժեր ընդամենը 45 դոլար: Այսինքնՙ գազի գների բարձրացումը պայմանավորված է ամերիկյան եւ եվրոպական ընկերությունների գործունեությամբ Կենտրոնական Ասիայում: Իսկ այդ գործընթացին ակտիվորեն օգնում էին Վրաստանը եւ Ուկրաինան, որոնք փորձում էին ուղղակի գազ գնել Կենտրոնական Ասիայից:

Նկատենք, որ Ուկրաինան մինչ օրս չի վճարել իրեն ուղղակի գազ եւ նավթ մատակարարած երկրներին` Ադրբեջանին եւ Թուրքմենստանին, իսկ այդ պարտքերը 10 տարվա պատմություն ունեն: Հասկանալի է, որ այս պայմաններում շատ երկրներ չեն ցանկանում աշխատել Կիեւի հետ, որը ոչ հուսալի գործընկերոջ համբավ ունի: Բացի միջպետական գազի խնդիրներից, ստեղծված իրավիճակը պայմանավորված է նաեւ ներուկրաինական ճգնաժամով, մասնավորապեսՙ երկրի նախագահ Յուշչենկոյի եւ վարչապետ Տիմոշենկոյի միջեւ առկա հակասություններով, նախագահի ցածր վարկանիշով: Նկատենք, որ նախագահական ընտրությունները մոտենում են: Շատ փորձագետների կարծիքով, այսպիսով Ուկրաինայի նախագահ Յուշչենկոն ցանկանում է բարձրացնել իր վարկանիշը եւ ստանալ Ուկրաինայի ազգայնական շրջանակների աջակցությունը: Հասկանալի է, որ այս իրավիճակը հարվածեց նաեւ Ռուսաստանի հեղինակությանը, որն այլեւս չի դիտարկվում որպես էներգակրի հուսալի մատակարար, եւ Եվրոպան ակտիվորեն փնտրում է այլընտրանք ռուսական գազինՙ արագացնելով NABUCCO ծրագրի իրականացումը, սակայն այս իրավիճակը Ռուսաստանին նաեւ հնարավորություն է տալիս արագացնելու «Հյուսիսային հոսք» եւ «Հարավային հոսք» կոչվող գազամուղների կառուցումը: Ինչպես հայտնի է, առաջին ծրագիրը` «Հյուսիսային հոսքի» կառուցումը Բալթիկ ծովի ընդերքով, սկսվել է, իսկ երկրորդը` Սեւ ծովով, դեռ նախագծա-նախահաշվարկային վիճակում է, սակայն արդեն այսօր իսկ պարզ է, որ այս ծրագրերը կիրականացվեն, եւ դրանցով շահագրգիռ երկրների թիվն ավելացել է:

Ինչեւէ, ամփոփելով առկա գազի ճգնաժամի շուրջը ստեղծված վիճակը, նկատենք, որ ամեն դեպքում այս իրավիճակից շահողը Ռուսաստանն է, վերջինս հստակ կերպով հասկանում է, որ Եվրոպան ռուսական գազին էական այլընտրանք չունի, եւ եթե նույնիսկ իրականություն դառնա NABUCCO ծրագիրը, այն չի կարող բավարարել եվրոպական շուկան: Հստակ է նաեւ, որ Մոսկվան կարագացնի Բալթիկ եւ Սեւ ծովերի հատակով խողովակաշարերի կառուցման նախագծերը եւ կշրջանցի իր համար խնդրահարույց երկրները` Ուկրաինան, Լեհաստանը, մերձբալթյան երկրները, նրանց զրկելով եկամուտների այդ աղբյուրներից: Ռուս-ուկրաինական այս հակամարտության մեջ Ռուսաստանի համար առաջնայինը տնտեսականն է եւ հետո միայն քաղաքականը, իսկ Ուկրաինայի համարՙ քաղաքականը եւ հետո միայն տնտեսականը, մանավանդ նա լավ է հասկանում, որ տնտեսական առումով շահելու առանձնապես ոչինչ չունի: Հայտնի է նաեւ, որ եվրոպական մի քանի կազմակերպություններ արդեն դիմել են միջազգային դատարան ընդդեմ Ուկրաինայի, պահանջելով, որ վերջինս վճարի տնտեսական այն վնասների համար, որոնք այդ կազմակերպությունները կրել են վերջին ճգնաժամի հետեւանքով:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հ.Գ. Թեեւ գազը երեկ ժամը 10.00-ին սկսեց առաքվել ուկրաինական տարանցիկ խողովակաշար, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ դեպի Եվրոպա այդ գազը չի հասնում: Ստեղծված իրավիճակը մեկ անգամ եւս հուշում է, որ առայժմ չկա ոչ մի երաշխիք, որ այս գործընթացըՙ գազի առաքումը Եվրոպա ընդհանրապես կիրականանա, հաշվի առնելով ռուս-ուկրաինական սրվող հարաբերությունները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4