«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#242, 2008-12-27 | #1, 2009-01-13 | #2, 2009-01-14


ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՉԱՓԱՎՈՐ, ԻՍԿ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ` ՄԱՍԱՄԲ ԱԶԱՏ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Heritage հիմնադրամի եւ Wall Street Journal պարբերականի անցկացրած ամենամյա հետազոտության արդյունքներով, տնտեսական ազատության մակարդակով Հայաստանն աշխարհի 179 պետությունների թվում 31-րդն է: Այս տարի Հայաստանը 100 հնարավորից ստացել է 69 միավոր` 2008-ի 70-ի համեմատ: Այսպիսով, մեր երկիրը կրկին հայտնվել է չափավոր ազատ տնտեսություն ունեցող պետությունների խմբում` գրավելով ամենաբարձր տեղը ԱՊՀ երկրների շարքում: Վրաստանը, ըստ հետազոտության արդյունքների, տնտեսական ազատությունների մակարդակով 32-րդն է, Ադրբեջանը 99-րդ տեղում է, Ոուսաստանը ցուցակի հետնապահների թվում է` զբաղեցնելով 146-րդ տեղը: Իսկ ըստ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Ազատությունն աշխարհում - 2009» զեկույցի, Հայաստանը մասամբ ազատ երկրների շարքում է: Ըստ զեկույցի, Հայաստանում կենտրոնական իրադարձությունըՙ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունն էր եւ դրան հաջորդող դեպքերը: Freedom House-ի հետազոտությունների բաժնի տնօրեն Քրիսթոֆեր Ուոքերը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի քաղաքական իրավունքների վարկանիշը անկում է գրանցելՙ 5-ից փոխվելով 6: «Քաղաքացիական ազատություններ» ցուցանիշով Հայաստանը պահպանել է իր ունեցած 4 միավորը եւ ընդհանուր հաշվով վերստին համարվում է մասամբ ազատ երկիր: Զեկույցը անդրադառնում է նաեւ Լեռնային Ղարաբաղին, որը ինչպես քաղաքական իրավունքների, այնպես էլ քաղաքացիական ազատությունների ցուցանիշներով ունի 5-ական միավոր եւ համարվում է մասամբ ազատ: Հայաստանի հարեւաններից առաջատարը Թուրքիան էՙ երկու ցուցանիշներով 3-ական միավորով համարվում է մասամբ ազատ: Վրաստանն ունի 4-ական միավոր եւ մասամբ ազատ է, Ադրբեջանում քաղաքական իրավունքները գնահատված են 6 միավոր, քաղաքացիական ազատություններըՙ 5 միավոր, ընդհանուր գնահատականըՙ ոչ ազատ, Իրանը ստացել է երկու ցուցանիշով 6-ական միավոր եւ ոչ ազատ է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4