Կրկին յուրահատուկ մտահղացումներով ներկայացավ Հովհաննես Թումանյանի թանգարանը: Ինչպես հաղորդում է «Առիթ» կայքէջը, լույս է տեսել «Հովհաննես Թումանյանի թանգարանում» գրքույկ-ուղեցույցը, որը ներկայացնում է հանճարեղ բանաստեղծի խորհրդավոր ու լուսավոր աշխարհը: Գրքույկը բաժանված է ըստ թանգարանի սրահների` «Կլոր սրահ», «Ծիրանագույն սրահ», «Վերնատուն» եւ այլն: Թանգարանի աշխատակիցների նոր ձեռքբերումը Թումանյանի հեղինակած «Հայոց գետեր» նոր թղթախաղի լույս ընծայումն է: Թանգարանի վերականգնած առաջին խաղը «Առածներ լոտոն» էր, որի գրանցած հաջողությունները հիմք հանդիսացան, որպեսզի թանգարանը վերականգնի Թումանյանի ստեղծած մյուս խաղերը: «Այժմ ավելի քան 10 խաղեր սպասում են իրենց հերթին: Եթե ամեն տարի կարողանանք գոնե մեկ խաղ վերականգնել` մեր հարգանքի տուրքը կմատուցենք անմահ Թումանյանին», նկատում են թանգարանի աշխատակիցները: Խաղն ունի թղթախաղի սկզբունքները: Մասնակիցները 4-ն են, գետերի թիվը` 69, բաժանված 8 ավազանի: Յուրաքանչյուր խաղացողից պահանջվում է հավաքել իր ավազանի բոլոր գետերը: Խաղի լրացուցիչ օգնող պարագաներն են քարտեզը, տեղեկատուն գետերի մասին, որոնք ավելի լավ պատկերացում են տալիս գետերի տեղանքի եւ դրանց վերաբերող պատմական անցքերի վերաբերյալ:
«Հայոց գետեր» խաղի շնորհանդեսին զուգահեռ թանգարանում գործող համալսարանի ազատ ունկնդիրները օրերս ներկայացրին փոքրիկ բեմականացում` չարի ու բարու անվերջանալի պայքարի մասին: Բեմականացումը նվիրված էր «Չարի վերջը» հեքիաթի 100-ամյա հոբելյանին:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ