«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#242, 2008-12-27 | #1, 2009-01-13 | #2, 2009-01-14


ԸՆՏԱՆԻՔԻՑ ՀԵՌՈՒ, ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՏ

Կեսօր էր արդեն, «ՍՕՍ-մանկական գյուղում» հանգստյան ժամ էր, մի քանի երեխա բակում ձնեմարդ էին սարքում: Նրանցից առանձնանում է Քրիստինեն, ում աչքերում տարիքին ոչ վայել լրջություն կա: Նրա կյանքի պատմությունը այնքան էլ հարուստ չէ, կորցրել է ծնողներին ու ապրում է մանկական գյուղում, սովորում է Աբովյանի 8-րդ դպրոցում ու իր հասակակիցներից շատերի նման երազում դառնալ բժշկուհի: 13-ամյա Քրիստինեն բնակվում է 8-րդ համարի տնակում վեց քույր ու եղբայրների հետ: Տնակի լուսավոր սենյակները տաքուկ էին ու փայլում էին մաքրությունից: Դարակներին դրված էին Քրիստինեի ու մյուս երեխաների նկարները, դասագրքերը, որոնց կողքին երեխաների ձեռքերով պատրաստված բացիկ կար, ուր մանկական անվարժ ձեռագրով գրված էր. «Սիրելի մայրիկ, շնորհավորում ենք ծննդյան օրվա առիթով: Միշտ երջանիկ եղեք»:

«ՍՕՍ-մանկական գյուղը» գտնվում է Կոտայքի մարզում, հիմնադրվել է երկրաշարժից հետո: Առաջին «ՍՕՍ-մանկական գյուղը» հիմնադրվել է 1949 թվականին Իմսթում Հերման Գմայների կողմից: Այժմ աշխարհի 132 երկրներում գործում են 465 մանկական գյուղեր: «Մեր գյուղում 68 երեխա է ապրում: Մենք ընտանեկան մոտեցում ենք ցուցաբերում որբացած եւ լքված երեխաների խնամքին: Տարբեր ընտանիքների երեխաներ մինչեւ յոթ հոգի միասին կազմում են մեկ ՍՕՍ ընտանիք, որը ղեկավարում է մի կին աշխատող, նա էլ դառնում է ՍՕՍ մայրիկը: Գյուղում ունենք այդպիսի 12 ՍՕՍ ընտանիք», նշում է «ՍՕՍ-մանկական գյուղի» տնօրեն Հովհաննես Կոստանյանը : Նրա խոսքերով, իրենք երեխաներին հոգ են տանում մինչեւ 23 տարեկանը: Ութամյա կրթությունը ավարտելուց հետո երեխաները տեղափոխվում են Երեւանՙ ուսումը շարունակելու: «ՍՕՍ-մանկական գյուղը» մայրաքաղաքում երեք բնակարան ունի, ուր ապրում են արդեն ուսանող սաները: «Երեխաների ուսման վարձը հոգում ենք մենք: Նրանք իրենք են ընտրում մասնագիտություններ, որոնք հիմնականում վերաբերում են արհեստներին` խոհարարություն, վարսահարդար եւ այլն: Այդ ընտրությունը պայմանավորված է նրանով, որ երեխաները շուտ են ուզում անկախանալ», ասում է Հովհաննես Կոստանյանը: Գյուղի սաների գլխավոր խնդիրը մասնագիտություն ստանալուց հետո աշխատանք ու բնակարան գտնելն է:

14 տարեկան Սլավիկը երկու տարի է, ինչ ապրում է ՍՕՍ գյուղում: Մոր մահից հետո նրան մեծացնում էր հայրը, սակայն շուտով հայրն էլ է մահանում ու երեխան մնում է հորեղբոր ընտանիքի խնամքին: «Սլավիկին մեզ մոտ բերել է նրա հորեղբոր տղան, կարծում եմ, դա ճիշտ որոշում էր: Այստեղ նա իր հասակակիցների հետ է մեծանում ու ստանում անհրաժեշտ ընտանեկան ջերմությունը», պատմում է Զարուհի մայրիկը, որն արդեն 18 տարի ՍՕՍ մայրիկ է: Երեխաների մասին պատմելուց նրա աչքերը փայլում են, սկսում է թվարկել նախկին սաների հաջողությունները` երեխաներ բառին անպայման ավելացնելով «ս» հոդը: «Երեխաներիցս մեկը ավարտել է գեղարվեստի ակադեմիան, նրա նկարները տարբեր ցուցահանդեսներում են ցուցադրել», հպարտությամբ պատմում է նա: Սլավիկը ասում է, որ երազում է լեզվաբան դառնալ ու շատ լեզուներ սովորել: «Ինձ այստեղ շատ լավ եմ զգում իմ չորս քույր ու եղբայրների հետ», ավելացնում է նա:

ՌՈՒԶԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4