«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#242, 2008-12-27 | #1, 2009-01-13 | #2, 2009-01-14


ՌՈՆԱԼԴՈՒՆ ՆԱԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆ Է

«Ազնիվ խաղի» մրցանակը Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիաներին

Ցյուրիխի օպերային թատրոնի դահլիճում տեղի ունեցավ մրցաշրջան-2008-ի դափնեկիրների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը, որի գլխավոր իրադարձությունն աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսի տիրոջն անվանելն էր: Ինչպես հայտնի է, աշխարհի լավագույն ֆուտբոլիստը որոշվում է ազգային հավաքականների գլխավոր մարզիչների եւ ավագների միջեւ անցկացվող հարցման արդյունքներով: Ամենաշատ միավորներ վաստակած հինգ ֆուտբոլիստներն էին Քրիստիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսին, Ֆեռնանդո Տորեսը, Կական եւ Խավին, որոնցից մեկին էլ պետք է հանձնվեր լավագույնի մրցանակը:

Առաջին անգամ մրցանակաբաշխությանը հրավիրվել էին Հայաստանի ներկայացուցիչները: ՖԻՖԱ-ն որոշել էր «Ազնիվ խաղի» մրցանակը հանձնել Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիաներինՙ ֆուտբոլի միջոցով խաղաղությունն ամրապնդելու, երկու երկրների միջեւ կապերը սերտացնելու համար: Ցյուրիխում էին գտնվում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը, որին էլ հանձնվեց մրցանակը: «Ֆուտբոլի զարգացման համար» մրցանակը հանձնվեց Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիային:

Բոլորն անհամբերությամբ էին սպասում այն պահին, երբ կհայտարարվեր աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը: Ծրարը բացելու պատիվը տրվել էր ֆուտբոլի արքա Պելեին: Նա մրցանակը հանձնեց Պորտուգալիայի հավաքականի եւ «Մանչեսթր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիանու Ռոնալդուին: Ինչպես նշեց ֆուտբոլի արքան, նախորդ տարի Կակային պարգեւատրելու ժամանակ նա Ռոնալդուին խոստացել էր հաջորդ անգամ մրցանակը հանձնել պորտուգալացի ֆուտբոլիստին:

Մրցաշրջան-2008-ում Ռոնալդուն իր 4-րդ մրցանակը ստացավ: Մինչ այդ նա լավագույնն էր ճանաչվել ՈւԵՖԱ-ի կողմից որպես չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ եւ դարձել էր լավագույնը Եվրոպայումՙ արժանանալով «Ոսկե գնդակ» մրցանակին, նաեւՙ արժանացել էր Եվրոպայի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկին:

«Անցած մրցաշրջանն ինձ համար հիանալի դասավորվեց: Այն հաջող էր նաեւ մեր թիմի համար: «Մանչեսթր Յունայթեդը» դարձավ Անգլիայի չեմպիոն, չեմպիոնների գավաթակիր ու աշխարհի ակումբային առաջնության հաղթող: Ցանկանում եմ աճել ու կատարելագործել վարպետությունս, թեեւ դա անելն ավելի է դժվարանում: Առաջին հերթին ցանկանում եմ մրցանակը նվիրել մորս, ինչպես նաեւ բոլոր այն մարդկանց, որոնք նպաստել են ֆուտբոլիստի իմ կարիերայի կայացմանը», մրցանակը ստանալուց հետո իր համառոտ ելույթում նշեց Ռոնալդուն:

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը որոշվեց 18-րդ անգամ: Քրիստիանու Ռոնալդուն հաղթեց մեծ առավելությամբ: 136 երկրների ներկայացուցիչները նրա ազգանունը հարցաթերթիկներում նշել էին առաջինը: 77 անգամ Ռոնալդուն նշվել էր 2-րդը, 24 անգամՙ 3-րդը: Արդյունքում պորտուգալացի ֆուտբոլիստը վաստակեց 935 միավոր եւ զգալիորեն գերազանցեց 2-րդ տեղը զբաղեցրած արգենտինացի Լիոնել Մեսիին (678 միավոր): Նրանից զգալիորեն հետ մնաց իսպանացի Ֆեռնանդո Տորեսը (203), որին հաջորդում էին բրազիլացի Կական (183) ու իսպանացի Խավին (155): Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ անգլիացի Սթիվեն Ջերարդը (98), կամերունցի Սամուել Էտո՚Օ-ն (58), իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը (49), նրա հայրենակիցներ Անդրես Ինիեստան (37) եւ Դավիթ Վիլյան (37):

Ընդհանուր առմամբ հարցաթերթիկներում նշվել է 23 ֆուտբոլիստի ազգանուն: ՀՀ հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանն ու ավագ Սարգիս Հովսեփյանը նշել են միեւնույն եռյակը. Ռոնալդու, Կակա, Մեսի: Հետաքրքրական է, որ վերջին 4 տարիներին Եվրոպայի եւ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին է արժանանում միեւնույն ֆուտբոլիստը (2005-ինՙ Ռոնալդինյո, 2006-ինՙ Ֆաբիո Կանավարո, 2007-ինՙ Կակա, 2008-ինՙ Ռոնալդու): Նախկինում եւս 7 անգամ դափնեկիրը եղել է նույն ֆուտբոլիստը: 1992-ին դա «Միլանի» հոլանդացի հարձակվող Մարկո վան Բաստենն էր, հաջորդ տարիՙ Ռոբերտո Բաջիոն «Յուվենտուսից»: 1995-ին երկու մրցանակներն էլ հանձնվեցին «Միլանի» լիբերիացի հարձակվող Ջորջ Վեային: Երկու անգամ (1997, 2002-ին) նման պատվի է արժանացել բրազիլացի Ռոնալդոն: 1998-ին դափնեկիրը ֆրանսիացի Զինեդին Զիդանն էր («Յուվենտուս»), 1999-ինՙ «Բարսելոնի» բրազիլացի կիսապաշտպան Ռիվալդոն:

3-րդ տարին անընդմեջ աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհի ճանաչվեց բրազիլացի Մարթան, որին մրցանակը հանձնեց Ֆրանց Բեկենբաուերը: Նա կրկնեց գերմանուհի Պրինցի ռեկորդային ցուցանիշը, որը 2003-05-ին դարձել էր դափնեկիր: Հատուկ մրցանակ ստացավ նաեւ ԱՄՆ-ի կանանց հավաքականը որպես աշխարհի լավագույն հավաքական: Վերջինս անցյալ տարի Պեկինում նվաճել էր օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը:

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները

1991Լոթար ՄաթեուսԳերմանիա
1992Մարկո վան ԲաստենՀոլանդիա
1993Ռոբերտո ԲաջիոԻտալիա
1994ՌոմարիոԲրազիլիա
1995Ջորջ ՎեաԼիբերիա
1996ՌոնալդոԲրազիլիա
1997ՌոնալդոԲրազիլիա
1998Զինեդին ԶիդանՖրանսիա
1999ՌիվալդոԲրազիլիա
2000Զինեդին ԶիդանՖրանսիա
2001Լուիշ ՖիգուՊորտուգալիա
2002ՌոնալդոԲրազիլիա
2003Զինեդին ԶիդանՖրանսիա
2004ՌոնալդինյոԲրազիլիա
2005ՌոնալդինյոԲրազիլիա
2006Ֆաբիո ԿանավարոԻտալիա
2007ԿակաԲրազիլիա
2008ՌոնալդուՊորտուգալիա

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4