«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2009-01-13 | #2, 2009-01-14 | #3, 2009-01-15


ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԴԱՎՈՍԻ ՈՒ ՍՏՐԱՍԲՈՒՐԳԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Հունվարի վերջին շաբաթը քաղաքական բարձր «ջերմաստիճա՞ն» կունենա

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տարին նոր է սկսվում, բայց արդեն իսկ հաճախակիանում են խոսակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների առնչությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հավանական հանդիպումների մասին: Առաջիկա նմանօրինակ հավանական հանդիպումներից առայժմ խոսվում է հունվարի 28-ից փետրվարի 1-ը Դավոսում կայանալիք տնտեսական համաժողովի շրջանակներում Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին:

Նախորդ երկարատեւ ժամանակահատվածում բազմաթիվ ու բազմապիսի հանդիպումները հստակ են դարձրել, որ անգամ եթե վաղը, հաջորդ օրն ու մյուս բոլոր հաջորդող օրերը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեն ու քննարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկություններ-նախագծեր-սկզբունքները, թերեւս առաջընթացի մասին խոսելու հավակնություն, առավել եւս հիմք պետք չէ ունենալ:

Ամեն դեպքում, Դավոսում ղարաբաղյան կարգավորման բանակցությունների շարունակության առնչությամբ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը հայտարարել է, թե ներկայումս Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ առաջիկա հանդիպման պայմանավորվածություն չկա:

«Սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը ինքնին ենթադրում է հանդիպումների անցկացում, այդ թվումՙ երկու երկրների նախագահների մակարդակով», նշել է Ֆարմանյանը:

Երեկ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը նախագահ Սերժ Սարգսյանի` Դավոսի տնտեսական համաժողովին մասնակցելու առնչությամբ «Ազգին» տեղեկացրեց, որ նախագահի արտաքին այցելությունների վերաբերյալ մամուլի ծառայությունը պատշաճ ժամկետում տեղեկացնում է: Ըստ էության, դեռ հստակ չէ` կմասնակցի՞ Դավոսի տնտեսական համաժողովին Սերժ Սարգսյանը, թե ոչ:

Ինչեւէ, ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կարող է կայանալ Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում, որը կանցկացվի հունվարի 28-ից փետրվարի 1-ը: Նման հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւան կժամանեն հունվարի 20-ին, իսկ մինչ այդ կլինեն Բաքվում: Երեւան այցի ընթացքում ծրագրված են համանախագահների հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներին հայտարարել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, համանախագահների տարածաշրջան այցելությունների նպատակը երկու նախագահների հանդիպման նախապատրաստումն է:

Չնայած պաշտոնապես չի հաստատվում Սարգսյան-Ալիեւ հանդիպման հավանականությունը, այնուամենայնիվ, շատ ավելի հավանական է, որ այդ հանդիպումը տեղի կունենա, այն էլ նույն այն օրերին, երբ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կքննարկի Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը` որպես ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերը չկատարելու համար նախատեսվող պատժամիջոց:

Հետաքրքրական կլինի, թե եվրոկառույցներն իրենց մոտեցումների ընտրությամբ որքանով կարող են քննարկումների հոլովույթում համադրել այսօրինակ իրադարձությունների զուգահեռումը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4