«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2009-01-13 | #2, 2009-01-14 | #3, 2009-01-15


ՎՐԱՑԻՆԵՐՆ ԷԼԻ ԱՉՔ ԵՆ ԴՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՎՐԱ

Վրացական-հայկական եկեղեցիների խնդիրը շարունակում է չլուծված մնալ, կրկին վտանգված են հայկական եկեղեցիները: Սուրբ Նորաշենի եկեղեցում կատարվածից հետո այժմ վրացական կողմը նոր ակտիվություն է ցուցաբերում` պահանջելով Հայաստանի տարածքում գտնվող եկեղեցիները ճանաչել վրացական:

«Եթե խնդրի վերաբերյալ նման ոգեւորությունը հայերի կողմից լիներ մոտավորապես 16-17 տարի առաջ, հաստատ այսօր անակնկալի չէինք գա: Խնդիրն ունի 16-17 տարվա պատմություն, սակայն իշխանություններն այն լուրջ չէին համարում: Մինչդեռ վրացական մամուլը գրեթե ամեն օր ողողվում է լուրերով, թե Հայաստանում գտնվող վրացական վանքերն անմխիթար վիճակում են», վստահեցնում է պատմաբան-հուշարձանագետ Սամվել Կարապետյանը : Պատմաբանի վրա մեծ ազդեցություն է ունեցել «Խուճապի վանքին սատանաներն են տիրել» վերտառությամբ հոդվածը: Խուճապի վանքին հարակից գյուղում 90-ականներին վրաց պատրիարքարանը գնել է մի քանի բնակարաններ վանքին սպասավորող կույսերի համար, որոնք մինչեւ այսօր էլ գործում են: Ըստ պատմաբանի, դա լավ մշակված քայլ էր, որպեսզի եկեղեցու հարեւանությամբ ապրեն վրացի հոգեւորականներ:

«Եթե 2 տարի առաջ պահանջում էին որպես վրացական եկեղեցի ճանաչել 6 հայ-քաղկեդոնական եկեղեցի, այսօր արդեն 10 են պահանջում», նկատում է Կարապետյանը: Թեպետ վրացական կողմը դեռեւս չի նշել եկեղեցիների անունները, սակայն պատմաբանը կարծում է, որ դրանք ամենայն հավանականությամբ Լոռու եւ Տավուշի մարզերում գտնվող Ախթալա, Քոբայր, Հնեվանք, Սրվեղ եւ այլ եկեղեցիներն են, որոնց մի մասը կառուցվել են 10-13-րդ դարերում, մյուսներնՙ ավելի վաղ ժամանակահատվածում: Վրացիների պահանջի անհիմն լինելը պատմաբանը բացատրում է ճարտարապետական ոճերի տարբերությամբ: Բացի այդ, եթե վրացական եկեղեցիներում դամբարանները գտնվում են հենց ներսում, ապա Հայ առաքելական եկեղեցիներում եւ հատկապես վերոնշյալ տաճարներում դամբարանները գտնվում են բակում: Պատմաբանը զգալի տարբերություններ է նկատում նաեւ որմնանկարներում, որոնք զարդարում են տաճարների սրահները: «Պահանջում են եկեղեցիները ճանաչել վրացական, որովհետեւ արձանագրությունները գրված են վրացերեն: Սակայն դա հիմք չէ, քանի որ դրանք կառուցել են հայ քաղկեդոնացիները», հավելեց նա: Կարապետյանի խոսքերով վրացիներն այդ եկեղեցիները պահանջում են հետագայում ռազմավարական հենակետեր ունենալու նպատակով: «Պատմությունը միշտ ապացուցել է, որ վրացիներն իրենց վանքի գոյությունը որեւէ պետության մեջ միշտ ընկալել են եւ այսօր էլ նույն ձեւով են ընկալում: Եկեղեցին քաղաքական քայլերի համար հենակետ դարձնել, որտեղից կարող են գործել», ասաց պատմաբանը: Ինչ վերաբերում է հայկական կողմից խնդրին հակադարձելու քայլերին` պատմաբանը կարեւոր որոշում է համարում Ջավախքում հայկական թեմ ստեղծելու գաղափարը, որը սակայն չի իրագործվում: «Բացի այդ, նախ մենք պետք է իմանանք մեր պատմությունը, որպեսզի հետո կարողանանք ապացուցել, որ այդ եկեղեցիներն ու հուշարձանները հայկական են: Մինչդեռ կան բազմաթիվ տաճարներ, որոնց գոյության մասին ոչ միայն իշխանության ամենակարկառուն ներկայացուցիչները, այլեւ արվեստագետներն ու մշակույթի ոլորտում աշխատողները չգիտեն», եզրափակեց Սամվել Կարապետյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4