Եթե Ավստրալիայի նահանգներից Նոր Հարավային Ուելսում առաջիկա ընտրությունների ժամանակ հաղթանակ տանի Լիբերալ (ազատական) կուսակցությունը, ապա հավանականությունը մեծ է, որ հայազգի Գլադիս Բերեճիքլյանը դառնա երկրի վարչապետ, «Ազգին» ուղարկած իր թղթակցությունում հավաստիացնում է Արթուր Հակոբյանը :
Գլադիսը ներկայումս զբաղեցնում է ստվերային (ընդդիմադիր) տրանսպորտի նախարարի պաշտոնը եւ, ըստ Հակոբյանի հաղորդագրության, չափազանց մեծ ժողովրդականություն է վայելում: «Շաբաթ չի լինում, որ նրա մասին թերթերում դրական, դրվատական խոսքեր չգրվեն: Իսկ թերությունները նա խոստանում է վերացնել եւ կատարում է իր խոստումները», գրում է նա:
Գլադիսը գիտակցում է, որ որպես կառավարության անդամ չափազանց զբաղված է լինելու եւ կանգնելու է մեծ մարտահրավերների առաջ: Բայց այդ բոլորից չի ընկրկում եւ պատրաստ է «մի փոքր լավացնելու ժողովրդի կյանքը»:
Այս սկզբունքով է ընդհանրապես նա մտել քաղաքական ասպարեզ եւ Լիբերալ կուսակցությանն անդամակցել այն հաստատ համոզումով, որ «ազատականությունը հնարավորություն է ընձեռում ամեն մի անհատի լիովին դրսեւորելու իրեն», ինչպես ինքն է բնորոշել: Հայ լինելը բոլորովին չի խանգարում իրեն: Նա հպարտ է եւ չի էլ մտածում ազգանունը ուրիշների նման փոփոխելու մասին: Ծնվել է Սիդնեյում, ապրում է Ուիլոբի շրջանում: Ծնողները Մերձավոր Արեւելքից են, մայրը ծնվել է Երուսաղեմում:
Ներկա հաշվարկներով` մոտ 35 հազար հայեր են ապրում Ավստրալիայում, մեծ մասը` Ուիլոբի կոչված տարածքում:
«Հավատացած եմ, որ մարդիկ կարող են ազդել քաղաքական զարգացումների վրա եւ փոփոխել դրանց ընթացքը», ասում է նա: Բակալավրի աստիճան է ստացել քաղաքագիտությունից, իսկ մագիստրոսի աստիճան` առեւտրի բնագավառից: Խոր ցավ է զգում Մերձավոր Արեւելքում տիրող պատերազմական իրադարձությունների կապակցությամբ եւ չնայած նշում է, որ հակամարտությանը լուծումներ առաջարկելը չի մտնում իր պարտավորությունների մեջ, այնուամենայնիվ` «Ես կողմ եմ, որ 2 պետություններ ստեղծվեն ի վերջո եւ խաղաղություն հաստատվի նրանց միջեւ», ասել է նա Արթուր Հակոբյանին:
Գլադիսի հորեղբայրներից մեկը` հայր Ռազմիկ Պողոսյանը տարիներ առաջ ծառայել է Բեթղեհեմի հայկական վանքում նախքան Ավստրալիա փոխադրվելը:
Գլադիսը վերջին անգամ Հայաստան է այցելել 6 տարի առաջ: Քաղաքականությունից բացի, նրա հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում է նաեւ պատմությունը, արվեստները, հատկապես երաժշտությունն ու ֆիլմերը: Նրա կյանքի փիլիսոփայությունն էլ շատ պարզ ու հասարակ է` «բարի եղիր ուրիշների հանդեպ, ամուր պահիր ընտանիքդ, ջանասիրաբար աշխատիր եւ գոհացիր ունեցածով»:
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ