«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2009-01-13 | #2, 2009-01-14 | #3, 2009-01-15


ԸՆՉԱՔԱՂՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ԵԿԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՆ ԴԻՄԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Աշխարհին սպառնացող տնտեսական ճգնաժամի մասին արվում են զանազան մեկնաբանություններ, պարբերաբար հնչում են մի քանի միլիոն դոլար կորցրած այս կամ այն միլիարդատիրոջ ինքնասպանության մասին լուրեր, ռուս-ուկրաինական գազային հակամարտության հետեւանքով տաքուկ պայմաններում ապրելուց զրկված եվրոպացիների անհանգստություններ, Պաղեստինը գնդակոծող իսրայելական հրթիռների եւ տանկերի չդադարող զարկեր, «Համաս» խմբավորման դեմ ուղղված հարվածներն իրենց սրտին առած մարդկանց սպանության դեմ եվրոպական տարբեր քաղաքներում ցույցի դուրս եկած մարդկանց բողոքի ճիչեր:

Այս խելահեղ վիճակին հասնելու պատճառները բազում են, բայց կա մեկ գլխավոր պատճառ, որի մասին բարձրաձայնեց Ռուսիո պատրիարքի փոխանորդ մետրոպոլիտ Կիրիլը` Մոսկվայի Ամենափրկիչ եկեղեցում, որտեղ ռուս ուղղափառ եկեղեցին հունվարի 7-ին նշում էր Սուրբ ծննդյան տոնը: Հիմնական պատճառը նա համարեց մարդ արարածի ընչաքաղցությունը, ամեն գնով հարստություն դիզելու ձգտումը, դիմացինի կարիքներին անհաղորդ լինելը, ստեղծագործ աշխատանքի արդյունքն անտեսելը: Տնտեսական ճգնաժամը, նրա բնութագրմամբ, Աստծո դատաստանն է մարդու ագահության համար: «Ոմանք ասում են, թե 2009 ծանր տարի է լինելու, որ մեզ սպասում է տնտեսական ճգնաժամ: «Կրիզիս» բառը ծագում է հունարեն դատ, դատաստան բառից, եւ այս ճգնաժամը դատաստան է մարդու ագահության, ինքնավերահսկողությունը կորցնելու, ամեն միջոց գործի դնելով էլ ավելի հարստանալու համար: Մինչդեռ կյանքում ամենամեծ արժեքը ոչ թե ֆինանսական սխեմաների եւ գործարքների, այլ մարդու աշխատանքի արդյունքն է: Եթե տնտեսությունը հիմնված լինի այդ սկզբունքի վրա, երբեք ճգնաժամեր չեն լինի», ասաց նա:

Հապացույց նրա խոսքերի ճշմարտացիության, Nielsen միջազգային հետազոտությունների ընկերությունը վերջերս պարզել է, որ տնտեսական ճգնաժամը գրեթե չի ազդում այն երկրների վրա, որտեղ մարդկանց կյանքում գլխավորը ոչ թե նյութական բարիքներն են, այլ մարդկային փոխհարաբերությունները: Վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, թե որ երկրներն են ավելի դիմացկուն ճգնաժամային պայմաններում: Որքան էլ անսպասելի է, բնավ չի նշվում, թե այդ կացությունն ավելի դժվար կլինի ամերիկացիների ու եվրոպացիների, քան ասիական ժողովուրդների համար: Հարցն այն է, որ Մ.Նահանգներում եւ Եվրոպայում մարդիկ նշել են, որ իրենք ոչ միշտ են իրենց երջանկությունը կապում հարստության հետ: Իսկ Լատինական Ամերիկայում ընտանեկան ջերմ մթնոլորտը համարվել է ամենագլխավոր արժեքը, նույնը նաեւ ասիական երկրներում: Սա, իհարկե, բնավ չի նշանակում, թե Մ. Նահանգներում մարդկանց համար կյանքում գլխավորը փողը չէ, բայց ի տարբերություն այլ երկրների, օրինակՙ Լիտվայի եւ Ինդոնեզիայի բնակչության, ամերիկացիներն իրենց երջանկությունը չեն կապում հարստության հետ, նրանց կյանքում առաջնայինը գործընկերների հետ առողջ փոխհարաբերություններն են, նրանց համար դա ընտանեկան մթնոլորտից ավելի կարեւոր է:

Մյուս կողմից, հարստությանն առանձնահատուկ կարեւորություն չեն տվել զարգացած տնտեսություն չունեցող երկրները, ինչպես, օրինակՙ Ռուսաստանը: Երկրները խմբավորելով, ստացվել է հետեւյալ պատկերը` հարուստ եւ երջանիկ, ինչպես Կանադան, Արաբական Էմիրությունները, Նոր Զելանդիան, հարուստ եւ դժբախտ, ինչպես Միացյալ Նահանգները, Նորվեգիան, աղքատ եւ երջանիկ` ինչպես Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը, աղքատ ու դժբախտ` ինչպես նախկին ԽՍՀՄ կազմի մեջ մտնող երկրները: Ի դեպ, այս վերջին խմբում ընդգրկվել են նաեւ Չինաստանը, Եգիպտոսն ու Թուրքիան:

Ընդհանուր առմամբ, մարդկանց կյանքում նյութական բարեկեցությունը համարվել է չափազանց կարեւոր գործոն, առանց որի երջանկության մեխանիզմը լիարժեք չէ: Որքան էլ խոսվում է հոգեւոր արժեքների մասին, երջանկության բանաձեւում առաջին տեղը գրավում է նյութական գործոնը, երկրորդում` աշխատանքը, երրորդում` ընտանիքի անդամների, գործընկերների եւ երեխաների հետ փոխհարաբերությունները:

Ամեն մի ճգնաժամ բերում է արժեքային փոփոխություններ, որպես կանոն, մարդիկ սկսում են խորհել ոգեղենի մասին, կենտրոնանալ մնայուն արժեքների վրա` պահպանելու հոգեկան առողջությունը:

Ինչ խոսք, տղամարդկանց եւ կանանց մոտեցումները միանգամայն տարբեր են, քանի որ, ինչպես պարզել են հետազոտություն անցկացնողները, գրեթե բոլոր երկրներում տղամարդիկ երջանիկ են, եթե հարուստ են, իսկ կանայքՙ եթե լավ հարաբերություններ ունեն իրենց ղեկավարի, գործընկերների եւ հետո միայն ընտանիքի անդամների հետ: Տղամարդկանց կյանքում չափազանց կարեւոր գործոն է նյութապես ապահովված, պաշտպանված եւ ազատ լինելը: Կանանց համար դա նվազ նշանակություն ունի, ինչն էլ նրանց որոշ չափով կազատի տնտեսական ճգնաժամի սուր հարվածներից:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4