Սովորաբար «Ազգը» բամբասանքների եւ ասեկոսեների հետեւից չի ընկնում: Բայց այս անգամ դրանք այնքան կարեւոր հարցեր էին շոշափում, որ Ազգային ժողովի միջանցքներում փորձեցինք դրանցից մեկ-երկուսը գոնե ճշտել: Դա մասամբ հաջողվեց:
Եվ այսպես` ճի՞շտ են արդյոք լուրերը, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու նրա նախագահը ընդդիմադիր դառնալու հովեր ունեն (հատկապես կառավարությանն ու վարչապետին)` կամ այդպիսի դերաբաշխման մասնակիցը պետք է լինեն, քանի որ «Ժառանգությունը» սպառնում է մանդատները վայր դնել: Այս հարցն առաջացնում էր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորների զարմանքը: Նաիրա Զոհրաբյանն իր անունից անմիջապես հերքեց այդ կարգի լուրերը: Ըստ նրա` փետրվարի 12-ին կայանալիք ԲՀԿ համագումարում ոչ մի անսպասելի բան չի կատարվելու, ԲՀԿ-ն ոչ մեկին ու հատկապես կառավարությանն ընդդիմադիր կեցվածք չի ընդունելու: Վարդան Բոստանջյանը հավաստիացրեց. «Եթե այդպիսի բան լիներ` ես տեղյակ կլինեի, ինչ որ մեկը փորձում է խառնշտել»: Սակայն ԲՀԿ-ամերձ (ոչ ԲՀԿ-ական) այլ աղբյուրներ գտնում էին, որ ոչ ոք էլ չի կարող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պահվածքը կանխատեսել, կամ նախապես իմանալ, թե ի՞նչ կառաջարկի նա բարգավաճականներին փետրվարի 12-ին:
Մյուս քննարկվող թեման ԱԺ կուլուարներում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` ԵԽԽՎ-ում պատվիրակություն ունեցող երկրների խորհրդարանների նախագահներին ուղղված նամակի` մամուլում հայտնված ռուսերեն, սխալներով տարբերակն էր. խոսվում էր այն մասին, թե ինչպե՞ս է գերատեսչական այդ գրագրության փաստաթուղթը հայտնվել մամուլում, մանավանդ, ըստ որոշ տեսակետների, այն չէր կարող ստորագրված լինել, քանի որ մայր փաստաթուղթը հայերեն է, եւ դա՛ միայն կարող էր ստորագրած լինել ԱԺ նախագահը: Իսկ ահա մամուլում երեւում է Հ. Աբրահամյանի ստորագրությունը ռուսերեն տարբերակի տակ: Մի մասի կարծիքով` այս նամակը պատճառ էր դարձել, որ ԱԺ արտաքին կապերի պատասխանատու Գեւորգ Պետրոսյանին նկատողություն հայտարարվի (ռուսերեն լիարժեք թարգմանություն չապահովելու համար), մինչդեռ այս նամակի ռուսերեն տարբերակի կազմումը, ըստ որոշ պնդումների, հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Ադամյանին է վերագրվում:
Ի դեպ` նախապես մամուլում հայտնված լուրը, թե պատգամավոր Արմեն Աշոտյանին վիրահատել են, նրա մոտ բարորակ ուռուցք է հայտնաբերվել, էլի մասամբ է ճիշտ` եղած-չեղածը մի փոքրիկ ճարպային գոյացություն է եղել, առողջություն նրան:
Մ.Խ.