Արսեին հաղթելուց հետո Վախթանգը կտեղափոխվի թեթեւագույն քաշային կարգ
Առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանն իր տիտղոսի առաջին պաշտպանությունը կիրականացնի փետրվարի 7-ին: Նրա մրցակիցը կլինի քաշային նույն կարգում WBA-ի վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն Խորխե Արսեն: Այդ մենամարտը մեծ հետաքրքրություն է առաջացրել բռնցքամարտի աշխարհում: Կրակին յուղ են լցնում նաեւ մենամարտին նախապատրաստվող բռնցքամարտիկները, որոնցից յուրաքանչյուրը բարձրագոչ հայտարարություններ է անում` վստահ լինելով, որ անպայման հաղթելու է մրցակցին:
Հերթական անգամ առաջիկա մենամարտին է անդրադարձել Վախթանգ Դարչինյանը, որը պատրաստվում է Արսեին հաղթելուց հետո տեղափոխվել քաշային հաջորդ կարգ. «Ներկայումս բռնցքամարտի սիրահարները սկսել են խոսել իմ ունակությունների մասին, սակայն ես ցանկանում եմ բոլորին հիշեցնել նոկաուտի ենթարկող հարվածիս մասին: Գտնում եմ, որ ես մի լավ դաս կտամ մրցակցիս ու նոկաուտի կենթարկեմ նրան: Չեմ կարծում, որ Արսեին հաղթելուց հետո առաջին թեթեւագույն քաշային կարգի որեւէ բռնցքամարտիկ համարձակվի իմ հետ ռինգ դուրս գալ` տեսնելով, թե ինչպես եմ վարվել Խորխե Արսեի հետ: Չեմ պատրաստվում սպասել նրանց, այլ մտադիր եմ տեղափոխվել թեթեւագույն քաշային կարգ: Եթե նրանք եւս տեղափոխվեն քաշային այդ կարգ ու տիտղոսի արժանանան, ապա պատրաստ եմ նրանց հետ մենամարտել»:
Ի դեպ, Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասերը նշել է, որ առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոններ Ֆեռնանդո Մոնտիելն ու Քրիստիան Միխարեսը եւս մտադիր են տեղափոխվել թեթեւագույն քաշային կարգ, այնպես որ նրանք եւս Վախթանգի հավանական մրցակիցների թվում կլինեն:
Խորխե Արսեի հետ երկու մենամարտ անցկացրած ավստրալացի բռնցքամարտիկ Հուսեյն Հուսեյնը եւս համոզված է, որ Դարչինյանը հեշտությամբ կհաղթի մեքսիկացուն. «Արսեի հետ մենամարտում պետք չէ հարվածներ փոխանակել, նա դա սիրում է: Նա արագաշարժ բռնցքամարտիկ է եւ հուժկու հարվածների է տիրապետում, սակայն եթե Վախթանգը իրեն հարմար հեռավորություն պահպանի, ինչպես Միխարեսի հետ մրցավեճում, ապա Արսեն չի կարողանա նրան հարվածել»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ