Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում անսպասելիորեն շատ անհաջող է մեկնարկել օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը: Նախորդ երկու տուրերում Տիգրանը պարտություններ էր կրել եւ թվում էր, թե երրորդ տուրում երիտասարդ Ավետիք Գրիգորյանի հետ մրցավեճում նրան կհաջողվի շտկել մրցաշարային իրավիճակը: Սակայն այս անգամ էլ Տիգրանն անհաջող խաղաց եւ արդեն 30-րդ քայլում պարտություն կրեց:
3-րդ տուրում գրանցվեցին երկու կարճատեւ պարտիաներ: Մրցաշարի ամենափորձառու մասնակիցներ Արտաշես Մինասյանի եւ Աշոտ Անաստասյանի պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Նրանցից ընդամենը երկու քայլ ավելի կատարեցին Էլինա Դանիելյանն ու Տիգրան Նալբանդյանըՙ կրկին բաժանելով միավորը: Ոչ-ոքի ավարտ ունեցան նաեւ Անդրեասյան-Մելքոնյան, Բաբուջյան-Քոթանջյան եւ Չիբուխչյան-Արա Մինասյան պարտիաները: 3-րդ տուրի ամենաերկարատեւ պարտիան Սամվել Տեր-Սահակյանի եւ Արման Փաշիկյանի մրցավեճն էր, որն ավարտվեց բոլորից ուշ: 67-րդ քայլում հաղթանակ տոնեց սեւերով խաղացող Արման Փաշիկյանը: Այդ հաղթանակը հնարավորություն ընձեռեց Փաշիկյանին միավորներով հավասարվել մրցաշարի առաջատար Արթուր Չիբուխչյանին: Երկու շախմատիստներն էլ վաստակել են 2,5-ական միավոր: Երկուական միավորով հաջորդ տեղերում են Տիգրան Քոթանջյանը, Արտաշես եւ Արա Մինասյանները, Աշոտ Անաստասյանը եւ Ավետիք Գրիգորյանը:
Այսօր կայանալիք 4-րդ տուրում Արթուր Չիբուխչյանը սեւերով կմրցի Տիգրան Քոթանջյանի հետ, իսկ սպիտակներով խաղացող Արման Փաշիկյանի մրցակիցը կլինի Զավեն Անդրեասյանը: Կկայանան նաեւ Անաստասյան-Նալբանդյան, Արա Մինասյան-Դանիելյան, Մելքոնյան-Բաբուջյան, Պետրոսյան-Տեր-Սահակյան, Արտաշես Մինասյան-Գրիգորյան պարտիաները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ