Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցների ուշադրության կենտրոնում է Թուրքիա-Իսրայել հարաբերությունների լարվածությունը: Ի պատասխան Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Իսրայելի հասցեին ուղղված մեղադրական խոսքերի, Իսրայելը կարող է համապատասխան քայլերի դիմել, համոզված են թուրք մեկնաբանները: «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր եւ հրատարակիչ Հարութ Սասունյանն իր հերթական սյունակում հիշեցնում է, որ 2005 թվին Հոլոքոսթից մազապուրծ կոնգրեսական Թոմ Լանթոսը, որը մինչ այդ դեմ էր եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, զարմացրեց բոլորին կողմ քվեարկելով Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեին առաջադրված այդ հարցի վերաբերյալ բանաձեւին: Նա պատճառաբանեց իր քայլը, ասելով, որ դրանով ցանկանում է դաս տալ թուրքերին, որոնք չէին պաշտպանել Մ. Նահանգներին իրաքյան պատերազմի նախօրեին:
Սասունյանը նաեւ նշում է, որ բացի մեղադրական խոսքերից, հարաբերությունների սրման պատճառ էր նաեւ այն, որ Էրդողանը մերժել էր պատասխանել Իսրայելի վարչապետ Օլմերտի հեռախոսային զանգերին եւ անտեսել էր Իսրայելի արտգործնախարար Լիվնիի Անկարա այցելելու ցանկությունը:
Սկզբնական շրջանում Իսրայելը մեծ ուշադրություն չէր դարձնում Թուրքիայի թշնամական կեցվածքին, շարունակում է Սասունյանը, բայց հետագայում լրատվամիջոցները սկսեցին հարցականի տակ դնել Թուրքիայի ռազմավարական դաշնակից լինելու խնդիրը: «Համոզված չենք, որ Թուրքիան իրավունք ունի իսրայելցիներին դաս տալու մարդու իրավունքների վերաբերյալ», գրել էր «Ջերուսալեմ փոստը» հունվարի 5-ի համարում, հիշեցնելով, որ հազարավոր քրդեր սպանվել էին թուրքերի կողմից, եւ որ Թուրքիայի օդուժը ռմբակոծում է Իրաքի այնպիսի շրջաններ, որտեղ PKK-ի խմբավորումներ չկան:
Թուրքական «Հյուրիեթ» թերթը զգուշացրել է հունվարի 9-ի խմբագրականով, որ կառավարությունն անհեթեթ իրողության առաջ կարող է կանգնել ապրիլին, եթե համապատասխան ճիշտ քայլեր չձեռնարկի այժմ:
Առաջիկա օրերին Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերություններն էլ ավելի կարող են սրվել, եթե քաղաքագետների ու ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարների ճնշման ներքո Էրդողանը սոսկ բառերից գործի անցնելով վտարի Անկարայից Իսրայելի դեսպանին Թել Ավիվից, ջնջի ռազմական եւ տնտեսական համաձայնությունները Իսրայելի հետ ու արգելի իսրայելական օդանավերին օգտագործելու իր օդային տարածքը: Իսկ նա նման պատժիչ միջոցների կարող է դիմել, եզրակացնում է Հարութ Սասունյանը, որպեսզի հանդարտեցնի համատարած հակասեմական տրամադրություններն իր երկրում, նախքան տեղական ընտրությունների անցկացումը, որոնք կարող են վճռորոշ լինել իր կուսակցության համար:
Հ. Ծ.