Չախալյանի գործը առայժմ ձգձգման փուլում է
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Միասնական Ջավախք» շարժման առաջնորդներից մեկի, ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի գործի քննությունը ոչ միայն անհասկանալի ու արտառոց բաղկացուցիչներ ունի, այլեւ ինքնին հավակնում է ձգձգվելու բավականին երկար, հատկապես, որ դրա համար հարեւան Վրաստանում միայն ցանկություն է պետք, եւ ոչինչ ավելին: Վերջին դատական նիստը Չախալյանի, նրա հոր եւ եղբոր գործով տեղի է ունեցել դեռեւս դեկտեմբերի 3-ին, որից հետո ցայսօր գործը տեղից չի շարժվում:
«Ազգի» տեղեկություններով, Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը հունվարի 12-13-ին այցելել է նրան կալանավայրում, տեսել, որ բավականին վատթարացրել են Չախալյանի պայմանները: Մինչ այդ էլ վրացական իրավապահ մարմիններն արգելել էին գիրք ու գրականություն փոխանցել Չախալյանին, իսկ փաստաբանի այցելության ընթացքում պարզվել է, որ Չախալյանի խցից տարել են նաեւ ռադիոն, առանց որեւէ բացատրության: Այսինքն, Չախալյանին վրաց իրավապահները նախընտրում են պահել տեղեկատվական վակուումի մեջ` զրկելով նորություններին տեղեկանալու որեւէ հնարավորությունից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանը, որ ստանձնել է «Միասնական Ջավախք»-ի ակտիվիստ Վահագն Չախալյանի պաշտպանությունը, ժամանել էր Վրաստան, այցելել Թբիլիսի ու Ախալքալաք, որտեղ հանդիպումներ է ունեցել Վրաստանում Ֆրանսիայի դեսպան պրն Ֆուռնեի, ԵԱՀԿ վրաստանյան ներկայացուցչության մարդկային չափման գրասենյակի ղեկավար տիկին Առնյո-Լվոֆի, Եվրոխորհրդի վրաստանյան ներկայացուցչության ղեկավար պրն Գաոնի, ինչպես նաեւ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների հետ:
Այն ժամանակ Չախալյանի ընտանիքի դիմումը, որ իրենց շահերը ներկայացնի ֆրանսիացի փաստաբանը, մնաց անպատասխան տարբեր պատճառաբանություններով ու թղթաբանական պահանջներով: Փաստաբան Ստեփան Ոսկանյանն այս անգամ Չախալյանին այցելությանը զուգընթաց համապատասխան մարմիններին է ներկայացրել նաեւ Պատրիկ Արապյանի համար դիմումի մերժման հիմք եղած փաստաթուղթը:
Դեռեւս չկա պատասխան` հաստատվել է Արապյանի առնչությամբ դիմումը, թե ոչ: Փաստաբան Ոսկանյանին փոխանցել են, որ առայժմ պետք է սպասել մինչեւ երկուշաբթի, թեեւ դիմումը ներկայացվել է երկուշաբթի, իսկ այդօրինակ հարցերը պարզ են դառնում մեկ-երկու օրվա ընթացքում:
Ինչեւէ, Չախալյանի գործով վերջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 3-ին, նիստի շարունակման մասին տեղեկանալու զանգերին էլ պատասխանել են, թե նոր գործով նյութերը չկան: Այսինքն` այսքան երկար ժամանակահատվածում այդ նյութերն ընդամենը 100 կմ հեռավորության վրա գտնվող Բորժոմից չեն հասել Ախալցխա:
Նոր գործի մասին էլ հայտնի էր դարձել միայն դեկտեմբերի 3-ի նիստում, երբ դատախազը միջնորդել էր Բորժոմի դատախազության առաջադրած նոր մեղադրանքը ներառել ընդհանուր վարույթում: Չախալյանների պաշտպաններն ու դատավորն անտեղյակ էին նոր մեղադրանքից, ուստի դատավորը որոշել էր հետաձգել նիստը` մինչեւ նոր գործի առնչությամբ կստանա փաստաթղթերը, որոնց մասին էլ կտեղեկացվեն նաեւ փաստաբանները: Սակայն մինչեւ ներկա պահը այդ գործի նյութերից եւ ոչինչ հայտնի չէ, ու չնայած արդեն հայտարարվել է, թե հունվարի 21-ին կլինի գործի քննության շարունակությունը, ավելի շուտ դա կլինի դատական նիստը եւս մեկ անգամ հետաձգելու պատճառ:
Հայտնի արտահայտությունը կարելի է վերաձեւակերպել այսպես. օրենքներ ունեն հարեւանները, աշխարհը չունի: