«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2009-01-15 | #4, 2009-01-16 | #5, 2009-01-17


«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՎԱՅՐ ԿԴՆԻ՞ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ

Այս ամսվա վերջին «Ժառանգությունը» գուցեեւ վայր դնի պատգամավորական մանդատները: Երեկ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց «Ազգի» հարցերին


- «Ժառանգությունում» սկսված խորհրդակցությունները ո՞ր հանգրվանում են, արդյոք հակվո՞ւմ եք մանդատները վայր դնելուն:

- Դա պետք է հունվարի վերջին-փետրվարի սկզբին գումարվելիք կուսակցության խորհրդի նիստը որոշի:

- Անձամբ որպես պատգամավոր ու խմբակցության ղեկավար այդ հարցի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:

- Ինքս վարչության եւ խորհրդի անդամ եմ, ուստի այս պահից սկսած չէի ցանկանա, որ իմ կարծիքը կողմնորոշիչ լիներ:

- Այդ քայլի դրական եւ բացասական կողմերի մասին, սակայն, մտածում եք անշուշտ...

- Ես ուղղակի ասեմ այն փաստարկները, որոնք արդեն մակերեւույթին են. մանդատները վայր դնելու կողմնակիցներն այն կարծիքին են (մենք կապը պահում ենք հասարակության հետ), որ իշխանություններն, ըստ էության, չեն փորձում կառավարման այնպիսի համակարգ ստեղծել-իրականացնել, որի արդյունքում ընդդիմությունը կարող է առավել մեծ նպաստ բերել հետագա Ազգային ժողովի կամ այլ պետական կառույցների աշխատանքներին: Մանդատները վայր չդնելու կողմնակիցներն այն կարծիքին են, որ նախՙ մենք որոշակի թվով ընտրողների ձայն ենք ստացել, այսինքնՙ նրանք մե՛զ են այդ աշխատանքին պատվիրակել, որ «Ժառանգությունը» բավականին ակտիվ մասնակցել է քաղաքական կյանքում, բավականին օրենսդրական եւ իրավապաշտպան նախաձեռնություններով է հանդես եկել, ուստի նմանատիպ քայլերը պետք է շարունակել, իսկ դա հնարավոր է միայն պատգամավոր լինելով, այնպես որ այս քաղաքական թիվ 1 ամբիոնը պետք չէ կորցնել: Ահա այս տարբեր կարծիքների համադրումից հետո կտեսնենք, թե ո՞րն է առավել նպատակահարմար մեր պետության զարգացման տեսանկյունից:

- Խորհրդարանում «Ժառանգության» գործունեությունը լավ տեսանելի է, ի՞նչ է ստացվում, ժողովրդի լեզվով ասած, դույլում հավաքված կաթը խփում-թափում եք:

- Խորհրդարանական աշխատանքը բնականաբար այլ կարգավիճակ է հաղորդում կուսակցությանը, ճիշտ է, բայց «Ժառանգությունը» երբեք կաթ չի թափել ու չի էլ թափելու, այդ որոշումը բացառապես վերաբերելու է, թե ո՞ր պարագան մեր ժողովրդին առավել նպաստավոր կլինի:

- Իսկ այն տեսակետը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է առաջադրվել քաղաքապետի պաշտոնում (նախ` ավագանի բնականաբար, քանի որ անուղղակի ընտրություններ են), մինչդեռ խորհրդարանական լինելը խոչընդոտում է դրան, գուցե սա՞ էլ է ազդակ:

- Դա չի կարող տեսակետ լինել, քանի որ մանդատները վայր դնելու նպատակահարմարության քննարկման հարցը կուսակցությունում քննարկվել է դեռեւս անցած տարվա հունիսի 11-ին, երբ քաղաքապետի ընտրություններին վերաբերող օրինագիծը դեռ չկար: Իսկ օրենքից «Ժառանգության» միջամտությամբ պատգամավոր լինելը խոչընդոտող կետը հանվեց, եթե հիշում եք, յուրաքանչյուր պատգամավոր կարող է առաջադրվել ավագանի:

- Եթե մանդատները վայր դնեք` ինքնուրույն քաղաքական ուժ եք դառնալու, թե՞ գնալու եք դեպի արմատական ընդդիմություն:

- «Ժառանգությունը» միշտ ընդգծված դիմագծով քաղաքական ուժ է եղել եւ մնալու է, իսկ Կոնգրեսին միանալ-չմիանալու հարցը հետագա քաղաքական գործընթացների արդյունք կարող է լինել, կանխատեսել հնարավոր չէ, հիմա էլ Կոնգրեսի հետ համագործակցում ենք:

- Մի տեսակետ էլ կա, թե «Ժառանգության» այդ քայլը խորհրդարանական ճգնաժամ առաջացնելու փորձ կարող է դառնալ, քանի որ առանց ընդդիմության որեւէ խորհրդարան խորհրդարան չէ, բայց ենթատեքստը ո՞րը կարող է լինել, ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնելու:

- Իշխանությունները վարժվել են իմիտացիոն քայլեր անելու` այս ուղղությամբ քննարկման խնդիր չկա: «Ժառանգությունը» միայն մինչեւ այժմ ժողովրդի եւ պետության` ոչ իշխանության ջրաղացին է ջուր լցրել:

- Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է չմեկնել ԵԽԽՎ նստաշրջանին, այդ դեպքում պետության հետ կապված կարեւորագույն խնդիր է լուծվում, գնալ ու մինչեւ վերջ պայքարելն ավելի ճիշտ չէ՞, հայտնի է, որ նրա ելույթը սովորաբար հնչեղություն ունի: Թե՞ արդեն համոզված եք, որ մեզ ձայնից զրկելու են եւ ուզում եք, որ «Ժառանգությունը» մաքուր դուրս գա:

- Այո, Ր. Հովհաննիսյանը քաղաքական հեղինակություն ունի եւ Եվրոխորհրդում, ըստ նպատակահարմարության, ծառայեցրել է դա պետական շահերին, բայց այս պարագայում իշխանությունները «զինաթափեցին» Ր. Հովհաննիսյանին, չկատարելով բանաձեւերի պահանջները, ժողովրդացման քայլեր Հայաստանում չիրականացնելով, եւ նա այնտեղ որեւէ ձեւով չի կարողանալու պաշտպանել ՀՀ շահը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4