Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հղած իր նամակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ «քաղաքացիների բազմաթիվ դիմում-բողոքներով հայտնվել է, որ անձը ոստիկանության բաժին բերման ենթարկվելուց, ձերբակալվելուց, իսկ այնուհետեւ կալանավորվելուց հետո օրենքով սահմանված ժամկետից ավելի ժամանակով պահվել է ոստիկանության համապատասխան բաժնի ձերբակալվածների պահման վայրերում: Ընդ որում, նմանատիպ դիմումներ ստացվել են ինչպես 2008-ին, այնպես էլ 2009-ի առաջին 15 օրերի ընթացքում: Ոստիկանության համապատասխան բաժիններում առկա ձերբակալվածների պահման հաշվառման մատյանների ուսումնասիրությամբ պարզվել է, որ իրականում նման դեպքեր գոյություն ունեն, եւ շատ հաճախ կալանավորվածները պահվում են այնտեղ օրենքով նախատեսված 72 ժամվա փոխարեն 10-15 օր»: Արմեն Հարությունյանը պնդում է, որ «կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մարզի (համայնքի) դատախազի համապատասխան գրություններով կալանավորին ՁՊՎ-ում պահելը հիմնավորվում է ոչ թե օրենսգրքով նախատեսված հիմքով, այլ հետեւյալ պատճառաբանությամբ` մի շարք քննչական գործողություններ կատարելու նպատակով ՁՊՎ-ում պահել տվյալ կալանավորված անձին»: Մարդու իրավունքների պաշտպանը առաջարկում է «տալ պարզաբանումներ վերոնշյալ հարցերի կապակցությամբ, ինչպես նաեւ հայտնել, թե ինչ իրավական հիմնավորվածությամբ են մարզի (համայնքի) դատախազները համանման ցուցումներ տալիս ոստիկանության աշխատակիցներին»: