Պարզաբանում է Հայ ազգային կոնգրեսի խոսնակը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը Հայաստան կատարած մեկօրյա այցի ընթացքում չեն հանդիպել ընդդիմության ներկայացուցիչների հետ: Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ իրենք հանդիպման առաջարկ չեն ստացել: «Համազեկուցողները մնացել են իրենց մանդատի շրջանակներում: Այս անգամ նրանք միայն մեկ նպատակ ունեինՙ պարզել, թե ինչ է արվել քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ: Իսկ այս խնդրի հասցեատերն իշխանություններն են: Այստեղ մենք խնդիր չենք տեսնում», ասաց Արման Մուսինյանը: Կանխատեսում, թե արդյոք ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում Հայաստանը կզրկվի՞ ձայնի իրավունքից, թե ոչ, Արման Մուսինյանը չներկայացրեց: «Որեւէ հայ մարդ, ով գոնե մի փոքր մտածում է այս երկրի մասին, չի կարող ասել, թե Հայաստանին ձայնից զրկելը լավ է: Լավագույն տարբերակն այն կլիներ, որ իշխանությունները մեր ընկերներին ազատ արձակեին, հասկանային իրավիճակի անհնարինությունը եւ քաղաքական ողջախոհություն ցուցաբերեին», ընդգծեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը:
Բանախոսը վստահեցրեց, որ Հայ ազգային կոնգրեսի գլխավոր նպատակը Եվրոպայի խորհրդի եւ Հայաստանի հասարակության կողմից «7- ի գործով» ամբաստանյալներին «քաղբանտարկյալ» ճանաչելն էր: «Մեր նպատակին մենք հասել ենք: Եթե նույնիսկ Հայաստանը չզրկվի ձայնի իրավունքից եւ պատժամիջոցներ չկիրառվեն, Եվրոխորհուրդն այլեւս չի կարող հետ կանգնել իր բնորոշումներից: ԵԽԽՎ որոշումը չի կարող ազդել Հայ ազգային կոնգրեսի ռազմավարության վրա», նշեց Արման Մուսինյանը:
Որ «7-ի գործով» ամբաստանյալները դատավարության ընթացքում չեն կանգնում եւ փաստացի դատական գործընթաց տեղի չի ունենում, Արման Մուսինյանը նկատեց, որ դա իր ընկերների քաղաքական դիրքորոշումն է: «Այս դատը մնալու է իշխանությունների կոկորդին: Եթե կա քաղբանտարկյալ, դատ որպես այդպիսին չի կարող լինել: Տասն անմեղ զոհի իրական սպանողներին պատժելու փոխարեն հատուկ քննչական ծառայությունն այս ամբողջ գործը շինծու ձեւով լցրել է մեկ գործի մեջ եւ իմ ընկերներին դարձրել քաղբանտարկյալ», ասաց բանախոսը:
Մարտի մեկին Հայ ազգային կոնգրեսն արդեն իսկ ծրագրել է հանրահավաք, իսկ ԵԽԽՎ որոշումը կարող է միայն մարտավարական փոփոխություններ մտցնել ընդդիմության ռազմավարությունում:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ