ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
«Ախ ափսոս, որ հիմա այսպես լուռ ու ամոք եմ դարձել,
Թողած քնար ու քնքշություն, գանգատ ու բողոք եմ դարձել...»
Սիլվա Կապուտիկյան
Ավարտելով Եվրոպայի շուրջը յոթ ծովերով «Կիլիկիա» առագաստանավի նավարկության բազմանպատակ նախագծի առաջին փուլը, մենքՙ անձնակազմի անդամներս, ինչպես եւ խոստացել էինք, այցելեցինք Սիլվա Կապուտիկյանին: Շատերն առաջին անգամ էին ոտք դնում նրա շեմից ներս: Իհարկե, դպրոցական նստարանից ծանոթ էին այդ անվան, այդ կերպարի վեհությանը: Հայ գրականություն առարկայից անգիր էին սովորել «Խոսք իմ որդուն» մոգական բանաստեղծությունը: Բայց հեղինակն անհասանելի էր: Եվ հանկարծ դանդաղաքայլ, լայն ժպտալով ինքըՙ կախարդուհին է դիմավորում սեւության չափ արեւահարված մի ողջ խումբ մորուքավորների եւ ուրախ ասում ռուսերեն. «...Ծերուկ ծովահեններ խարույկիս են մոտենում»: Ցավի չափ ծանոթ այդ արտահայտությունից զարմացա, բայց այդ պահին չկարողացա մտաբերել հեղինակին: Բացի դրանից, հանդիսավոր այդ պահին դրա ժամանակն էլ չէր: Սիլվայի նախասենյակում չափից ավելի բարձր աղմուկ էր տիրում: Ես հերթով ներկայացրի տղաներին (ճիշտ է, Սիլվան ծանոթ էր նրանց, ովքեր ծովարշավի մեկնարկի նախօրեին եկել էին իր մոտ, օրհնություն ստանալու, ինչպես ինքն էր ասումՙ մեր խիզախության համար):
Տանտիրուհին նստած էր գեղեցիկ, ճոխ բացված սեղանի գլխին: Ամեն ինչից երեւում էր, որ հիմնավորապես նախապատրաստվել էր հանդիպմանը ինչ-որ յուրահատուկ հարգալից պատասխանատվությամբ, ոչ առանց իր մոտիկ ազգականուհի Ռաֆլետայի օգնության, որը երկար տարիներ նրա հոգածուն էր: Պետք է ասել, որ Սիլվա Կապուտիկյանը, բացի ամենայնից, հիանալի թամադա էր: Սեղանի շուրջը արտաբերած նրա խոսքն իմաստուն էր ու պատկերավոր:
Գտնվելով ծովում, տղաները լավ գիտեին, որ վերադարձին անպայման այցելելու էինք Սիլվա Կապուտիկյանին եւ Սոս Սարգսյանին, որոնք, պատահում էր, օրական մի քանի անգամ զանգում էին «Կիլիկիա»-ի տախտակամած: Եվ ահա նրանց երազանքն իրականացավ: Խոսք վերցնելով, ինչպես միշտ տանտիրուհին էր անում, սկսեցի հեռվից: Տեղեկացրի «կիլիկիացիներին», որ ավելի քան յոթանասուն տարի Կապուտիկյանը գտնվում է ոչ միայն մեր ժողովրդի սեւեռուն ուշադրության կենտրոնում: Ճիշտ է, անմիջապես էլ ընդգծուն ներողություն խնդրեցի, որ ակամա ակնարկել եմ իր պատկառելի տարիքի մասին: Իսկ Սիլվան ծիծաղեց եւ շուտասելուկի պես նետեց պատասխանը, ասես պատրաստ էր տարիքի թեմայի արծարծմանը. «Նախ, համաձայն քո վիճակագրության, ստացվում է, որ իմ ստեղծագործական ստաժնն ավելին է, քան քո կենսաբանական տարիքը: Եվ դա կարելի է ապացուցել վավերագրերով: Քո յոթանասուն տարին լրանալու է մի քանի ամսից, իսկ իմ առաջին բանաստեղծությունը «Պիոներ կանչ»-ում տպագրվել է յոթանասուներկու տարի առաջ: Երկրորդՙ իննսունամյակի շեմին կանգնած կինն արդեն ոչ թե վախենում, այլ ավելի շուտ հպարտանում է, երբ հիշեցնում են իր տարիքի մասին: Քանզի նման կնոջն արդեն կարելի է կոչել ոչ միայն տաղանդավոր ու խելացի, այլեւ իմաստուն: Այնպես որՙ միայն հանուն դրա արժե ապրել իննսուն տարի, գումարած մեկ օր»:
Տոնական սեղանի շուրջն ուրախ քրքիջ տարածվեց: Ես նկատեցի, որ ամենից պայծառ փայլում էր Սիլվայի գեղեցիկ դեմքը: Ես հասկանում էի, որ նա սպասում էր, թե ինչ-որ մեկն այնուամենայնիվ իրեն կհարցնի «գումարած մեկ օր» հանելուկի մասին: Բայց այդ պահին փրկիչ Ռաֆլետան (նա իրոք վերջին տարիներին պարզապես հերոսաբար փրկում էր ծանր հիվանդ Սիլվային) բերեց հերթական կերակրատեսակը, եւ երիտասարդներն ուրախ աղմկեցին:
Ինքս լավ գիտեի այդ «գումարած մեկ օր» հանելուկի մասին: Բայց ցանկանում էի, որ տանտիրուհին անձամբ բացեր գաղտնիքը: Եվ հարցս նրան ուղղեցի բավական բարձր, որպեսզի միաժամանակ լռեցնեի ֆիրմային քյուֆթայի առիթով տիրող ուրախ փսփսոցը. «Սիլվա ջան (նա դեռ վաղուց էր պնդել, որ գործընկերներն իրեն պարզապես անունով դիմեն), իսկ ինչո՞ւ հենց մեկ օր: Դա վանեցու առատաձեռն ժլատությո՞ւն է»:
Իմ հարցից գոհ Սիլվան սկսեց մի տեսակ փիլիսոփայաբար հանգամանալից. «Գիտե՞ս, հայտնի չէ ում թեթեւ ձեռքով մեզանում բոլոր մահախոսականները սկսվում են միեւնույն բառերովՙ «Այսինչ տարիքում կյանքից հեռացավ...»: Դե, ես էլ կուզենայի, որ իմ մասին գրեն, որ կյանքից հեռացել եմ տասներորդ տասնամյակիս...»: Եվ փոքր դադարից հետո ավելացրեց. «Տեսնո՞ւմ ես, ի՜նչ փառահեղ է հնչումՙ տասներորդ տասնամյակ: Բայց դրա համար պետք է ապրել իննսուն տարուց թեկուզ մեկ օր ավելի: Կամ էլ մեռնել հոբելյանի օրը»:
Ավա՜ղ, Սիլվան չձգեց մինչեւ այն ամսաթիվը, որի մասին երազում էր իրեն հատուկ թեթեւ ծաղրասիրությամբ: Սակայն չձգեց այստեղՙ երկրի վրա, չձգեց ֆիզիկապես: Ես հաճախ եմ մտածում, որ նրա կարիքը շատ ունենք: Նրա կարիքը միշտ էլ ունեցել են մեր ժողովուրդը, մեր բարդ ժամանակները: Իր իսկ խոստովանությամբ, նա ծնվել էր ոչ թե այծեղջյուրի, այլ հավերժական ընդդիմության նշանի տակ. ընդդիմություն ամեն ինչի ու ամենքի, նույնիսկ բուն ընդդիմության հանդեպ: Հենց այդ պատճառով էլ նրա ներսում ե՛ւ համերաշխ, ե՛ւ հակասաբար տեղ էին գտել բանաստեղծն ու փիլիսոփան, արձակագիրն ու հրապարակախոսը, տրուբադուրն ու հռետորը:
Սիլվայի մոտ ուժգին ու սուր էր արտահայտված ժամանակի զգացողությունը: Երբ Ղարաբաղյան շարժման եւ ԽՍՀՄ փլուզման արշալույսին շատերը ցուցադրաբար այրում էին իրենց կուստոմսերը, Սիլվան ասում էր, որ ինքը կուսակցություն է ընդունվել Հաղթանակի տարումՙ 1945 թվականին: Որպես կին, որպես մանկահասակ որդու մայր, նա, գուցե ինչպես ոչ այլ ոք, այն ժամանակ գիտակցել էր Հաղթանակի գինն ու չափը: Այդ մասին հիշեցի բոլորովին էլ ոչ պատահաբար: Բանն այն է, որ վերակառուցման տարիներին, ամենաթողությունից համարձակություն ստացած շատ վախկոտներ լկտիաբար պղծում էին Հայրենական մեծ պատերազում սեփական ժողովրդի գործած սխրանքը: Այդ օրերին ես մի հոդված գրեցի, որտեղ մեջբերում էի կատարել մարշալ Վասիլեւսկու հուշագրություններից: Ալեքսանդր Միխայլովիչ Վասիլեւսկին գլխավոր շտաբի պետն էր եւ գերագույն հրամանատարության հանձնարարությամբ համաձայնեցնում էր մի շարք ռազմաճակատների խոշոր գործողությունները: Միաժամանակ կարգավորում էր նաեւ հայ-թուրքական սահմանի վրա, Ախուրյան գետի ողջ ձախափնյա երկայնքով տեղակայված զորամիավորումների գործողությունները: Եվ ահա հայտնի դարձավ, որ Հիտլերի չարաղետ ցուցումով Ստալինգրադի անկումը պետք է ազդանշան հանդիսանար Խորհրդային Միության վրա Թուրքիայի հարձակման համար: Ավելի ճիշտՙ Հայաստանի եւ Վրաստանի վրա: Եվ դժվար չէ պատկերացնել, թե այդժամ ինչ կերպ կդասավորվեին մեր ժողովուրդների ճակատագրերը:
Այդ հոդվածն օրակարգի թեմա դարձավ Գրողների միության հերթական ժողովի համար: Պետք էր տեսնել ու լսել, թե Սիլվան ինչպես էր խոսում ամբիոնից: Դա իրոք պետք էր տեսնել ու լսել: Տեսնել նրա հիասքանչ դեմքն ու վառվող աչքերը, լսել ցավի չափ ծանոթ նրա ձայնը, հետեւել հիրավի տղամարդկային տրամաբանությանն ու փաստարկներին:
...Այս հոբելյանական օրերին մեր ժողովուրդը, եւ համոզված եմ, ԱՊՀ երկրներում հոբելյարի շատ երկրպագուներ առաջին հերթին կհիշատակեն Սիլվա Կապուտիկյանի պոեզիան կամ Սիլվա-բանաստեղծուհուն: Գրականագետներն արդեն հավանաբար գիտեն, թե նրա բանաստեղծական որ հրաշքներն են ներառվելու մեր հարուստ, այդ իսկ պատճառովՙ հեղինակավոր հայկական պոեզիայի, մանավանդ քնարերգության գանձարանում: Բայց անձամբ ինձ համար Սիլվան միշտ կմնա որպես մարտիկի ամբողջական կերպար: Ինձ թվում է, դա շատ կարեւոր է: Ես խորապես համոզված եմ, որ Սիլվան մեր ժամանակակիցների այն ոչ ստվար կոհորտայից է, առանց որոնց անհնար է պատկերացնել մեր բազմաբարդ, դրամատիկական եւ միաժամանակՙ հերոսական դարաշրջանը: Եվ չի կարելի թույլ տալ, որ անվիճելիորեն ականավոր պոեզիան ստվերի բազմածավալ կերպարը:
...Երկար տարիներ նա տառապում էր նենգ հիվանդությամբՙ հիպերտոնիայով, եւ միշտ լավատեղյակ էր, թե աշխարհում ինչ նոր դեղամիջոցներ են հայտնվում այդ ավերիչ ցավի դեմ: Մի քանի անգամ «միկրոինսուլտներ» էր տարել, ինչպես ինքն էր սիրում կրկնել: Պատահեց այնպես, որ վերջին, ամենաուժգին հարվածը տեղի ունեցավ հենց իմ աչքի առջեւ: Այդ դեպքի մասին ես պատմել եմ այն ակնարկում, որ գրեցի «Կիլիկիա» առագաստանավում անմիջապես այն բանից հետո, երբ մեզ հաղորդեցին նրա մահվան մասին: Այդ չարաղետ հարվածը տեղի ունեցավ հենց ճանապարհին: Մենք միասին գնում էինք Արցախ: Նա հետո դա կկոչի վերջին ճանապարհ: Ես հասկանում էի, թե հատկապես նրա շուրթերից որքան ցավագին է հնչում «վերջին ճանապարհ» բառակապակցությունը: Նրա, որ ըստ էության ամենայն կրքով սիրում էր հենց ճանապարհը: Կարծում եմ, պատահական չէր, որ երբ յոթանասունական թվականների կեսերին տպագրության էր պատրաստվում Հայաստանի գրողների միության տեղեկագիրը, որտեղ այբբենական կարգով տեղադրված էին գրական գործիչների լուսանկարներն ու համառոտ կենսագրականները, Սիլվան պնդեց, որ իրեն ներկայացնող տեքստն ինքն է գրելու: Եվ շեշտը դրեց ոչ թե բանաստեղծական ժողովածուների եւ հրապարակախոսության վրա, այլ երկրների մի հսկայական ցանկի, որտեղ եղել էր: Դրանով նա ընդգծեց, որ իր ստեղծագործություններից շատերը, եւ առաջին հերթինՙ «Քարավանները դեռ քայլում են», ծնվել են ճանապարհին: Այդ գիրքը լույս տեսավ նաեւ ռուսերեն: Եվ առաջին անգամ Խորհրդային Միությունում ընթերցողներն իմացան հայկական ողբերգության համամոլորակային չափերի մասին: Իրականում բուն «քարավան» պատկերում մենք առաջին հերթին տեսնում ենք ճանապարհ: Եվ հանկարծ, ապրած մեծ ու դինամիկ կյանքի վերջին չորս տարիներն սկսեցին չափվել վաղուց լեգենդար դարձած բնակարանի մանրահատակի վրա ոլորուն «երթագծերով», որտեղ նա իրեն զգում էր ինչպես վանդակում: Թեեւ շատ էր սիրում իր տունը: Ընդհանրապես տան պատկերը համեմատում էր մոր կերպարի հետ: Այդպես էլ գրել է. «Մայրը միայն մայր չէ, այլ տուն...»: Եվ սակայն պատերն ու առաստաղը ճնշում էին նրա Ազատությունը: Կարծում եմ, պատահական չէր, որ վերջին շրջանում հաճախ էր մտաբերում իրեն ծանոթ եւ անծանոթ Վիկտորյա Գոլդովսկայային, հոգու, գրչի ու քնարի գծով իր ընկերուհուն: ԳՈՒԼԱԳ-ի մագադանյան այդ կալանավորին էին պատկանում այն տողերը, որոնցով Սիլվան մեզ դիմավորեց իր նախասենյակումՙ «...ծերուկ ծովահեններ խարույկիս էին մոտենում»: Գոլդովսկայայի հետ ես ծանոթացել էի Մագադանում, որտեղ նա ճամբարում էր անցկացրել տասնութ անտանելի տարիներ, ի դեպ, իր բանաստեղծությունների պատճառով: Կարդալով նրա մասին իմ ակնարկը «Լիտերատուրնայա գազետա»-ում, Սիլվան ասաց. «Երբ ծանոթանում ես նման ճակատագրերի, ապա երբեմն ամաչում ես սեփական տրտունջների, թուլության ցուցաբերման համար: Տասնութ տարի, զրկված լինելով նույնիսկ ընտանիքի հետ նամակագրական կապի հնարավորությունից, ընկերներից, առողջությունից, ատամներից, ժպիտից, նա կարողացավ գոյատեւել միայն այն պատճառով, որ բանաստեղծություններ էր գրում: Գրում էր ծածուկ: Գրում էրՙ հաղթահարելով հոգու դժոխային ցավը»: Եվ Սիլվան սիրում էր այդպիսիներին: Հարգում էր նրանց, ովքեր միշտ ուժ էին գտնում իրենց մեջ հաղթելու սեփական պարտությունը: Չէ՞ որ այդպիսին էր եւ ինքըՙ Սիլվան:
...Խոստովանում էր, որ ողջ կյանքի ընթացքում ինչ-որ բարդություններ է ունեցելՙ կապված ստալինյան բռնաճնշումների հետ, կուսակցության 20-րդ համագումարի հետ, որտեղ Նիկիտա Խրուշչովը մերկացրեց Ստալինի անձի պաշտամունքը: Ողջ սարսափն այն էր, որ դրանից հետո, իրոք լեգենդար կուսակցական համաժողովից, ավելի ճիշտՙ Խրուշչովի լեգենդար զեկուցումից հետո, շատերը հանկարծ համարձակություն ստացան, ինչպես դա եղավ նաեւ վերակառուցման տարիներին: Նա բոլորովին չէր ամաչում եւ չէր տառապում այն պատճառով, որ ժամանակին բանաստեղծություններ էր գրել Ստալինի մասին, ինչպես որ գրել էին ե՛ւ մեծն Չարենցը, ե՛ւ մեծն Իսահակյանը, ե՛ւ մեծն Շիրազը: Սիլվայի կարծիքով, խոսքը միայն այն մասին չէր, որ իրենք բոլորը հավատում էին կոմունիզմին, Լենինին, Ստալինին: Օրինակ, հենց Ավետիք Իսահակյանը հակաբնական հասկացություններ էր համարում կոմունիզմն ու սոցիալիզմը: Եվ սակայն գրում էր: Խոսքը բոլորովին այլ բանի մասին էր, կարծում էր Սիլվան: Տոտալ, խստիվ ոճավորված «կարմիր քարոզչության» խորապատկերին հանկարծ հալոցք սկսվեց, երբ մարդիկ զգացին, որ իրենք մարդիկ են, որ կարող են թույլ տալ իրենց բացեիբաց ասել ճշմարտությունը: Պատահաբար չէր Սիլվան ընդգծում, որ Վարպետը, արդեն հիվանդ, արդեն մահվան մահճում ոչ առանց ուրախության խոսում էր Ստալինի հանցագործությունների բացահայտման մասին, նրան համեմատելով շշից դուրս թռած ջինի հետ, Բերիայի մահապատժի մասին, որպես գործած չարիքի համար պատժվելու առաջին ծիծեռնակի: Եվ իր մեծ ուսուցչի նման վերաբերմունքն այն տարիների իրադարձություններին Սիլվան ընկալել էր որպես սերտելիք դաս:
Երբ ողջ հանրապետությունում, Երեւանի պետհամալսարանի, գրողների եւ այլ ստեղծագործական միությունների կուսակցական ժողովներին բոլորը միաձայն համախմբվել էին Հայաստանի կոմկուսի Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Գրիգոր Արուտինովի դեմ, ակտիվիստների մեջ էր նաեւ Սիլվան: Բայց անցան տարիներ, եւ նա բացորոշ գիտակցեց, թե որքան վտանգավոր են «շտապողականությունը, անմտածվածությունը, միակողմանի մոտեցումը, վհուկաորսը եւ քաղաքական նորաձեւությունների հետեւից ընկնելը» (նրա բառերն են): Առաջիններից մեկն էր, որ մատիտը ձեռքին տվեց իր համար ոչ պակաս կարեւոր այն հարցը, թե քանի՜-քանի՜ մարդու կյանք է հաջողվել փրկել հենց Արուտինովին, վտանգելով իր անձը: Մեր զրույցներից մեկի ժամանակ (նա գիտեր, որ ես երկար տարիներ աշխատում էի ինձ համար ծանր մի գրքի վրա, նվիրված հորս, մորս եւ բոլոր նրանց ճակատագրերին, ովքեր ստալինիզմի զոհ դարձան) նա խոստովանեց. «Ես ծանոթացել եմ պարտադիր կարգադրագրերի թվերին, այսինքնՙ այն պլաններին, որոնց համաձայն ամեն տարի, ամեն օր մարդկանց պետք էր ուղարկել Սիբիր, ԳՈՒԼԱԳ, եւ սարսափել եմ այդ թվաբանությունից: Չէ՞ որ մահապատժի էին ենթարկում նաեւ նրանց, ովքեր չէին կատարում այդ կարգադրագրերը: Ահա թե ինչու մենք իրավունք չունեինք աջ ու ձախ ինքնահաճ գնահատականներ տալ»:
Եվ ահա այդպես «մտածված, ոչ միակողմանիորեն», գործուն կերպով վերլուծում էր բարդագույն հարցեր, հաճախ հակասության մեջ մտնելով ինքն իր հետ: Միաժամանակ միշտ մնում էր սկզբունքային ամեն ինչում: Կարդալով նրա ելույթների տեքստերը կուսակցական ժողովներում, գրողների բոլոր համագումարներում, որոնց որպես կանոն մասնակցում էին Հայաստանի ղեկավարները եւ Մոսկվայի պաշտոնական դեմքեր, առաջին հայացքից զարմանում ես, որ նա կարծես թե կրկնում է ինքն իրեն: Նրան մեղադրում էին, որ քննադատում էր Զարոբյանին, գովաբանելով Քոչինյանին: Հետո քննադատեց Քոչինյանին, գովաբանելով Դեմիրճյանին: Բայց շուտով ամենից շատ բաժին հասավ Դեմիրճյանին: Ողջ կյանքում պայքարել էր տոտալիտարիզմի եւ գրաքննության դեմ, բայց երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, ատեց Տեր-Պետրոսյանին, Գորբաչովին, Ելցինին: Բայց քչերը գիտեին, որ այդ թվացյալ հակասություններում էր ամփոփված կապուտիկյանական ճշմարիտ սկզբունքայնությունը: Նա քննադատում էր երեւույթները եւ ոչ թե ինքնանպատակ նրանց, ովքեր այս կամ այն ժամանակ իշխանության ղեկին էին: Հարգում եւ գնահատում էր Վազգեն Մանուկյանին: Բայց բավական էր, որ վերջինս մի անգամ նրա տանը, ցույցերի թեժ շրջանում իր գործողություններն արդարացներ, ասելով, թե «երբ որոտում են թնդանոթները, մուսաները լռում են», որպեսզի սառնությամբ լցվեր նրա հանդեպ: Իմիջիայլոց, սառնության մասին. նրա հարաբերությունները Հրանտ Մաթեւոսյանի հետ փչացան Վանո Սիրադեղյանի պատճառով, որին, մեղմ ասած, չէր ընդունում: Բայց քչերը գիտեն, թե ինչ ապրումներ ուներ այն պատճառով, որ այդքան բարդ մի ժամանակահատվածում Հրանտի հետ հայտնվեցին բարիկադի հակառակ կողմերում: Շատերը չգիտեն, թե ինչ լուսավոր բառեր է գրել նրա մասին: Կամ, հրաժարվեց «Մեսրոպ Մաշտոց» շքանշանից, երբ գիշերով ցրեցին ցույցը Բաղրամյան պողոտայում: Խնդրագին պնդում էր, որ նախագահ Քոչարյանին վերադարձնեմ իր շքանշանը: Իմ այն հարցին, թե դա ինչպե՞ս է պատկերացնում, ազնվորեն պատասխանեց. «Չեմ պատկերացնում»: Իսկ որոշ ժամանակ անց հրաժարվեց այդ մտքից, ասելով, որ այլեւս թույլ չի տալու իրեն մոտենալ նրանց, ովքեր ինքնանպատակ ջուր են պղտորում:
...Իմ յոթանասունամյակի առիթով մի ընդարձակ ուղերձ էր հղել, որտեղ կային այսպիսի բառեր. «...Ես ուրախ եմ, որ մասնակից եմ եղել քո անխոնջ պայքարին, որ չնայած տարիքային տարբերությանը, մենք միասին ենք անցել ժամանակի բավական մեծ մի հատված»: Բայց չէր զլացել ավելացնել նաեւ մեկ այլ ճշմարտություն. «Ես գիտեմ, որ մեր համակրություններն ու հակակրությունները հիմա որոշ չափով տարբեր են»:
Վերադառնամ խոսքիս սկզբին եւ կրկնեմ. Սիլվան ինձ համար միայն պոետ չէ: Ինձ համար Սիլվան Սիլվա Կապուտիկյանն է: Ես կարծես թե շատ էլ լավ հասկանում էի նրան: Պետք էր, եթե չասենքՙ նա պարտավոր էր սեփական երգն անավարտ թողած, ծառայել ոչ թե Աստծուց պարգեւ ստացած իր մուսայինՙ պոեզիային, այլ կոշտ, երբեմն էլ դաժան հրապարակախոսությանը, որն այնքան անհրաժեշտ էր մեր այդ նույն կոշտ ու դաժան դարում: Պետք էր մեր ժողովրդին: Պատահական չէր, որ փիլիսոփաները գտնում էին, որ խառնակ ժամանակներում արվեստագետը պետք է սնվի միայն հրապարակախոսության ցամաք հացով, որը գեղարվեստական գրականության օպերատիվ եւ մարտավարական ժանրն է: Սիլվայի սրտով չէր փիլիսոփայի այն միտքը, թե վիպասանի եւ քնարերգուի խնդիրն ամփոփված է նրանում, որ ընթերցողի մեջ բթացնելով իրականության եւ իրողության զգացումը, իր մտահղացմանը տա կարծեցյալ գոյության հիպնոսականություն: Այս դատողությունը բավական վիճելի էր համարում, քանզի անսասան գիտակցում էր. լինում են ժամանակներ, երբ ե՛ւ վիպասանը, ե՛ւ քնարերգուն պետք է ոչ թե փիլիսոփայեն հանուն փիլիսոփայության, ոչ թե նորից բացահայտեն գեղեցկության օրենքները, այլ միայն գործեն: Սվինին ու խաչին հավասարեցնեն գրիչը:
«Կիլիկիա»-ի վրա գրված ակնարկ-մահախոսականը ես վերնագրել էիՙ «Հեռացավ, որպեսզի մնա»: Եվ այսօր, իր 90-ամյակի օրը նա մեզ հետ է, իր բառերով ասածՙ «Մեզ հետ, մեր մեջ, մեր հոգիներում»:
...Վերջին անգամ ես նրան տեսա 2006 թվականի ապրիլի վերջին: Կոնյակի փոքրիկ ըմպանակը ձեռքին նա օրհնեց «Կիլիկիա»-ի վերջին արշավանքը: Տղաները գնացին, իսկ ես դեռ մի ժամ էլ մնացի նրա մոտ: Ինքն այդպես կամեցավ: Հոգատար Ռաֆլետան մեզ թեյ բերեց եւ թողեց մենակ: Ոչ մի երկխոսություն էլ չստացվեց: Միայն մենախոսություն: Քանզի հիմնականում խոսում էր Սիլվան: Սիլվա Կապուտիկյանը: Եվ երբ իմ հետեւից ծածկվեց դուռը, որն այնքան հաճախ էի բացել, համակվեցի կանխազգացմամբ. մի քանի վայրկյան առաջ ես իմ մարտական ընկերուհուն տեսա վերջին անգամ: Գուցե հենց այդ պատճառով էր, որ հաճախ պահը որսալով, նավից զանգում էինք նրան, ինչպես որ Սոս Սարգսյանին, եւ ծովային անծայր հարթության վրա բարձր գոռում մեր սրտին թանկ երկու վանկերը. «Սի՛լ-վա՛, Սի՛լ-վա՛»: Վերջին անգամ նրա հետ խոսել եմ մահվան նախօրեին: Նա գտնվում էր հիվանդանոցումՙ ոտքի ահավոր կոտրվածքից հետո: Մեզ հեռախոսով կապեց նրա որդինՙ իմ բարեկամ Արա Շիրազը: Ի լրումն բազմաթիվ հիվանդությունների, հիմա էլ անտանելի ցավերից տառապելով, Սիլվան աշխատում էր առույգ եւ ուրախ թվալ, մեզ մաղթելով, ինչպես իրեն էինք սովորեցրելՙ յոթ ֆուտ ջուր ողնուցի տակ: Մաղթեց նաեւ, որ շատ ու շատ ճանապարհներ անցնեմ, հիշեցնելով, որ իր վերջին ճանապարհն արդեն անցել է: Ես հասկանում էի, թե ինչի մասին է խոսում: Դեպի Արցախ տանող մեր համատեղ ճանապարհի:
...Բայց ցանկանում եմ նորից վերադառնալ իմ դառն կանխազգացմանը: Մեր այն վերջին հանդիպմանը, նրա հրաժեշտի մենախոսության էությանն ու իմաստին: Երբեք չեմ մոռանա այդ րոպեները: Նրա խուլ ձայնը, սթափ միտքն ու մարգարեական խոսքը: Եվ միայն վերջում հասկացա նրա փիլիսոփայական հայտնագործության էությունը:
Առանց դույզն իսկ վերամբարձության իր անհանգստությունն արտահայտեց ողջ մարդկության, հետեւաբար եւ հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ: Իրոք այնպիսի տպավորություն էր, թե բիբլիական մի մարգարե տիեզերական մի գաղտնիք է բացում. եթե վերահաս մի դժբախտություն պայթի մարդկության, հետեւաբարՙ հայ ժողովրդի գլխին, ապա ամենասարսափելին կլինի ոչ միայն այն, որ կոչնչանա ամեն կենդանի բան, այլեւ որ կոչնչանան բոլոր... մեռյալները: Եվ որպեսզի խոսքը մռայլ նոտայով չավարտի, լայն ժպտաց ու հենվելով ձեռնափայտին, զուր փորձեց բարձրանալ: Ես օգնեցի նրան ոտքի կանգնել:
Նախասենյակի դռան մոտ կանգ առավ: Դեմքը գունատ էր: Նայեց ինձ, աչքերը կկոցելով ժպտաց: Ապա ծանր շնչելով, հազիվ լսելի շշնջաց. «Ողջույնս հաղորդիր իմ ծերուկ ծովահեններին: Բարի նավարկություն եւ յոթ ֆուտՙ ողնուցի տակ...»: Չեմ հիշում, պատասխանեցի՞ նրան ավանդական «Բարով մնաս»-ով: Այդ պահին ես բոլորովին այլ բանի մասին էի մտածում:
Մտածում էի այն մասին, որ Սիլվան գահավիժեցրեց հնուց ի վեր հաստատված այն հավատամքը, թե մարգարեները միայն տղամարդիկ են լինում: