«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2009-01-15 | #4, 2009-01-16 | #5, 2009-01-17


ԷՄՄԱ ԿՈՐԽՄԱԶՅԱՆ

Կյանքից հեռացավ հայ արվեստագիտության երեւելի դեմքերից մեկը, Մատենադարանի ավագ գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր Էմմա Կորխմազյանը:

Դեռեւս 1941-ին Մոսկվայից Երեւան տեղափոխված Էմմա Կորխմազյանը, ավարտելով Գեղարվեստի ինստիտուտը, ընդգրկվում է հայ միջնադարյան արվեստի ուսումնասիրման երախտավոր Լիդիա Դուրնովոյի կազմակերպած արվեստագետների խմբում, որոնք Հայաստանում առաջին անգամ զբաղվեցին եկեղեցական որմնանկարների ու ձեռագիր մատյանների մանրանկարչության վերականգնման ու ընդօրինակման աշխատանքներով: Էմմա Կորխմազյանն անմիջական մասնակցություն ունեցավ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տաճարի, Տաթեւի վանքի, Լմբատավանքի, Արուչի, Ախթալայի, Ղրիմի Ս. Խաչ եւ մի քանի այլ եկեղեցիների եզակի որմնանկարչության փրկության գործին:

70-80-ական թվականներին Վազգեն Առաջին Վեհափառ կաթողիկոսի պատվերով Էմմա Կորխմազյանը ստեղծել է սրբապատկերներ Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի եւ միջնադարյան այլ մեծանուն վարպետների մանրանկարների հիման վրա, որոնք այսօր զարդարում են մեր եկեղեցիները Հայաստանում եւ սփյուռքում:

1960-ական թվականներից Էմմա Կորխմազյանը հիմնականում նվիրվում է հայկական մանրանկարչության ուսումնասիրման գործին: Նրա եռանդուն ջանքերն ուղղվում են Ղրիմի հայ միջնադարյան արվեստի ուսումնասիրմանը: 1976-ին լույս է տեսնում «Ղրիմի հայկական մանրանկարչութունը (XIV-XVII դդ.)» մեծարժեք գիրքը, որի շնորհիվ լույս սփռվեց հայ մատենական նկարչության մի նոր դպրոցի վրա: Գրքում վեր են հանվում ու մեկնաբանվում Ղրիմում ապրած տաղանդավոր հայ մանրանկարիչների գործերը, որոնք մինչ այդ ծանոթ չէին արվեստասեր լայն հասարակայնությանը:

1977-ին Էմմա Կորխմազյանն իր գործընկերուհու` Ի. Դրամփյանի հետ ընթերցողների սեղանին է դնում «Մատենադարանի գեղարվեստական գանձերը» գիրքը, 1987-ին` «Հայկական մանրանկարչությունը ըստ Մատենադարանի նյութերի» արժեքավոր աշխատանքը: «Մատենադարանի գանձերը» մատենաշարով տարբեր լեզուներով եւ տարբեր տարիներին լույս են տեսել հայ մանրանկարչության վերաբերյալ նրա գիտահանրամատչելի գրքույկները:

2006-ին իր գործընկերների հետ նա լույս ընծայեց «Մատենադարանի մանրանկարչական գանձերը» մեծադիր ալբոմը (ֆրանսերեն), որի ռուսերեն եւ անգլերեն տարբերակները գտնվում են տպագրության ընթացքում:

Կյանքի վերջին շրջանում լույս ընծայվեցին նրա «Ղրիմի հայկական մանրանկարչությունը» (2008 թ. ռուսերեն), «Ղրիմի Սուրբ Խաչ մենաստանը որպես Ղրիմում հայ մշակույթի կենտրոն» (Ֆ. Բաբայանի հետ, 2008 թ., ռուսերեն) մեծարժեք աշխատությունները:

Մինչեւ կյանքի վերջին օրերն աշխատում էր անմնացորդ նվիրումով: Նրա բազմաթիվ ծրագրեր մնացին անավարտ:

Հայ մանրանկարչությանը նվիրված ուշագրավ զեկուցումներով հանդես է եկել մի շարք հանրապետական, համամիութենական եւ միջազգային գիտաժողովներում: Էմմա Կորխմազյանը սերտ ստեղծագործական կապերի մեջ էր նշանավոր հայագետների ու արվեստագետների հետ ամբողջ աշխարհում: Նրա մտերիմ բարեկամներն էին Էրմիտաժում Անատոլի Լեոպոլդովիչ Յակոբսոնը եւ Տատյանա Ալեքսեեւնա Իզմայլովան, գերմանացի արվեստագետներ Հայդե եւ Հելմուտ Բուշհաուզենները:

Հիրավի, առանց Էմմա Կորխմազյանի հրատարակած աշխատանքների (նաեւ բազմաթիվ հոդվածների) դժվար կլիներ ամբողջական պատկերացում կազմել հայկական միջնադարյան կերպարվեստի մասին:

Հիանալի գիտնականը եւ նկարչուհին օժտված էր մարդկային եզակի հատկանիշներով: Անմոռաց կերպար, պայծառ էություն, մեղմ ու բարի, անսահման նվիրված եւ ներողամիտ, որ ջերմացնում էր մարդկանց սրտերը եւ հոգեւոր մթնոլորտ ստեղծում իր շուրջը: Էմմային ճանաչողները միշտ էլ այդպես են հիշելու նրան:

Մատենադարանի աշխատակիցներ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4