«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2009-01-15 | #4, 2009-01-16 | #5, 2009-01-17


«ՏՀԱՃ ԵԹԵՐ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Երեկ լրագրողների հետ հանդիպման էր եկել «Էքսպերտների միավորում» հասարակական կազմակերպության անդամ Նարեկ Մալյանը եւ տեղեկացրեց, որ հունվարի վերջից մեկ ամիս ժամկետով անց է կացվելու մոնիտորինգ, որի ընթացքում տարբեր հեռուստաեթերների 50 դրվագներ կներկայացվեն կազմակերպության հայտարարության տակ ստորագրող արվեստագետներն ու հեռուստադիտողները: Այնուհետեւ 15 օրվա ընթացքում կամփոփվեն «Տհաճ եթեր» մրցանակաբաշխության արդյունքները եւ կհանձնվեն մրցանակներ 5 տարբեր անվանակարգերով` գռեհիկ եթեր, անգրագետ հաղորդում, ցինիկ հեռուստագովազդ եւ այլն: Դեռ շատ հարցեր ու անվանակարգեր հստակեցված չեն եւ ամեն ինչ պարզ կդառնա ու կընդունվի կազմակերպիչների հրավիրելիք հասարակական քննարկման ընթացքում` հունվարի 21-ին, ժամը 13.00-ին «Կոնգրես» հյուրանոցում:

Մրցանակաբաշխության համակարգող Նարեկ Մալյանը նշեց. «Հայաստանյան հեռուստամշակույթը բախվել է անմակարդակության պատին: Քանի դեռ հասարակությունը չի ձեւավորում եթերի մասին սեփական պատկերացումների սանդղակը, եթերային գրագիտության իրավիճակը գնալով վատանալու է»: Հենց այդ իրավիճակը շտկելու մտահոգությամբ էլ նրանք նախաձեռնել են եթերային մշակույթի ձեւավորման հասարակական պահանջ եւ առաջարկում են բոլոր շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին միանալ նախաձեռնությանը: Մրցանակաբաշխության հայտարարությունն արդեն ստորագրել են 50 եւ ավելի արվեստագետներ: Սակայն առայժմ պարզ չէ, թե հստակ ովքեր եւ ինչ ճշտությամբ կարծիք կհայտնեն, քանզի մի բան պարզ է` շատ մտավորականներ, արվեստագետներ եթերից եթեր են վազում ու շատերը հեղինակային հաղորդումներ ունեն, ուստի այստեղ օբյեկտիվ կարծիքը բացառվում է:

Իսկ թե որքա՞ն գումար կպահանջվի, Նարեկ Մալյանը դժվարացավ ասել, բայց ճշտեց, որ 2006 թվականից գործող իրենց կազմակերպությունն ունի 50 անդամ եւ հենց նրանց անդամավճարներով էլ կփորձեն անցկացնել «Տհաճ եթեր» մրցանակաբաշխությունը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4