Նոր պիեսների որոնման ազգային նախաձեռնությամբ ստեղծված «Միդլ իսթ Ամերիկա» թատերական ընկերությունը, որի մեջ մտնում են Սան Ֆրանցիսկոյի «Գոլդըն Թրեդ Պրոդաքշընը», Նյու Յորքի «Լարկ փլեյ Դիվելոփմընտ սենթըրը» եւ Չիկագոյի «Սիլք Ռոուդ թեատըր պրոջեկտը» 2008-ի ականավոր դրամատուրգի մրցանակը շնորհել է հայազգի դերասանուհի եւ դրամատուրգ Ադրիանա Սեւանին: Այս մասին է տեղեկացնում «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Տասը հազար դոլարի մրցանակը շնորհվել է Սեւանին, որպեսզի նա մի նոր պիես գրի, որը կբեմադրվի կամ Սան Ֆրանցիսկոյում, կամ էլ Չիկագոյում: Ըստ Նյու Յորքի «Լարկ Սենթրի» տնօրեններիցՙ Ջոն Քլինթոն Այզների «Մեր ազգի եռանդուն ու նորարարական ավյունը հաճախ իր սնուցումն է ստանում ներգաղթողների պատմություններից եւ այս մրցանակը խթան է նոր բացահայտումներ անելու եւ հարստացնելու մեր խաղացանկը»:
Ադրիանա Սեւանի նախնիները նաեւ Դոմինիկյան Հանրապետությունից եւ Բասկերի երկրից են եղել: Ինքն ապրում է Նյու Յորքում եւ դասավանդում «Կալ-Արտս» կենտրոնում: Մեծ հայրն ու մեծ մայրը Եղեռնից մազապուրծ փրկվածներից են եղել: Նրա «Թռչելու պատրաստ» պիեսը 2005-ից սկսած, երբ առաջին անգամ է բեմադրվել «Քըրք Դուգլաս թատրոնում» Մայքլ Ռիչի եւ Դայան Ռոդրիգեսի ջանքերով, դրվատանքների է արժանացել թատերագիրների եւ գրաքննադատների կողմից: Ստացել է 2007-ի Սան Դիեգոյի թատերական գործիչների մրցանակը եւ ավարտական փուլ է հասել 2008-ի «լավագույն մենապատմողական» երկի Օդի մրցանակաբաշխության ներկայացված գործերից:
Որպես դերասանուհի հանդես է եկել մի շարք հեռուստատեսայինՙ «կարգ ու կանոն», «Սեքսը եւ քաղաքը», «Միավորը», «Վերջնաժամկետ» եւ «Դելլավենտուրա» կինոնկարներում: Վերջերս ավարտվել են «Բերք» ֆիլմի նկարահանումները, որտեղ նա Բարբարա Բարրիի եւ Ռոբերտ Լոգիայի խաղընկերուհին է:
Նորաստեղծ «Միդլ իսթ Ամերիկա» թատերական ընկերության նպատակն է հայտնաբերել ասիական եւ մերձավորարեւելյան ծագումով անհայտ գրողներին եւ նրանց պատմություններըՙ բեմականացնելով հարստացնել ամերիկյան մշակույթը:
«Մրցանակը» հիանալի խթան կլինի իմ հետագա գործունեության համար», ասել է Սեւանը:
Հ. Ծ.