Դատավարությունը սկսվեց ուղիղ ժամը 12-ին: Սկզբում սցենարն անփոփոխ էր: Մինչ դատարանի դահլիճ կմտներ նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը, բանտարկյալներն ավանդույթի համաձայն թերթ էին կարդում, զրուցում: Հերթական անգամ «Ոտքի, դատարանն է գալիս» արտահայտության ժամանակ ամբաստանյալները ոտքի չկանգնեցին, ինչի հետեւանքով դատավարությունը չսկսված հետաձգվեց: Չկայացած նիստից հետո Հակոբ Հակոբյանի փաստաբան Մելանյա Առուստամյանը լրագրողներին ներկայացավ հայտարարությամբ, թե Հակոբյանն առավոտյան իրեն շատ վատ է զգացել, սրտի հատվածում սուր ցավեր է ունեցել, սակայն նրան բռնի բերել են դատարան: «Այդ կապակցությամբ մենք պատրաստվում ենք դիմել համապատասխան մարմիններին, որովհետեւ կատարվածն օրենքի խախտում է», ասաց Առուստամյանը: ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նկատեց, որ դատավարությունը միտումնավոր հետաձգեցին, որովհետեւ «Պրեսկոտն ու Կոլոմբիեն ամենայն հավանականությամբ դժգոհ են հեռացել Հայաստանից»: Դատարանի բակում էլի նույն մարդիկ էին հավաքվել: Մոտավորապես 500 հոգի բղավում էին «Ազատություն բանտարկյալներին», «Մյուսը ես եմ լինելու» եւ նմանատիպ այլ արտահայտություններ, որին հաջորդում էին հայրենասիրական երգերն ու բանաստեղծությունները: Երբ հավաքվածները տեղեկացան, որ դատավարությունը կրկին հետաձգվել է, սկսվեց սուլոցների ու հայհոյանքների տարափ, որտեղ հիշատակվում էին ոչ միայն նախորդ եւ ներկա նախագահները, դատավորն ու ոստիկանները, այլեւ նրանց ընտանիքի անդամները, երեխաներն ու ծնողները: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից տեղեկացանք, որ «շուտով ժողովուրդը կվճռի ինչպես արտահայտի իր զայրույթը»:
«Բոլորս ոտքով դեպի դատախազության շենք», հայտարարվեց «հասարակության» վճիռը, ինչին հաջորդեցին հավաքվածների ծափողջույններն ու սուլոցները: Նախօրոք ուղարկված տեղեկատվությունը, թե ընդդիմադիրները երթ են կազմակերպելու մինչեւ «Մարիոթ» հյուրանոց` համազեկուցողներին ներկայացնելու իրենց դիրքորոշումները, փոխվել էր: Պարզվեց, որ ընդդիմադիրներից շատերն իբր չեն իմացել, որ զեկուցողները հունվարի 15-ի գիշերն արդեն մեկնելու էին Երեւանից:
Երբ ամբաստանյալներին հատուկ մեքենաներով տանում էին քրեակատարողական հիմնարկ, հավաքված ժողովուրդը սկսեց ծափահարել, կրկին հնչեցին լկտի հայհոյանքներ ոստիկանների հասցեին` «Սերժիկի ճորտից» մինչեւ «փալասներ», «այլանդակներ», «մարդասպաններ» ու «համասեռամոլներ»: Սկսվեցին քաշքշուկներ: Ոստիկանները չթողեցին, որ հավաքվածները երթ կազմակերպեն, ինչից ակտիվիստներն ավելի զայրացան ու մեկնարկեցին մասսայական ծեծկռտուքները: Ահագին ժամանակ Արշակունյաց պողոտայում երթեւեկությունը խափանված էր:
Ոստիկանների հետ երկխոսության մեջ մտած ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը բացատրում էր, որ երթը ոչ թե նախօրոք կազմակերպված էր, այլ ինքնաբուխ, «հետեւաբար ոստիկաններն իրավունք չունեն արգելելու»: (Մինչդեռ երթի մասին լրագրողները ծանուցվել էին նախօրոք) Ոստիկաններն էլ պատասխանում էին, որ հավաքվածներն իրենց հայհոյել են ու իրենք չեն կարող կարգը խախտել: Զուրաբյանն էլ խորհուրդ տվեց պատժել միայն օրինազանցներին:
Ի վերջո ընդհանուր եզրակացության չգալով, ոստիկանները դիմեցին ամենազավեշտալի մեթոդին, որ հնարավոր էր պատկերացնել: Նրանք հավաքվածներին հրելով նստեցնում էին պատահած տրոլեյբուսներն ու ավտոբուսները, որպեսզի խուսափեին արդեն սկսվող անկարգություններից:
Ընդդիմության բողոքի ակցիան շարունակվեց դատախազության շենքի մոտ: Ամբաստանյալների կանայք նամակ ուղարկեցին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` առաջարկով ներկայացնել դրույթները, որոնց համաձայն իրենց ամուսինները գտնվում են անազատության մեջ: Մոտավորապես 10-15 րոպե ակցիա անցկացնելուց հետո միտինգավորները կամաց-կամաց հեռացան:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ լրագրողների մոտ դժգոհեց ոստիկանների վարմունքից: «Ձեր դուրը գալի՞ս է, որ հավաքված կանայք հայհոյում են» հարցին Զուրաբյանը պատասխանեց, թե ինքը չի լսել, որ կանայք հայհոյեն: Մինչ լրագրողները փորձում էին համոզել, որ ասվածն անժխտելի իրողություն է, մոտեցավ ակտիվիստ կանանցից մեկն ու դեմքի գոհ արտահայտությամբ, դիմացինին հաճոյանալու ցանկությամբ ասաց. «Բա՞ն ա եղել: Հայհոյել եմ ու շարունակելու եմ հայհոյել: Ի՞նչ ա եղել»: Զուրաբյանն էլ շտապեց հայտարարել, որ ինքը պատասխանատու չէ օտարների արարքների համար:
«Յոթի գործով» հաջորդ դատավարությունը` հունվարի 30-ին:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ