Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի թղթակիցը, ամերիկյան լրատվամիջոցներն այս օրերին պատմում են Ջորջիա նահանգում բացահայտված մի հանձնախմբի մասին, որի չորս անդամները ենթադրաբար ռուսական մաֆիային պատկանող եւ ապօրինի ճանապարհով ԱՄՆ մուտք գործած հայ երիտասարդներ ենՙ Կարեն Խալաթյանը, Արա Ավտունին, Բորիս Թումանյանն ու Էդմոնդ Ալեքսանյանը:
FOXNews-ի ու CBS-ի հաղորդմամբՙ վերջիններս օգոստոսին Գլենդեյլից տեղափոխվել եւ հաստատվել են Ալֆարետա քաղաքում եւ ընդամենը մի քանի ամսում մտել քաղաքի պատմության մեջՙ որպես կեղծված կրեդիտ քարտերի միջոցով կատարված ամենամեծ կողոպուտի հեղինակներ: Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, հանցագործները շուրջ 4 ամսում ավելի քան 150 հազար դոլար են հափշտակել տեղի բնակիչներից: «Կասկածյալները կիրառել են ժամանակակից տեխնոլոգիաներիՙ մեզ հանդիպած ամենաառաջավոր միջոցները», ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Ջորջ Գորդոնը եւ մանրամասնել. «Հանձնախմբի մշակած սցենարը շատ լավ էր մտածված եւ կազմակերպված»: Նա նշել է, որ կասկածյալներից Կարեն Խալաթյանն աշխատանքի է տեղավորվել բենզալցակայաններից մեկում եւ գիշերային ժամերին, հաճախորդների կրեդիտ քարտերից լցակայանի տերմինալ ներմուծելու փոխարենՙ տեղափոխել է սեփական կրկնօրինակող մեքենայում, հույս ունենալով, որ Ալֆարետայի հարուստ բնակիչները չեն նկատի կողոպուտը: Տուժածների թիվն անցել է հարյուրից, որոնք դիմել են ոստիկանություն: Հանցագործությունը բացահայտելու համար տեղի ոստիկանությունը ստիպված է եղել դիմել հատուկ ծառայությունների ու խուզարկուների օգնությանը: Երկու ամիս շարունակվող քննությունից հետո իրավապահները խուզարկել են ձերբակալված ավազակախմբի վարձած բնակարանը, որտեղ էլ հայտնաբերվել է 50 հազար դոլար կանխիկ գումար, քարտերի բազմացման տեխնոլոգիաներ, ինչպես նաեւ 10 հազար դոլարի հերոին ու կոկաին:
Առայժմ ավազակախմբի երկու անդամներ ձերբակալվել են, մյուս երկուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ոստիկանության ներկայացուցիչը վստահեցնում է. «Մենք ի վերջո կգտնենք նրանց»: Կասկածյալներից յուրաքանչյուրին առաջադրվել են 100-ից ավելի մեղադրանքներ, եւ եթե դրանք ապացուցվեն, ապա նրանք բավական երկար ժամանակ կանցկացնեն դաշնային բանտերում:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ