«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2009-01-15 | #4, 2009-01-16 | #5, 2009-01-17


ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔԻՑ ԵՐԿՈՒ ԶՈՀ

Հունվարի 16-ի առավոտյան ժամը 8-ի սահմաններում Սյունիքի մարզի Գորայք գյուղի կաթի մթերման հյուրանոցային սենյակում աշխատակից Տիգրան Առուստամյանը հայտնաբերել է մեկ օրով Երեւանից իրենց մոտ գործուղված «Աշտարակ կաթ» ընկերության տրանսպորտային մենեջեր, 1953-ին ծնված Գեղամ Մարգարյանի եւ տեսուչ, 1985-ին ծնված Ակսել Բակունցի դիակները: Վերջիններս առավոտյան պետք է վերադառնային քաղաք, նախորդ օրը, աշխատանքն ավարտելուց հետո նրանց տեղավորել էին կաթի մթերման կետում առանձնացված գազի վառարանով ջեռուցվող հյուրանոցային սենյակում: Դեպքի վայրում տեխզննություն են իրականացրել օպերատիվ քննչական եւ «Հայռուսգազարդի» համապատասխան խմբերը: Ինչպես հավաստել է գազամատակարարման եւ գազաֆիկացման Սյունիքի մասնաճյուղի Սիսիանի տեղամասի պետ Հ. Խաչատրյանը, վառարանը եղել է գործարանային արտադրության, սարքին վիճակում, գազից օգտվելու անվտանգության նորմերը պահպանված են եղել: Սակայն այս ամենին զուգահեռ շինության երկրորդ հարկում, ուր առանձնացված են հյուրանոցային սենյակները, նախագծով գազատաքացուցիչներ տեղադրելու թույլտվություն չի եղել: Հ. Խաչատրյանը քիչ հավանական է համարում շմոլ գազից թունավորման վարկածը, քանի որ իրենց մասնագետները փորձարկել են վառարանը, նորմալ վիճակում են եղել նաեւ ծխատար ու օդատար խողովակները:

Իսկ դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքները ցույց են տվել, որ երկուսի մահն էլ վրա է հասել առավոտյան կողմՙ շմոլ գազից թունավորման պատճառով:

Դեպքի առնչությամբ կատարվում է հետաքննություն:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4