ՄՈՍԿՎԱ, 19 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում կայացած գազի խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առանձնազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը` հրավերն ընդունելու եւ համաժողովին մասնակցելու համար: Նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջեւ եղած հարաբերությունները` դրանք բնութագրելով որպես հուսալի եւ համարժեք հայ-ռուսական ռազմավարական փոխգործակցությանը:
ՌԴ նախագահը նկատել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն անհամեմատ ավելի հարմարավետ են, քան այն բարդ խնդիրները, որոնք քննարկվել են առանձնազրույցին նախորդած միջազգային համաժողովի ընթացքում: Ս.Սարգսյանն իր հերթին կարեւորել է էներգետիկ բնագավառում Ռուսաստանի եւ «Գազպրոմ» ընկերության հետ համագործակցությունը` այն գնահատելով որպես հուսալի եւ երկարաժամկետ շահերի վրա խարսխված: Նա ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանում երեք անգամ ընդլայնվել են գազի սպառման ծավալները, իսկ գազիֆիկացման մակարդակով Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում ոչ միայն ԱՊՀ տարածքում, այլեւ ողջ աշխարհում: