«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2009-01-16 | #5, 2009-01-17 | #6, 2009-01-20


ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ԼԱՎՆ ԵՆ, ԶԱՐԳԱՑՈՂ, ԸՆԴԼԱՅՆԵԼԻ

Բենիտա Ֆերրերո-Վալդները Հայաստանում

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տարածաշրջանային այցով երեկ Հայաստան ժամանած ԵՄ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերրերո-Վալդների հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը քննարկել է Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունները: Երեկ համատեղ ասուլիսում Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ կարեւորվել են ինչպես նախորդ տարվա նոյեմբերին նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Բրյուսել, այնպես էլ դրան հաջորդած դեկտեմբերին Եվրոհանձնաժողով-Հայաստանի ԱԳՆ հանդիպումները:

Բենիտա Ֆերրերո-Վալդներն իր հերթին ընդգծեց, որ հիմնվել են Հայաստան-Եվրոմիություն շատ լավ հարաբերություններ, իսկ այս կոնկրետ այցելության ընթացքում ավելի շատ քննարկվել են «Արեւելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ արեւելյան հարեւանների հետ քաղաքական ներգրավվածության մակարդակի էական ընդլայնմանը վերաբերող առաջարկները: Հանձնակատարի տարածաշրջանային այցելության ընթացքում կքննարկվի նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրերի իրականացումը յուրաքանչյուր երկրի կողմից:

Ըստ տկն Վալդների, «Արեւելյան գործընկերության» ծրագիրն ավելի շատ հնարավորություն է բարեփոխումների ավելի մեծ թափ արձանագրելու համար, ինչի համատեքստում էլ հանձնակատարը ողջունեց հայաստանյան կառույցներում ԵՄ փորձագետների նշանակման նոր նախաձեռնությունը, ինչի միջոցով հնարավոր կլինի ավելի շատ մոտենալ եվրոպական ստանդարտներին, հնարավոր կլինի առավելագույն արդյունք արձանագրել Հայաստանիՙ բարեփոխումների իրականացման ջանքերից:

Ընդհանրական առումով արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարն ընդգծեց ծրագրի շրջանակներում հակակոռուպցիոն կարեւորություն ունեցող դրույթները, ինչպես նաեւ առկա դժվարությունների հաղթահարման ջանքերին աջակցությունը, որին կհետեւի հենց հարեւանության ծրագիրը:

Այս տրամաբանության մեջ մայիսին ծրագրում ընդգրկված 6 երկրների մասնակցությամբ տեղի կունենա համաժողով, որի ընթացքում կստորագրվեն համաձայնագրեր, կմշակվեն աջակցության մեխանիզմները, կքննարկվեն վիզային ռեժիմին, էներգետիկ խնդիրներին, սահմանային հարցերին, վարկավորման ծրագրերին եւ այլ խնդիրներին վերաբերող հարցեր:

Քանի որ արտգործնախարարությունից հանձնակատարը պիտի մեկներ Հայաստանի նախագահի հետ հանդիպման, հարցադրումների շատ հնարավորություն չեղավ: Թեեւ հարցերին էլ առանձնակի պատասխան չտրվեց: Մասնավորապես այն հարցին, թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով-Հայաստան հարաբերություններում ձայնի իրավունքից զրկվելու հեռանկարն ինչպե՞ս կարող է ազդել Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունների վրա, Ֆերրերո-Վալդներն ընդհանուր պատասխան տվեց, թե հարցի լուծման համար պատասխանատվություն պիտի ցուցաբերեն ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը: Իսկ թե հունվարի 27-ին Ստրասբուրգում Հայաստանի հարցի քննարկումն ինչպես կազդի Եվրոմիության հետ հարաբերությունների վրա, մնաց անպատասխան:

Ղարաբաղյան հարցին առնչվող հարցադրումներին էլ հանձնակատարը պատասխանեց, որ Եվրոմիությունը հետաքրքրված է հարցի կարգավորմամբ, ընդունելի չէ ռազմական լուծումը, եւ միակ ելքը խաղաղ կարգավորումն է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4