«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2009-01-16 | #5, 2009-01-17 | #6, 2009-01-20


ՀԱՏՎԱԾ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ «ՀՈՒՅՍԻ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆԸ» ԳՐՔԻ «ԱՇԽԱՐՀԸ ՄԵՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԱՆԴԻՆ» ԳԼԽԻՑ

2006 թ.-ին «Նյու Յորք Թայմս» թերթի թիվ 1 բեսթսելըր հռչակված գրքի (Barack Obama «The Audacity of Hope») 8-րդ գլխի («The World Beyond Our Borders») այս թարգմանությունը նվիրում ենք Մ. Նահանգների 44-րդ նախագահի գահակալությանը, որը տեղի կունենա այսօրՙ ամերիկացիների ու ողջ աշխարհի ուշադրության ներքո: Նա կլինի՞ այն խիզախ նախագահը, որի հույսը փայփայում են բոլոր ժողովուրդները, այդ թվումՙ հայերս...


Միջազգային հարաբերությունների ասպարեզում վտանգավոր է մեկ առանձին երկրի փորձառության հիման վրա հետեւություններ կատարելը: Ամեն մի պետություն իր պատմությամբ, աշխարհագրությամբ, մշակույթով եւ հակամարտություններով առանձնահատուկ է: Այնուհանդերձ, Ինդոնեզիան շատ առումներով որպես օգտակար այլաբերություն է ծառայում մեր սահմաններից դուրս տարածվող աշխարհի համար` մի աշխարհի, ուր մշտապես բախվում են համաշխարհայնացումն ու այլամերժությունը, աղքատությունն ու լիությունը, արդիականությունն ու հնությունը:

Ինդոնեզիան նաեւ հարմար հուշագրություն է անցած հիսուն տարիների ընթացքում ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ: Գոնե ընդհանուր ուրվագծերով, այստեղ ամեն ինչ առկա է` մեր դերը նախկին գաղութներն ազատագրելու եւ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեւավորված աշխարհակարգը կառավարելուն նպաստող միջազգային կառույցներ ստեղծելու հարցում, մեր միտումը պետություններն ու հակամարտությունները սառը պատերազմի դիտանկյունից ընկալելու հարցում, մեր անխոնջ աջակցությունը ամերիկյան ոճի կապիտալիզմի ու բազմազգ տնտեսական կազմակերպությունների տարածմանը, մեր հանդուրժողականությունը բռնակալության, կոռուպցիայի եւ շրջակա միջավայրի վատթարացման հանդեպ եւ դրանց մերթ ընդ մերթ խրախուսումը, երբ դա ծառայում էր մեր շահերին, սառը պատերազմի ավարտից հետո մեր լավատեսությունը, թե «բիգ մաքերն» ու համացանցային կապը կհանգեցնեն պատմական հակամարտությունների ավարտին, Ասիայի աճող տնտեսական հզորությունը եւ Միացյալ Նահանգների` որպես միակ գերտերության, հարաճուն տագնապն այդ առթիվ, ըմբռնումը, որ ժողովրդավարացումը, գոնե կարճաժամկետ առումով, կարող է ավելի շուտ մերկացնել, քան թե մեղմացնել ազգային ատելությունն ու կրոնական երկպառակությունը, եւ որ համաշխարհայնացման հրաշալիքները կարող են նաեւ հեշտացնել տնտեսական անկայունությունը, համավարակ հիվանդությունների եւ ահաբեկչության տարածումը:

Այլ կերպ ասած, մեր նկարագիրը տարաբնույթ է` ոչ միայն Ինդոնեզիայում, այլեւ ողջ աշխարհով մեկ: Ամերիկյան արտաքին քաղաքականությունը մերթ ընդ մերթ եղել է հեռատես, միաժամանակ ծառայելով ինչպես մեր ազգային շահերին, մեր սկզբունքներին, այնպես էլ այլ երկրների շահերին: Եղել են եւ այլ ժամանակներ, երբ ամերիկյան քաղաքականությունը ընթացել է ոչ ճիշտ հունով, հիմնվելով կեղծ ըմբռնումների վրա, որոնք անտեսում են այլ ժողովուրդների օրինական ձգտումները, խարխլում մեր նկատմամբ վստահությունը եւ նպաստում են աշխարհն ավելի վտանգավոր դարձնելուն:

Նման երկիմաստությունը չպետք է զարմացնի, քանի որ ամերիկյան արտաքին քաղաքականությունը մշտապես եղել է հակամարտող ազդակների խառնակույտ: Հանրապետության վաղ շրջանում մեկուսացման քաղաքականությունը հաճախ գերակայում էր` իբրեւ օտարերկրյա խարդավանքների հանդեպ զգուշավորություն, ինչը հատուկ է անկախության պատերազմի արդյունքում նոր ձեւավորվող պետությանը: «Ինչո՞ւ, - հարցնում էր Ջորջ Վաշինգտոնն իր հռչակավոր Հրաժեշտի ուղերձում, - մեր ճակատագիրը միահյուսելով Եվրոպայի որեւէ մասի ճակատագրին, մեր խաղաղությունն ու բարեկեցությունը ներքաշենք եվրոպական իշխանատենչության, մրցակցության, շահերի, տրամադրությունների կամ փոփոխամտության ծուղակը»: Վաշինգտոնի տեսակետը զորացվում էր նրանով, ինչն ինքն անվանում էր «անջատ եւ հեռու տեղադրություն»ՙ աշխարհագրական առանձնացվածություն, ինչը նոր պետությանը հնարավորություն էր ընձեռում «զերծ մնալու արտաքին ոտնձգությունների նյութական վնասներից»:

Ավելին, թեպետ Ամերիկայի հեղափոխական ծագումն ու կառավարման հանրապետական ձեւը կարող էին նրան կարեկից դարձնել այլ վայրերում ազատության ձգտողների հանդեպ, Ամերիկայի վաղ շրջանի առաջնորդները նախազգուշացնում էին մեր ապրելակերպը արտահանելու գաղափարապաշտական փորձերից: Ջոն Քվինսի Ադամսի կարծիքով, Ամերիկան չպետք է գնա «արտասահմանՙ որոնելու բնաջնջման ենթակա հրեշներ», ոչ էլ «դառնա աշխարհի բռնապետ»: Նախախնամությունը Ամերիկային պարտավորեցրել է ստեղծել նոր աշխարհ, ոչ թե բարեփոխել հինըՙ պաշտպանված լինելով օվկիանոսով եւ օժտված լինելով մայրցամաքով: Ամերիկան լավագույնս կարող է ծառայել ազատության գործին` կենտրոնանալով իր սեփական զարգացման վրա, դառնալով հույսի փարոս այլ պետությունների եւ ողջ աշխարհի մարդկության համար:

Սակայն, եթե օտարերկրյա առնչությունների հանդեպ զգուշավորությունը դրոշմված է մեր ԴՆԹ-ում, ապա նույնը վերաբերում է նաեւ ծավալվելուՙ աշխարհագրականորեն, առեւտրապես եւ գաղափարապես ծավալվելու ձգտմանը: Թոմաս Ջեֆերսոնը վաղուց ի վեր իր դիրքորոշումն է արտահայտել սկզբնական տասներեք նահանգների սահմաններից դուրս ծավալվելու անխուսափելիության վերաբերյալ եւ այդպիսի ծավալման նրա ժամանակացույցը մեծապես արագացվեց Լուիզիանայի գնման գործարքով եւ Լյուիսի ու Քլարկի արշավախմբով: Նույն ինքըՙ Ջոն Քվինսի Ադամսը, որը նախազգուշացնում էր արտերկրում ԱՄՆ-ի արկածախնդրությունից, դարձավ մայրցամաքային ծավալման անխոնջ պաշտպան եւ վերածվեց Մոնրոյի դոկտրինի գլխավոր ճարտարապետի հայեցակարգ, որը զգուշացնում էր եվրոպական տերություններին Արեւմտյան կիսագնդի գործերից հեռու մնալու վերաբերյալ: Դեպի արեւմուտք եւ հարավ-արեւմուտք ամերիկյան զինվորների ու վերաբնակիչների անշեղ ընթացքի հետ մեկտեղ, իրար հաջորդող վարչակազմերը տարածքների միակցումը ներկայացնում էին «ակնհայտ կանխորոշված» խոսքերով: Դա մի համոզմունք էր, ըստ որի նման ընդլայնումը նախասահմանված էր, Աստծո ծրագրի մի մասն էր` ինչպես Էնդրյու Ջեքսոնն էր ասում, «ազատության գոտին» տարածելու մայրցամաքով մեկ:

Ակնհայտ կանխորոշվածությունն անշուշտ նշանակում էր նաեւ արյունալի եւ դաժան նվաճում` բնիկ ամերիկյան ցեղերի բռնի տեղահանում իրենց հողերից եւ մեքսիկական բանակի կողմից իրենց տարածքի պաշտպանություն: Դա նվաճում էր, որ ստրկության պես հակասում էր Ամերիկայի հիմնադիր սկզբունքներին եւ հակված էր արդարացվելու աներկմտորեն ռասիստական տերմիններով, նվաճում էր, որը ամերիկյան դիցաբանությունը մշտապես դժվարացել է լիովին կլանել, որը, սակայն, այլ երկրները գնահատել են ինչպես որ է` իբրեւ անսաhմանափակ իշխանության գործադրում:

Քաղաքացիական պատերազմի ավարտից եւ ներկայումս եղած մայրցամաքային Միացյալ Նահանգների հաստատագործումից հետո այդ իշխանությունն այլեւս անուրանալի էր: Մտադրվելով ընդլայնել շուկաներն իր ապրանքների համար, հումք ապահովել իր արդյունաբերության համար, ծովային ուղիները բաց պահել իր առեւտրի համար` պետությունն իր ուշադրությունը դարձրեց անդրծովյան երկրներին: Հավայան կղզիները միակցվեցին Ամերիկային, վերջինիս համար հենակետ ծառայելով Խաղաղ օվկիանոսում: Իսպանա-ամերիկյան պատերազմով ԱՄՆ-ի վերահսկողությանն անցան Պուերտո Ռիկոն, Գուամը եւ Ֆիլիպինները: Երբ Սենատի որոշ անդամներ առարկեցին յոթ հազար մղոն հեռավորության վրա գտնվող կղզեխմբի ռազմական գրավմանը, ինչը կպահանջեր ԱՄՆ-ի հազարավոր զինծառայողներ` Ֆիլիպինների անկախության շարժումը ճնշելու համար, սենատորներից մեկը պատճառաբանեց, որ այդ ձեռքբերումը Միացյալ Նահանգներին հնարավորություն կընձեռի օգտվելու Չինաստանի շուկայից եւ կնշանակի «հսկայական առեւտուր, հարստություն ու հզորություն»: Ամերիկան երբեք չէր ձգտելու եվրոպական պետությունների պես համակարգված գաղութացման քաղաքականության իրականացմանը, սակայն նա թոթափեց իր կողմից ռազմավարական առումով կարեւոր համարվող երկրների գործերին միջամտելու հարցում եղած բոլոր արգելանքները: Թեոդոր Ռուզվելտն, օրինակ, մի եզրակացմամբ հավելեց Մոնրոյի դոկտրինը, հայտարարելով, որ Միացյալ Նահանգները կմիջամտի լատինամերիկյան կամ կարիբյան որեւէ երկրի գործերին, եթե վերջինիս կառավարությունը համակրելի չդիտվի ԱՄՆ-ի կողմից: «Ամերիկայի Միացյալ Նահանգները զուրկ է աշխարհում մեծ դեր խաղալու կամ չխաղալու հարցում ընտրության հնարավորությունից, - պնդում էր Ռուզվելտը,- նա պետք է մեծ դեր խաղա: Միակ բանը, որի վերաբերյալ նա կարող է որոշում կայացնել, այդ դերը լավ կամ վատ կատարելն է»:

Այնուհետեւ, քսաներորդ դարի սկզբին, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության շարժառիթները կարծես հազիվ զանազանելի դարձան իրապաշտական քաղաքականությամբ եւ առեւտրական շահերով առաջնորդվող այլ մեծ տերությունների շարժառիթներից: Մեկուսացման քաղաքականության նկատմամբ բնակչության լայն շրջանակների հակվածությունը մնում էր կայուն, հատկապես երբ խոսքը վերաբերում էր Եվրոպայում եղած հակամարտություններին եւ երբ ԱՄՆ-ի կենսական շահերն ուղղակիորեն վտանգված չէին թվում: Սակայն նոր տեխնոլոգիաներն ու առեւտուրը կրճատում էին աշխարհի տարածությունները եւ ավելի ու ավելի դժվար էր դառնում որոշել, թե որ շահերն էին կենսական, որը` ոչ: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Վուդրո Վիլսոնը, խուսափում էր Ամերիկայի ներգրավումից, մինչեւ որ գերմանական սուզանավերի կողմից ամերիկյան նավերի բազմակի խորտակումները եւ Եվրոպական աշխարհամասի վերահաս կործանումը անհարիր դարձրին չեզոքությունը: Պատերազմի ավարտից հետո Ամերիկան վերածվեց աշխարհում գերիշխող տերության` մի տերության, որի բարգավաճումը Վիլսոնի ըմբռնմամբ այժմ կապված էր հեռավոր երկրներում խաղաղության եւ բարեկեցության հետ:

Այս նոր իրավիճակին անդրադառնալու կարգով էր, որ Վիլսոնը ձգտում էր վերամեկնաբանել Ամերիկայի ակնհայտ կանխորոշված առաքելության գաղափարը: Նա պնդում էր, որ աշխարհը «ժողովրդավարության համար ապահով» դարձնելը չէր սահմանափակվում միայն պատերազմում հաղթելով: Ամերիկայի շահերից է բխում քաջալերել բոլոր ժողովուրդների ինքնորոշումը եւ աշխարհին տրամադրել ապագայում բախումներից խուսափելուն նպաստող իրավական հիմք: Որպես Վերսալի պայմանագրի մաս, որը մանրամասնում էր Գերմանիայի անձնատուր լինելու պայմանները, Վիլսոնն առաջարկեց Ազգերի լիգան` պետությունների միջեւ հակամարտություններում միջնորդ լինելու համար, ինչպես նաեւ միջազգային դատարան եւ միջազգային իրավանորմերի համախումբ, որոնք պետք է պարտավորություններ դնեին ոչ միայն թույլերի, այլեւ ուժեղների վրա: «Սա է ամենաճիշտ ժամանակը, երբ ժողովրդավարությունը պետք է ապացուցի իր անարատությունը եւ գերիշխելու ոգեղեն կարողությունը, - ասում էր Վիլսոնը,- անշուշտ Միացյալ Նահանգների ակնհայտ կանխորոշված առաքելությունն է առաջնորդել այն ջանքերը, որոնք ուղղված են այդ ոգու գերիշխանության հաստատմանը»:

Վիլսոնի առաջարկները սկզբնապես խանդավառությամբ ընդունվեցին Միացյալ Նահանգներում եւ աշխարհում: Այնուհանդերձ, ԱՄՆ-ի Սենատը նվազ տպավորված էր: Սենատի հանրապետական առաջնորդ Հենրի Քեբոթ Լոջը գտնում էր, որ Ազգերի լիգան եւ միջազգային իրավունքի բուն հայեցակարգը ոտնձգություն են Ամերիկայի ինքնիշխանության դեմ, հիմար պարտադրանք, որը սահմանափակում էր աշխարհով մեկ իր կամքը թելադրելու Ամերիկայի կարողությունը: Աջակցություն ստանալով մեկուսացման քաղաքականությանՙ երկու կուսակցություններում էլ եղած ավանդական կողմնակիցներից (որոնցից շատերը ընդդիմացել էին Առաջին համաշխարհային պատերազմին ԱՄՆ-ի մասնակցությանը), ինչպես նաեւ ելնելով Վիլսոնի կողմից փոխզիջման գնալու հնարավորության համառ մերժումից, Սենատը հրաժարվեց վավերացնել Լիգայում ԱՄՆ-ի անդամությունը:

Հաջորդ քսան տարիներին Ամերիկան վճռականորեն վերակողմնորոշվեց դեպի ներսՙ կրճատելով իր բանակը եւ նավատորմը, հրաժարվելով անդամակցել Միջազգային դատարանին, անհաղորդ լինելով Իտալիայի, Ճապոնիայի եւ նացիստական Գերմանիայի կողմից իրենց ռազմական կառույցների հզորացմանը: Սենատը վերածվեց մեկուսացման քաղաքականության օրրանիՙ ընդունելով Չեզոքության ակտը, որը Միացյալ Նահանգներին արգելում էր վարկերով աջակցել այն երկրներին, որոնք ենթարկվել էին Առանցքի տերությունների հարձակմանը եւ բազմիցս անտեսելով Եվրոպայով մեկ հիտլերյան բանակների ռազմերթի հետ կապված ԱՄՆ-ի նախագահի դիմումները: Միայն Փիրլ Հարբորի ռմբակոծությունից հետո, որ Ամերիկան գիտակցեց իր սոսկալի սխալը: «Մի աշխարհում, ուր ավազակության կանոններն են իշխում, որեւէ պետության կամ որեւէ անհատի համար ալեւս չկա այնպիսի բան, ինչպիսին է անվտանգությունը, - իր ազգային ուղերձում հարձակումից հետո նշեց Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը,- մենք այլեւս չենք կարող մեր անվտանգությունը որեւէ քարտեզի վրա չափել մղոնների միավորներով»:

Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում Միացյալ Նահանգները հնարավորություն էր ստանալու այս դասերը կիրառելու իր արտաքին քաղաքականությունում: Մի իրավիճակում, երբ Եվրոպան ու Ճապոնիան վերածվել էին ավերակների, Խորհրդային Միությունը արնաքամ էր եղել արեւմտյան ռազմաճակատում իր մղած մարտերում, սակայն արդեն իսկ նշաններ էր դրսեւորում բռնատիրական համայնավարության իր տարբերակը հնարավորին հեռուները տարածելու ուղղությամբ: Ամերիկան կանգնած էր ընտրության առջեւ: Կային աջակողմյաններ, որոնք պնդում էին, թե միայն միակողմանի արտաքին քաղաքականությունը եւ Խորհրդային Միության դեմ անհապաղ ռազմարշավը կարող են արգելափակել համայնավարության ձեւավորվող սպառնալիքը: Թեպետ մեկուսացման քաղաքականության` երեսնականներին գերիշխող տարբերակն այժմ արդեն հիմնովին վարկաբեկված էր, կային նաեւ ձախակողմյաններ, որոնք նվազեցնում էին խորհրդային հարձակման վտանգը, պնդելով, թե հաշվի առնելով Խորհրդային Միության կորուստները եւ այդ երկրի էական դերը դաշնակիցների հաղթանակի գործում, Ստալինի նկատմամբ պետք է լինել զիջողամիտ:

Ամերիկան չգնաց այդ ուղիներից ոչ մեկով: Դրա փոխարեն, երկրի հետպատերազմյան ղեկավարներ նախագահ Թրումենը, Դին Էչիսոնը, Ջորջ Մարշալը եւ Ջորջ Քենանը կերտեցին նորՙհետպատերազմյան աշխարհակարգ, որը Վիլսոնի գաղափարապաշտությունը զուգակցեց սթափ իրապաշտության հետՙ որպես Ամերիկայի հզորության եւ ողջ աշխարհում իրադարձությունները վերահսկելու Ամերիկայի կարողությամբ հանդերձ զսպվածության անհրաժեշտության ճանաչում: Այո, պնդում էին այս մարդիկ, աշխարհը վտանգավոր վայր է եւ խորհրդային սպառնալիքն էլ իրական է: Ուստի Ամերիկային անհրաժեշտ է պահպանել իր ռազմական գերակշռությունը եւ պատրաստ լինել ուժի կիրառման` ի պաշտպանություն ողջ աշխարհում իր շահերի: Սակայն անգամ Միացյալ Նահանգների հզորությունը սահմանափակ էր. քանի որ համայնավարության դեմ պայքարը նաեւ գաղափարների պայքար էր, մի փորձություն, թե որ համակարգն ավելի լավ կծառայեր ողջ աշխարհի միլիարդավոր մարդկանց հույսերին ու երազանքներին, ռազմական հզորությունը միայնակ չէր կարող ապահովել Ամերիկայի երկարաժամկետ բարգավաճումը կամ անվտանգությունը:

Ինչի կարիք որ Ամերիկան այդ ժամանակ ուներ. կայուն դաշնակիցներն էին, դաշնակիցներ, որոնք մեզ հետ համակարծիք էին ազատության, ժողովրդավարության եւ իրավական պետության սկզբունքների հարցում եւ որոնք իրենց շահագրգիռ էին դիտարկում շուկայական հարաբերությունների վրա հիմնված տնտեսական համակարգում: Նման դաշինքներըՙ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, որոնց անդամակցումը լինում է ազատ կամքով եւ որոնք գոյատեւում են փոխադարձ համաձայնությամբ, ավելի մնայուն կլինեին եւ նվազ դիմակայություն կհարուցեին, քան ավատատու պետությունների որեւէ հավաքակազմ, որ կարող էր ապահովել ամերիկյան իմպերիալիզմը: Նույն կերպ Ամերիկայի շահերից էր բխում այլ երկրների հետ համատեղ աշխատելը միջազգային կառույցներ ստեղծելու եւ միջազգային իրավանորմերի կիրարկմանը նպաստելու համար: Ոչ թե պարզամիտ ենթադրության պատճառով, թե միջազգային իրավանորմերն ու պայմանագրերը միայնակ կդադարեցնեին պետությունների միջեւ հակամարտությունները կամ կվերացնեին ամերիկյան ռազմական գործողությունների կարիքը, այլ որքան ավելի ուժեղանար միջազգային իրավանորմերի դերը եւ որքան Ամերիկան ավելի շատ ցույց տար իր հզորությունը գործադրելու հարցում ունեցած զսպվածությունը, այնքան ավելի քիչ կծագեին առճակատումեր եւ էլ ավելի արդարացված կդիտվեին մեր գործողությունները միջազգային տեսանկյունից, երբ մենք հարկադրված լինեինք գործելու ռազմականորեն:

Վերջըՙ հաջորդիվ

Թարգմանությունը` ԱՐԾՐՈՒՆ ԽԱՆՋՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4