«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջն այս օրերին բազմաթիվ խոսակցություններ կան այն մասին. որ ընդդիմադիր կեցվածք է որդեգրելու եւ դուրս է գալու կոալիցիայից, որ վարչապետին քննադատում է, քանի որ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն է ուզում վարչապետ դառնալ, որ փետրվարի 12-ին սպասվելիք համագումարին Ծառուկյանը անակնկալներ է խոստացել, իսկ էքստրեմալ քաղաքականության սիրահարների տարածած ասեկոսեներով այդ համագումարի հայտնությունն է լինելու Ռոբերտ Քոչարյանը, որը ելույթ է ունենալու: Մի խոսքով, բոլորի, եւ հատկապես լրագրողների հետաքրքրությունն ավելի է սրվել հանդեպ «Բարգավաճը», ու երբ երեկ լրագրողներին հրավիրեցին Ազգային ժողովի Ծառուկյանի առանձնասենյակ, ներկայացնելու մամուլի նրա նոր խոսնակին, լրագրողները կուտակված հարցերով փորձեցին հենց նրան էլ դիմել, սակայն վերջինս, որի անունը Խաչիկ Գալստյան է, բավական գրագետ խուսանավում էր բուն հարցադրումներից: Անակնկալները բացահայտելու համար լրագրողներին խորհուրդ տվեց սպասել եւս երեք շաբաթ` մինչեւ ԲՀԿ-ի համագումարը, ասաց, թե Ծառուկյանը վարչապետ դառնալու հավակնություն չունի, իր մտադրությունների մասին նա հայտարարում է վաղօրոք, իսկ ընդդիմադիր կեցվածք որդեգրելու հետ կապված էլ նկատեց, թե մեկ քվեարկությամբ չի որոշվում ընդդիմադիր լինելը (նկատի ուներ ԱԺ-ում հարկային փաթեթին ԲՀԿ-ի «դեմ» քվեարկելը): «Անակնկալ-անակնկալ են ասում, մենք սիրուն շորեր հագնում-գալիս ենք, անակնկալ չի լինում», դժգոհեց լրագրողներից մեկը: Ծառուկյանը, պատասխանելով անակնկալի վերաբերյալ հարցին, վերջերս ասել էր, թե անակնկալը հենց նրանով է անակնկալ, որ մինչեւ վերջ մնում է անակնկալ:
Ասենք, որ ԲՀԿ մամուլի քարտուղարի փոփոխություն չի եղել , մամլո քարտուղարը մնում է իր պաշտոնին, իսկ Խաչիկ Գալստյանը կատարելու է անձամբ Ծառուկյանի մամլո քարտուղարի պարտականությունները. «Մենք թիմային աշխատանքի մեջ ենք, ես մի օղակն եմ, ներկայացնում եմ ավելի շատ պրն Ծառուկյանի անձը», ասաց նա «Ազգին» :
Լրագրողական փորձ չունեցող մամուլի խոսնակի կրթական ցենզը բավականին բարձր է, ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության, հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետը, քաղաքական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Եվ ընդհանրապես, ներկայանալի մարդու տպավորություն թողեց, թեեւ նրա հիմնական խնդիրն այս պահին, փաստորեն, ըստ էության որեւէ մեկնաբանություն չտալն էր կուտակված հարցերին:
Մ. Խ.