«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2009-01-16 | #5, 2009-01-17 | #6, 2009-01-20


ՆԱԽԱԴՐՅԱԼՙ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԸ

Եվրոմիություն արտահանելու համար

Հայաստանի օրգանական գյուղմթերքների արտադրությամբ զբաղվող ընկերությունները սերտիֆիկատ կստանան «Էկոգլոբ» ընկերությունից: Այդ իրավունքը վերջինս ստացել է գերմանական DAP հավատարմագրող կազմակերպությունից: Այդ սերտիֆիկատն ունեցող հայկական ընկերությունները հնարավորություն կունենան իրենց արտադրանքն արտահանելու եւ իրացնելու Եվրոմիության երկրներում: Այս կապակցությամբ երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Էկոգլոբ»-ի տնօրեն Նունե Դարբինյանը նշեց, որ օրգանական գյուղատնտեսությունը նոր ուղղություն է Հայաստանի համար, որը հիմնված է մաքուր, առանց քիմիական նյութերի սննդի արտադրության վրա: Նա շեշտեց, որ «սա մի նախադրյալ է, որը հնարավորություն կտա ճիշտ գործելու, ինչպես նաեւ մրցունակ լինելու միջազգային շուկայում»:

Հայաստանում սերտիֆիկատ են ստացել օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող 4 ընկերություններ, որից «Թամարա Ֆրութի» արտադրանքն արդեն մուտք է գործել եվրոպական շուկա: Ընկերությունն անցյալ տարի հյութեր է արտահանել Չեխիա, իսկ այս տարի նախատեսում է սառեցված մրգեր արտահանել Հունգարիա: Նունե Դարբինյանը հայտնեց, որ սերտիֆիկացման գործընթացը տեւում է 1-3 տարի: Նա նաեւ նշեց, որ դրանով նախադրյալ է ստեղծվում, որ Հայաստանը, թեեւ սահմանափակ ծավալներով, բարձր որակի արտադրանքով մրցակցի եվրոպական շուկայում:

Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը , նշելով, որ Հայաստանի հողատարածությունները, ինչպես նաեւ արտահանման հնարավորությունները մեծ չեն, կարեւորեց միավոր տարածքի վրա բարձրորակ եւ թանկարժեք արտադրանքի աճեցումն ու արտահանումը: «Կարող ենք արտադրել եւ արտահանել էկոլոգիապես մաքուր ծիրանի չիր, դեղաբույսեր, բանջարեղենի տարբեր տեսակներ եւ վերամշակված արտադրանք: Այս ամենի համար կարեւոր էր այդ իրավունքի ստացումը», ասաց փոխնախարարը: Նա նաեւ հայտնեց, որ Հայաստանի սննդի առեւտրի կետերում վաճառվում են «էկոլոգիապես մաքուր» գրությամբ ապրանքատեսակներ, որոնք ոչ միշտ են համապատասխանում այդ մակնշմանը: «Հայաստանում այս կամ այն չափով 40 կազմակերպություններ զբաղվում են օրգանական գյուղատնտեսությամբ, բայց ոչ բոլորն են սերտիֆիկացված: Եթե տվյալ ընկերությունը համապատասխան սերտիֆիկացում չունի, այդ դեպքում եվրոպական երկրների սպառողը չի հավատա, որ արտադրատեսակն էկոլոգիապես մաքուր է: Այդ պարագայում մեր արտադրանքը նաեւ մրցունակ չի լինի», փաստեց Սամվել Ավետիսյանը: Ըստ նրա, «Էկոգլոբը», որպես այդ գործընթացի սկզբնավորող, գյուղատնտեսական հավաստագրված ապրանքների համար ճանապարհ է բացում դեպի եվրոպական շուկա:

DAP կազմակերպության ներկայացուցիչ Յոխեն Նոյենդորֆն ասաց, որ «Էկոգլոբը» առաջին կազմակերպությունն է տարածաշրջանում, որ ստացել է օրգանական գյուղմթերքների սերտիֆիկացման իրավունք: Նրա հավաստմամբ, օրգանական գյուղատնտեսությունը սկիզբ է առել Գերմանիայում 25 տարի առաջ եւ այդ ճյուղն այդ երկրում տարեկան աճում է 10 տոկոսովՙ անգամ ներկայիս ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Յոխեն Նոյենդորֆը ընդգծեց, որ օրգանական գյուղմթերքն ավելի թանկ է, բայց սպառողը պետք է իմանա, որ վճարում է էկոլոգիապես մաքուր եւ առողջարար մթերքի համար:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4