«Գիշերները հաճախ երազ եմ տեսնում, թե ինչպես եմ փորձում պարել լարի վրա, սակայն կամ լարն է կտրվում, կամ ես եմ ընկնում: Երազներս կարծես հուշում են, որ իմ ժամանակն անցել է», կարոտով պատմում է 77-ամյա Կնյազ Մհերյանը :
Ընտանիքի կամքին հակառակ Կնյազ պապը ժամանակին որոշել է լարախաղաց դառնալ ու 48 տարի շարունակ մեծ հաջողությամբ ներկայացրել այս զուտ հայկական ֆոլկլորային արվեստը ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: «Ծնողներս գաղթել էին Մուշից: Մայրս պատմում էր, թե ինչպես էին փահլեւանները հայրենիքում զվարճացնում ժողովրդին իրենց խաղով, երգ-երաժշտությամբ, նրա պատմածները մեծ տպավորություն էին գործում ինձ վրա: Հայրս արգելում էր, ասում էր` լաո, գիր սովորի, մինչեւ երբ պետք է օդում թռչես: Բայց սիրտս թռիչքի էր ձգտում», պատմում է Կնյազ պապը:
Երրորդ դասարանի աշակերտ էր, երբ իրենց գյուղ եկած փահլեւանների ուրախ թափորը, գույնզգույն շորերն ու խաղը տեսավ եւ սիրտն ընկած դողը մոռացնել տվեց դաս ու դպրոց: Հաջորդ օրն իսկ իրենց տան բակում փայտերին պարան կապեց ու փորձեց քայլել դրա վրայով: «Երրորդ անգամ փորձելուց հետո կարողացա հանգիստ քայլել: Այդպես ինքնուրույն սովորեցի պարել լարի վրա», վերհիշում էր Կնյազ Պապը ու պատմում, որ 15 տարեկան էր, եղբոր հետ Երեւան է եկել ու քաղաքի բակերից մեկում պատահաբար հանդիպել ներկայացում տվող լարախաղացների: Նրանց վարպետը եղբոր խնդրանքով Կնյազին թույլատրում է մասնակցել իրենց խաղին ու գնահատելով նրա ընդունակություններըՙ վարպետը տղային աշակերտ է վերցնում ու շուրջ մի տարի Կնյազը Հայաստանով մեկ շրջում է նրա խմբի հետ ու մասնակցում ներկայացումներին:
Կնյազ Մհերյանը հիշում է, որ ժողովուրդը մեծ հարգանքով էր վերաբերվում լարախաղացներին, հիվանդ երեխաներին անցկացնում էին լարի տակով, հավատալով բուժման հնարավորությանը:
Լարի վրա պարելու արվեստը Հայաստանում գոյություն է ունեցել դեռեւս հեթանոսական ժամանակաշրջանից, երբ պարողներին համարում էին կիսաստվածներ: Քրիստոնեական շրջանում, Սուրբ Կարապետի հովանու ներքո նրանք կրկին համարվում էին աստվածաշնորհ մարդիկ, որոնք երկիրը կապում էին երկնքի հետ: «Խորհրդային տարիներինՙ մինչեւ Ստալինի մահը, փահլեւանությունն արգելված էր, խաղում էինք գաղտնի: 1958 թվականից աշխատել եմ պետական ֆիլհարմոնիայում, ներկայացումներով հանդես եմ եկել Մոսկվայի Մեծ թատրոնում, Պետերբուրգի ու Կիեւի թատրոններում», տեղեկացրեց Կնյազ պապը: Նա հպարտությամբ հիշում է, թե ինչպես է Կրեմլի Համագումարների պալատի 6400 հոգանոց դահլիճը սրտի տրոփյունով հետեւել իր խաղին. «Ելույթ էի ունենում պարի պետական անսամբլի հետ, որը պարում էր «Բերդ» պարը: Նրանք երկու հարկանի շրջան էին կազմել, իսկ վերեւում լարի վրա պարում էի ես: Դահլիճում վախի ու հիացմունքի բացականչություններ էին, իսկ օթյակում բուռն ծափահարում էին Բրեժնեւն ու Խրուշչովը»: Վարպետը շրջել է նաեւ Միջին Ասիայի երկրներում` ամենուր մեծ ընդունելության արժանանալով: Նա նաեւ նկարահանվել է «Քաոս», «Ձորի Միրո», «Հին օրերի երգը», «Կարինե», «Անուշ» ֆիլմերում լարախաղացության տեսարաններում: Կնյազ պապը ցավով նշում է, որ աշակերտ չի ունեցել ու չի կարողացել փոխանցել իր գաղտնիքները երիտասարդ սերնդին: «Առաջարկ չեմ ունեցել աշակերտ պահելու: Փորձել եմ որդուս սովորեցնել իմ արվեստը: Այժմ երիտասարդների հետաքրքրությունների շրջանակն այլ է: Այժմ մի տղայի գիտեմ, որը տիրապետում է լարախաղացության արվեստին, բայց պարզ չէՙ հետագայում կշարունակի այս ուղղությամբ, թե՞ ոչ»:
1991 թվականից վարպետը այլեւս չի զբաղվում լարախաղացությամբ: «Ընտանիքիս անդամները արգելեցին, ասելով, որ արդեն տարիքս անցել է: Բայց իմ սիրտը դեռ թրթռում էր, մեջս ուժ էի զգում, կարող էի տասը տարի էլ պարել», ափսոսանքով նշում է նա:
ՌՈԻԶԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ