«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2009-01-17 | #6, 2009-01-20 | #7, 2009-01-21


ՕԲԱՄԱՅԻ ԾԱՆՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Անգլիական հեղինակավոր «Ինդիփենդենտ» թերթի Մերձավոր Արեւելքի երկարամյա թղթակից Ռոբերտ Ֆիսքը ստորեւ «Արմինյն միրոր սփեքթեյթրից» թարգմանաբար ներկայացվող հոդվածում ակնկալում է, որ Օբաման «կվճարի» Բուշի անցած ութ տարիների մոլորությունների համար:


Ինչպե՞ս է նորընտիր նախագահ Օբաման շտկելու իր չարակամ ու ստախոս նախորդի պատճառած ավերածություններն ինչպես աշխարհում, այնպես էլ Մ. Նահանգներում:

Անցյալ նոյեմբերին Վաշինգտոնում 6 ալժիրցիների դատական լսումների ժամանակ դատապաշտպաններն իմացան մի շարք տարօրինակ փաստեր ամերիկյան հետախուզության վերաբերյալ: Աշխարհով մեկ տարածված ամերիկացի լրտեսներից ստացված մի զեկուցագրում, օրինակ, ահազանգ էր հնչեցվում, որ Խաղաղ օվկիանոսի հարավային կղզիներից մեկում տեղակայված Մ. Նահանգների նավատորմային բազայի դեմ օդային հարձակում է նախապատրաստվում: Խնդիրն այն է, որ այդ տարածքի կղզիներում ամերիկյան բազա ոչ եղել է, ոչ էլ երբեւէ 7-րդ նավատորմի ռազմանավերը այցելել են այդ շրջանը: Մեկ ուրիշ զեկույց ամենայն լրջությամբ տեղեկացնում էր, որ Ուսամա բեն Լադենին են տեսել Արեւելյան Ասիայում` Մ. Նահանգների ռազմական բազայի մոտերքում գտնվող փոստային բաժանմունքում գնումներ կատարելիս:

Աշխարհով մեկ «ահաբեկչության դեմ պատերազմում» Մ. Նահանգների շահերը «պաշտպանողների» կողմից նման անհեթեթ լուրերի տարածումը վկայում է, թե ինչպիսի երեւակայական մթնոլորտում էր գործում Բուշի վարչակազմը անցած ութ տարիների ընթացքում: Եթե կարելի է հավատալ, որ բեն Լադենը գնումներ կարող է կատարել ամերիկյան բազայի մոտակայքում, ապա հեշտությամբ կարելի է հավատալ նաեւ, որ բոլոր ձերբակալվածներն ահաբեկիչներ են, բոլոր արաբները մահապարտներ են, որոնց պետք է չարչարել կամ ոչնչացնել, որ օրինական է ներխուժելը օտար ինքնավար երկրներ եւ հետեւելը մարդկանց հեռախոսային խոսակցություններին:

Ամերիկյան սահմանադրության նմանօրինակ խախտումները Ջորջ Բուշի ժամանակ անթիվ-անհամար էին: Ինչպե՞ս է Բարաք Օբաման շտկելու իր նախորդի պատճառած տիտանական սխալները:

Ժամանակին Ջոն Քենեդին ասել էր, որ «Մ. Նահանգները երբեք պատերազմ չի սանձազերծի»: Բուշ-ռամսֆելդյան նախաձեռնումներից, Աբու Ղրեյբի, Բագրամի եւ Գուանտանամոյից հետո ինչպե՞ս է Օբաման իր երկիրը վերադարձնելու անցյալի երանելի օրերը: Նույնը կարելի է ասել լորդ Բլերից ժառանգություն ստացած Գորդոն Բրաունի մասին: Ամերիկայի ամենասերտ դաշնակիցը համարվող բրիտանացիներն այսուհետեւ չեն կարողանալու մուտք գործել Ամերիկա առանց անվտանգության պարտադիր ստուգումներ անցնելու, ըստ նոր օրենքի, որն ընդունվել է թշվառական նախագահի ընդմիշտ հեռանալուց մի քանի օր առաջ: Ուրիշ զարմանալի նորություններ կմատուցի՞ արդյոք Բուշը: Բայց եկեք խոստովանենք, որ ոչինչ այլեւս մեզ չի զարմացնում:

Օբաման պարտավոր է փակել Գուանտանամոն: Նա պարտավոր է նաեւ աշխարհից ներողություն խնդրելու ձեւը գտնել բոլոր այն հանցանքների համար, որ իր նախորդն է գործել: Հեշտ չէ, իհարկե, բայց նա պետք է կատարի այն, եթե իրոք իր խոստացած «բարեփոխումը» ինչ-որ բան նշանակում է: Նա պետք է վերստին խորհրդածի, քննարկի եւ անհրաժեշտության դեպքում ամբողջովին քանդի «ահաբեկչության դեմ պատերազմի» հայեցակարգը: Նա պետք է դուրս գա Իրաքից, դադարեցնի այնտեղ գտնվող ամերիկյան հսկայական ավիաբազաների ֆինանսավորումը: Պետք է դադարեցնի հարավային Աֆղանստանում օդային հարձակումները եւ, ինչու չէ, նաեւ մի քանի «ճշմարտություններ բացահայտի» Իսրայելին, հատկապես այն հարցում, որ Ամերիկան այլեւս չի կարող չքննադատել նրա վայրագ հարձակումները Մերձավոր Արեւելքում: Նա պետք է իսրայելական քարոզչությանը դեմ կանգնի եւ չեղյալ համարի Բուշի 2004 թվի համաձայնությունը Արեւմտյան ափի որոշակի մասը Իսրայելին հանձնելու վերաբերյալ: Ավելին, նա պետք է «Համասի» եւ Իրանի պաշտոնական այրերի հետ բանակցի եւ դադարեցնի Պակիստանի եւ Սիրիայի դեմ օդային հարձակումները:

Ծանր բեռ է ընկած Օբամայի ուսերին:

Ամերիկայի դաշնակիցները Մերձավոր Արեւելքում ակնկալում են, որ ուժեղ վերահսկողություն սահմանվի ամերիկացի զինվորականների գործողությունների վրա: Որոշ ապացույցներ կան, որ անցյալ հոկտեմբերին Սիրիայի վրա չորս ուղղաթիռների հարձակումը պաշտոնական Վաշինգտոնի կամ Բաղդադի ամերիկյան կենտրոնի կողմից «հաստատված չէին»: Այդ հարձակումներից 8 հոգի մահացան:

Կա նաեւ այսպես կոչված «անհայտ կորած» բանտարկյալների խնդիրը: Խոսքը Գուանտանամոյում կտտանքների ենթարկված (եւ ենթարկվող) զոհերի մասին չէ, այլ այն հազարավորների, որոնք գտնվում են Ամերիկայի արտաքին դաշնակիցների բանտերում: Որոշ տվյալներով` 20 հազար մարդ է անհայտ կորածի կարգավիճակում, բոլորը` արաբներ, բոլորը` մահմեդականներ: Որտե՞ղ են նրանք: Կարելի՞ է ազատել նրանց: Ո՞ղջ, թե՞ արդեն սպանված: Եթե այնպես պատահի, որ Օբաման նաեւ ժառանգի նրանց զանգվածային գերեզմանները, ապա նրա ներողությունների ցուցակը շատ է երկարելու:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4