Մեդվեդեւի սանկցիան ընդդեմ Վրաստանին զենք մատակարարողների
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 27-ին քննարկելու է Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքը: Վերջին օրերին այնքան է խոսվել ոչ միայն այդ բանաձեւերի կատարման, իսկ ավելի շուտ` չկատարման դեպքում ԵԽԽՎ-ում Հայաստանի ձայնազուրկ դառնալու հեռանկարի մասին, որ մնում է միայն հուսալ, որ այդ բոլոր խոսակցություններն ու քննարկումները իրականություն չեն դառնա:
ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում եւս մեկ հարց կա, որ դեռեւս նախորդ աշնանային նստաշրջանում քննարկվող բանաձեւի պայմանների համաձայն, կարող էր ձայնազուրկ դարձնել եւս մեկ պատվիրակության` ռուսաստանյանին: Հասկանալի ու անվիճելի է, թե թեկուզ ԵԽԽՎ-ում հավասարությունն ու ժողովրդավարությունը պաշտպանելու փորձ անող պատվիրակներն իրականում ինչ շահեր կարող են հետապնդել ու դրանից էլ ելնելով ինչ դիրքորոշում կարող են որդեգրել Հայաստանի ու Ռուսաստանի հանդեպ:
Ամեն դեպքում, Ռուսաստանի առնչությամբ ԵԽԽՎ ընդունած բանաձեւի շատ յուրահատուկ կետերից մեկը վերաբերում է այնպիսի մի խնդրանք-պահանջի, ինչպիսին Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչման որոշման վերանայումն է, որի առումով դեռեւս աշնանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, որ որոշման վերանայում չի լինի, այն այլեւս պատմություն ու սկիզբ է դրել տարբեր գործընթացների, որոնք չեն վերադառնա ի շրջանս յուր:
Եվ քանի որ մոտեցել է այդ խնդրանք-պահանջի կատարումը ԵԽԽՎ-ում գնահատելու ժամանակը, ապա քայլեր է ձեռնարկում ոչ միայն Ռուսաստանը, այլեւ նույն Եվրոպան: ԵԽԽՎ նախագահական հանձնաժողովը ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչի ղեկավարությամբ օրերս եղավ Մոսկվայում` քննարկելու ռուս-վրացական պատերազմի հետեւանքներն ու դրանց տրվելիք գնահատականները: Այս առումով հետաքրքրական է, որ Ռուսաստանի մասով սպասվող նոր բանաձեւում, ըստ ԵԽԽՎ նախագահի խոսքերի, որ փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ին, դեռեւս չեն հնչում առաջարկություններ նույն բովանդակությամբ, այն է` Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչումը վերանայելու մասին:
Ռուսաստանը, իր հերթին, ի դեմս ՌԴ Պետդումայի միջազգային հանձնաժողովի եւ ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակության նախագահ Կոնստանտին Կոսաչեւի, հայտարարել է, թե Ռուսաստանը կգնա ԵԽԽՎ բանաձեւի կատարմանը եւ կաջակցի Հարավային Կովկասի իրավիճակին առնչվող բանաձեւին, եթե եվրոխորհրդարանականները մեղմեն իրենց դիրքորոշումը:
Ամեն դեպքում, Ռուսաստանը Վրաստանին եւ Հարավային Օսիային ու Աբխազիային վերաբերող որեւէ հարցում հետքայլ չի կատարել, ավելին, գնալով խորացվում ու զարգանում են արդեն իսկ հիմնած պաշտոնական հարաբերությունները, խստացվում է Ռուսաստան-Վրաստան շփման ձեւաչափը, ընդունվում են ուղղակի այդ հարցին առնչվող որոշումներ:
Մասնավորապես, օրերս հնչեց նաեւ Ռուսաստանի նախագահի նոր որոշումը, որ նախ վերաբերում է ՌԴ բոլոր մարմիններին, գերատեսչություններին, ֆիզիկական անձանց, որոնց արգելվում է հրամանն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2011-ի դեկտեմբերի 1-ը Վրաստանին մատակարարել, վաճառել կամ հանձնել ռազմական կամ երկակի նշանակության արտադրանք: Արգելվում է Վրաստանին առնչվող ռազմական կտրվածքի որեւէ գործողության համար օգտագործել հաղորդակցության ուղիները, արգելվում է անգամ խորհրդատվությունը:
Մեդվեդեւի հրամանը վերաբերում է նաեւ Վրաստանին զինող երկրների հետ ՌԴ համագործակցությանը: Ռուսաստանը, համաձայն այդ որոշման, կսահմանափակի իր ռազմական համագործակցությունն այն երկրների հետ, որոնք զինում են Վրաստանին, ընդ որում, այդպիսի երկրների, կազմակերպությունների, անգամ անհատների նկատմամբ Ռուսաստանը պատրաստվում է տնտեսական հատուկ միջոցներ կիրառել: Ըստ փորձագետների, Մեդվեդեւի այս որոշումն, ըստ էության, նոր երեւույթ է ռուսաստանյան արտաքին քաղաքականության մեջ ու առաջին հերթին զգուշացում է Արեւելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրներին եւ Ուկրաինային:
Վրաստանը, ի դեմս արտգործնախարարության, իր մտահոգությունն է հայտնել այսօրինակ որոշման առնչությամբ, պնդելով, որ այդ որոշմամբ Ռուսաստանը փորձում է էմբարգո հաստատել Վրաստանի նկատմամբ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ