«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2009-01-17 | #6, 2009-01-20 | #7, 2009-01-21


ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԽՈՐՀՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԹԵՄԱՅՈՎ

Թեպետ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը կյանքում փորձում է առաջնորդվել Բուլգակովի «Կողմնակից եմ աշխատանքի բաժանմանը» ասույթի դրույթներով եւ բոլորին խորհուրդ է տալիս զբաղվել ու քննարկել միայն սեփական գործունեությունը, սակայն չհրաժարվեց անդրադառնալ քաղաքական զարգացումներին: Մանավանդ որ շուտով ԵԽԽՎ-ում քննարկվելու է Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը: Վերջին մի քանի ամիսներին Անանյանը նկատում է լուրջ առաջընթաց, տեղաշարժեր, ինչը հիմք է տալիս ՀԳՄ նախագահին լավատեսորեն տրամադրվելու, որ ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից չեն զրկի: «Տեղաշարժերին չպետք է սեւ ակնոցով նայենք: Պետք է եղածը արժեւորենք: Իհարկե, ողջունելի կլիներ, որ մինչեւ դեկտեմբերի վերջը կարողանայինք պահանջների գլխավոր կետերն իրագործել, սակայն դա տեղի չունեցավ: Հասարակությունն էլ կարծես չի փորձում որեւէ կերպ օգնել: Ընդդիմությունն ավելի հակված է, որ այդ կետերը չկատարվեն, իշխանությունը եռանդ, լուրջ եւ պատասխանատու մոտեցում չի ցուցաբերում: Ընդհանուր թնջուկը բերել է այն իրավիճակին, որ կանգնել ենք հարցականի առաջ», ասում է Անանյանը` վստահեցնելով, որ շարունակում ենք Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի բարդույթները:

«Իսկ ո՞վ է դատավորը», հարցրեց ճարտարապետ Լեւոն Իգիթյանն ու ներկայացրեց իր փաստարկները: «Արդեն 5000 տարի հակառակորդներին շանս ենք տալիս, մինչդեռ ոչ մի բան չենք սովորել: Երկար ու խոր չենք սիրում մտածել: Մեզ միշտ թվացել է, թե մեր փոխարեն պետք է ուրիշները խորհեն: Եվրոպայում չէ՞ր, որ Հարավսլավիայի նման երկիր քանդեցին, ռմբակոծեցին, Եվրոպան մի տարածք չէ՞, որտեղ տղամարդկանց եկեղեցում ամուսնացնում են միմյանց հետ: Չեմ հասկանում, թե ով ում պետք է դատի: Մեզ դրել ենք միամիտի տեղ: Մեզ թվում էր, թե իշխանությունում հրեշներ են: Մեկ էլ հանկարծ երկնքից հրեշտակների դեսանտ իջավ, թե կարող է մեզ փրկել: Ի՞նչն է փրկելու, որ ջիփերը չլինե՞ն, թե՞ առանձնատները», ասում է Իգիթյանը` նկատի ունենալով արմատական ընդդիմությանը:

Անանյանը նշում է, որ հասարակության մեջ գոյություն ունի լուրջ բեւեռացում, ինչը պառակտում է ազգը: «Ագրեսիան, որ մտել է մեր հոգեբանության մեջ, լավ բան չի խոստանում: Մեզ այսօր առաջնորդում է ընդամենը երկու բան` հաց եւ սկանդալ: Ոչ ոք չի մտածում, որ իրենք պատասխանատու են մեր երկրի, ժողովրդի առաջ, վերջապես այն սերնդի, որի արժեքային համակարգն ամբողջովին փոխվել է»:

«Այսօր «էլիտար» հասկացության իմաստն է փոխվել: Ինչքան «բոսյակ» կա, իրեն էլիտա է համարում: Երբ նայում էի մարտի 1-ի կադրերը, զարմանում էի, որ դրանք հայերն էին», մտահոգություն է հայտնում ճարտարապետը:

Թեպետ ըստ Լեւոն Անանյանի Հայաստանի ձայնը «շատ խզված» է, սակայն Եվրոպայում ըմբռնումով կմոտենան ու ճնշումներ չեն լինի: Ճարտարապետն էլ վստահ է, որ ձայնից չեն զրկի, թեպետ «մեր երկրում կան հազարավորները, ովքեր երազում են, որ Հայաստանին զրկեն ձայնի իրավունքից»: Թե ինչ կլինի, երբ հունվարի 27-ին Հայաստանին զրկեն ձայնի իրավունքից, Անանյանը կեսլուրջ-կեսկատակ նշում է, որ «Էլի արեւը արեւելքից դուրս կգա, կրկին Գազայի հատվածում կշարունակվեն ռմբակոծությունները, էլի Աբգար Ափինյանը կշարունակի զառանցանքներ թափել Գրողների միության հասցեին: Մենք էլ պետք է այդ փորձությանը դիմակայենք»:

Եթե Թուրքիայում մտավորականները ներողություն են խնդրում, իսկ Ֆրանսիայում շնորհակալություն հայտնում, ապա հայ մտավորականները նամակով հիշեցնում են Թուրքիայի նախագահին իրենց պահանջատիրական կեցվածքի մասին: Անանյանը կարծում է, որ գործողությունների հաջորդ հանգրվանը Թուրքիայի հանրային կարծիքը ձեւափոխելու եւ ճշմարտությանն ուղղորդելու ջանքերն են լինելու: «Բացի այդ, փորձում ենք Հայաստանի եւ Թուրքիայի գրողների միությունների միջեւ կամուրջներ ստեղծել` հետագա գործակցության ակնկալիքով»:

Ինչ վերաբերում է Ռազմիկ Դավոյանի կազմակերպած ստորագրահավաքինՙ Անանյանն ասաց. «Դարձել ենք ստորագրահավաքի, արտահերթ ընտրությունների, գործ տվողների հասարակություն: Դա էլ հենց մեր հասարակության հերթական բաղադրիչներից է եւ շատ տարօրինակ կլիներ, եթե հանկարծ ՀԳՄ-ում չլիներ այն ամենը ինչ կատարվում է հասարակության մեջ: Ստորագրահավաքն ի վերուստ դատապարտված ձեռնարկ է, բայց կան մարդիկ` «աբիժնիկներ» նախորդ իշխանություններից, նախորդ գրողական ղեկավարությունից: Ստորագրահավաքն արդեն տարի ու կես իրականացնում են, բայց չեն կարողանում մի քանի տասնյակ ձայն հավաքել: Որքան տեղյակ եմ, հավաքել են 22 ձայն, որից կեսն էլ իրենք են ստորագրել», եզրափակեց Անանյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4