Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով, այս տարվա հունվար-դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական աճը կազմել է 6,8 տոկոս: Փաստորեն աճի տեմպն այս տարի էապես նվազել է: Համեմատության համար նշենք, որ 2007-ին Հայաստանի տարեկան տնտեսական աճը կազմել էր 13,8 տոկոս: Թեեւ դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ունեցել է 23,7 տոկոսի աճ, դա տարեկան աճի տեմպի անկման միտումը չի կասեցրել: Հարկ է արձանագրել, դեկտեմբերին նոյեմբերի համեմատ տնտեսության բոլոր ճյուղերը նույնպես աճ են արձանագրել, մինչդեռ նոյեմբեր ամսին գրեթե բոլոր ցուցանիշները հոկտեմբեր ամսվա համեմատ անկում էին ունեցել: Սա խոսում է մեկ այլ երեւույթի մասին եւս:
Միջազգային ֆինանսական ճգնաժամը Հայաստանի տնտեսության կարեւոր ճյուղերի (հանքարդյունաբերություն, շինարարություն եւ այլն) վրա ունեցած ազդեցության գագաթնակետը եղել է նոյեմբերին: Ինչպես նշել էինք մեր նախորդ հրապարակումներում, թեեւ ճգնաժամի ազդեցությունը դեռ կշարունակի դրսեւորվել եւ սոցիալական խնդիրները դրա հետ կապված կուժեղանան առաջիկա ամիսներին, բայց մեր տնտեսությանը ճգնաժամի հասցրած ամենաուժեղ հարվածն արդեն մնացել է հետեւում:
Համախառն ներքին արդյունքը կազմել է 3 տրիլիոն 650 մլրդ դրամ: Շինարարության աճը կազմել է ընդամենը 1,7 տոկոս: Ծառայությունների ոլորտում աճի տեմպը բարձր է մնացել, կազմելով 13,8 տոկոս: Արդյունաբերության աճը կազմել է 2 տոկոս, իսկ առանց էներգետիկայիՙ 0,8 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 3,7 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը հունվար-դեկտեմբերին ունեցել է 1,3 տոկոս աճ, իսկ մանրածախ առեւտրաշրջանառությունըՙ 4,4 տոկոս: Դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ արձանագրել է առեւտրաշրջանառության 76,4 տոկոսի աճ, ինչը բնականաբար պայմանավորված է եղել նախատոնական առեւտրով:
Արտաքին առեւտրաշրջանառությունը 2008-ին ավելացել է 24 տոկոսով եւ կազմել 5 մլրդ 480 մլն դոլար: Արտահանման ծավալները նվազել են 7,2 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 69 մլն դոլար: Ներմուծումը կազմել է 4 մլրդ 411 մլն դոլար, աճելով 35 տոկոսով: Արտահանման-ներմուծման բացասական հաշվեկշիռը կազմել է 4 մլրդ 342 մլն դոլար:
Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում օգոստոսին կազմել է 91 հազար դրամ, մասնավոր հատվածումՙ 113 հազար դրամ, բյուջետայինումՙ մոտ 64 հազար դրամ: Աշխատավարձերի միջին աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 17,4 տոկոս:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ