Ճյուղի խնդիրների քննարկում կառավարությունում
Կառավարությունում երեկ քննարկվել են Հայաստանի թեթեւ արդյունաբերության խնդիրները, մասնակցել են նաեւ այդ ճյուղի ձեռնարկությունների ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի տրամադրած հաղորդագրությունից, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ խորհրդակցությունը նպատակ ունի հստակեցնելու պետության աջակցության հնարավորությունները եւ այն համատեղ ջանքերը, որոնք թույլ կտան հաղթահարել համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում առաջացող դժվարությունները:
Խորհրդակցության սկզբում էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ներկայացրել է միջազգային շուկայում եւ Հայաստանում թեթեւ արդյունաբերության զարգացման միտումները: Վերլուծությունը ներառել է նաեւ ստեղծված վիճակից դուրս գալու կարճաժամկետ եւ երկարաժամկետ առաջարկություններ: Ձեռնարկությունների ներկայացուցիչները եւս ներկայացրել են իրենց խնդիրները եւ դրանց լուծմանն ուղղված առաջարկները:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, վարչապետ Տիգրան Սարգսյանն այն բաժանել է երկու մասի: Առաջինըՙ նա հիշեցրել է մասնավոր հատվածի օժանդակության ծրագրերի քննարկման նպատակով կառավարությունում ստեղծված օպերատիվ շտաբի մասին, ակնկալելով ոլորտի գործարարներից իրենց հայտերում ներկայացնել ինչպես առկա դժվարությունների հստակ նկարագրությունը, այնպես էլ դրանց հաղթահարման հարցում գործարարի պատկերացումներն ու պետությունից ակնկալիքը:
Երկրորդը, որ ընդգծել է Տիգրան Սարգսյանը, թեթեւ արդյունաբերության ճյուղում պետական իրատեսական ծրագրի մշակման անհրաժեշտությունն է, որի շնորհիվ կհստակեցվի Հայաստանի տնտեսության մեջ ու նաեւ համաշխարհային շուկայում հիշյալ ճյուղի հեռանկարը: Նա ընդգծել է, որ պետությունը պարտավոր է հստակ պատկերացնել ներկայումս թեթեւ արդյունաբերության ճյուղում գործող 151 ձեռնարկությունների եւ շուրջ երեքուկես հազար աշխատողների ապագան` խորհրդակցելով ճյուղի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:
Քննարկման ընթացքում էկոնոմիկայի նախարարի ներկայացրած կարճաժամկետ եւ երկարաժամկետ առաջարկություններն արժանացել են խորհրդակցության մասնակիցների հավանությանը: Վարչապետը հանձնարարել է էկոնոմիկայի նախարարին երկշաբաթյա ժամկետում ամփոփել գործարարների առաջարկությունները եւ միջոցառումների ծրագիր ներկայացնել:
Ա. Մ.