«ՎՏԲ Հայաստան բանկին» Եվրոբանկից 10 մլն դոլար վարկ տրամադրելու արարողության ժամանակ ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) երեկ 10 մլն դոլար տրամադրեց «ՎՏԲ Հայաստան բանկին»ՙ փոքր բիզնեսի ֆինանսավորման նպատակով: 3 մասնաբաժիններով այդ վարկի տրամադրման մասին պայմանագիրը «Նովոստի» գործակալությունում ստորագրեցին Հայաստանում ՎԶԵԲ ներկայացուցիչ Մայքլ Վայնստինը եւ «ՎՏԲ Հայաստան բանկի» գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Վալերի Օվսյաննիկովը վարկի ստորագրումը համարեց Եվրոբանկի հետ երկարատեւ համագործակցության տրամաբանական շարունակությունը: Մայքլ Վայնստինն իր հերթին այս գործարքը բնութագրեց լավ այն առումով, որ դա նախ խոշոր գործարք էր, ապա, որ միջոցներն ուղղվելու են փոքր բիզնեսի ֆինանսավորմանը: Փոքր բիզնեսի ֆինանսավորումը ՎԶԵԲ-ի քաղաքականության անկյունաքարն է եւ այս առումով բանկի քաղաքականությունը համընկնում է Հայաստանի կառավարության մոտեցումների հետ: Եվրոբանկի ներկայացուցիչը նաեւ նշեց, որ ֆինանսական ճգնաժամի պայմաններում բանկը շարունակելու է ավելացնել իր ֆինանսավորման ծավալներն ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում: Նա հայտնեց, որ եթե 2008-ին Հայաստանի բանկերի հետ ստորագրվել է 63 մլն եվրո վարկերի տրամադրման պայմանագրեր, ինչը 23 տոկոսով ավելի է նախորդ տարվանից, ապա այս տարի հուսով է, որ այդ ցուցանիշը կկազմի 80 մլն եվրո:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նույնպես այս վարկային պայամանագրի ստորագրումը համարեց խոշոր իրադարձություն մեր բանկային համակարգի համար: Նա նշեց, որ ՎԶԵԲ-ը մեր շուկայի ամենաակտիվ մասնակիցներից է եւ լավագույն գործընկերը: Ըստ Արթուր Ջավադյանի, Եվրոբանկը մի շարք երկրներում սառեցրել է իր գործունեությունը, իսկ Հայաստանում նոր ներդրումներ է կատարում, որովհետեւ մեր բանկային համակարգը խնդիրներ չունի եւ գտնվում է կայուն վիճակում:
Ներկայացնելով Հայաստանի բանկային համակարգի 2008-ի արդյունքները, ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ մեր բանկերի ակտիվներն աճել են 30 տոկոսով, կապիտալիզացիանՙ 40 տոկոսով: Վարկավորման ծավալները վերջին եռամսյակում նույնպես ավելացել ենՙ 150 հազար վարկ է տրամադրվել ֆիզիկական անձանց եւ 2 հազար վարկՙ իրավաբանական անձանց:
Որքա՞ն է փոքր բիզնեսի վարկավորման պահանջարկը հարցին պատասխանելով, Արթուր Ջավադյանը հայտնեց, որ ըստ անցկացրած ուսումնասիրություններիՙ մոտ 250 մլն դոլարի վարկավորման պահանջարկ ունի այս տարի այդ ոլորտը: Մայքլ Վայնստինը նշեց, որ Եվրոբանկից հայկական բանկերին փոքր բիզնեսի համար տրված բոլոր վարկերը արագ տեղաբաշխվում են, իսկ Վալերի Օվսյաննիկովն ասաց, որ «ՎՏԲ Հայաստան բանկը» 2009-ին մտադիր է փոքր բիզնեսի վարկավորման ծավալը հասցնել 50 մլն դոլարի:
Փոխարժեքի քաղաքականությանն անդրադառնալով, ԿԲ նախագահը հայտարարեց, որ մնացել է նույնՙ «լողացող» քաղաքականությունը, որ եղել է նաեւ ԿԲ նախկին նախագահների ժամանակ: Ինչ վերաբերում է բորսայում իրականացվող ԿԲ-ի միջամտություններին, ապա դա օրենքով վերապահված իրավունք է: Կենտրոնական բանկը դիմում է նման միջամտությունների, քանի որ ֆինանսական կայունության ապահովումն այս պահին գերնպատակ է: Արթուր Ջավադյանը հերքեց այն լուրերը, թե պահուստներից 100 մլն դոլար է ծախսվել, ասելով, որ ԿԲ բոլոր գործողությունները թափանցիկ են եւ դրանց կարելի է ծանոթանալ: Նա նաեւ հայտնեց, որ արտաքին պահուստների հետ կապված որեւէ խնդիր չկա, այս պահին դրանք ավելին են, քան երեք ամսվա ներմուծման ծավալները: Ամեն դեպքում փոխարժեքի կայունության ապահովմանն ուղղված միջամտությունները, ԿԲ նախագահի հավաստմամբ, ժամանակավոր են:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ